«Մենք հաղթեցինք, որովհետև մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը, ընտանիքը, օջախը, այն հողը, որի վրա ապրում են մեր երեխաները: Հաղթեց մեր ուժը, մեր հավատը, մեր միասնությունը»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը։
Նրա խոսքով՝ մենք հաղթեցինք, որովհետև բարբարոսություն, գազանություն, միջազգային իրավունքի տարբեր խախտումներ թույլ չտվեցինք. «Մենք ի վիճակի չենք վիրավոր կամ մահացած զինվորին գլխատել, դպրոցականի վրա կրակել, մեծահասակին երբեք չենք սպանի, ականջները չենք կտրի: Նրանք այդ ամենն արեցին։ Սլոյան Քյարամի գլուխը ցույց տալով՝ պարծենում ու հրճվում էին։ Ես հավատացած եմ, որ եթե մեզնից մեկը նման բան աներ, մենք կատեինք նրան»,- նշեց բանախոսը:
Ամո Շարոյանի համոզմամբ՝ սա փորձություն էր, որից չի կարելի դասեր չքաղել. «Մենք պետք է բոլոր փաստերը ներկայացնենք մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական և Հաագայի միջազգային քրեական դատարաններ: Քսան-երեսուն տարի առաջ ներկայացնելու դեպքում միգուցե անհետևանք մնար, բայց այսօր նրանք իրենց վերաբերմունքը ցույց կտան, կգնահատեն՝ ով է ագրեսոր, ում են տարբեր զինատեսակներ մատակարարում»,- ասաց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև