«ԼՂՀ-ում տեղի ունեցած մեր հանդիպումների հիմնական խնդիրն էր` օգնել կողմերին կայունացնել իրավիճակը եւ ձեռնարկել միջոցներ, որոնք ուղղված կլինեն նրան, որ ռազմական գործողություները չկրկնվեն: Նշեմ, որ մեր մանդատի մեջ չի մտնում հետաքննության անցկացումը: Կողմերը մտադիր են, համենայնդեպս, պատրաստակամություն են հայտնում պահպանելու հրադադարը: Խոսել ենք այն մասին, թե ինչ է պետք անել` խաղաղությունը պահպանելու համար: Մեր հիմնական խնդիրն է` կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջը:Քննարկել ենք նաեւ որոշ հարցեր` կողմերի միջեւ վստահությունը վերականգնելու ուղղությամբ: Այդ քննարկումներն առաջիկայում էլ կշարունակենք եւ կրկին կայցելենք տարածաշրջան»,-այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
Նա հավելեց, որ ըստ Մինսկի խմբի համանախագահների` կարեւոր խնդիր է զոհվածների մարմինների վերադարձը, որով ներկայում զբաղվում է Կարմիր խաչը. «Առիթից օգտվելով` ցավակցություն եմ հայտնում կոնֆլիկտի ժամանակ զոհվածների ընտանիքների անդամներին եւ հարազատներին»,-նշեց Պոպովը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ