Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության իշխանությունների անհամարժեք և անպատասխանատու վարքագիծը»

Ապրիլ 09,2016 18:24

2016 թ. ապրիլի 1-ից 7-ը ժամանակահատվածում բաժանարար գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից լայնածավալ գործողությունների հետևանքով, և որպես դրանց ի պատասխան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի գործողությունների արդյունքում հակամարտող կողմերը կրեցին հարյուրից ավելի մարդկային կորուստներ՝ զոհվածներ, անհայտ կորածներ։ Ռազմական գործողությունների վերսկսմանը նախորդեց հակամարտության գոտում վերջին երեք-չորս տարիների ընթացքում սպառազինությունների աննախադեպ մրցավազքը, որին անթաքույց և հրապարակավ նպաստում էին Ռուսաստանի Դաշնության իշխանությունները:

Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր, Ռուսաստանի Դաշնության իշխանությունները նման քաղաքականությամբ խախտեցին հակամարտության կարգավորման երեք կարևոր սկզբունքներից մեկի՝ խաղաղ կարգավորման և ուժի չգործադրման սկզբունքի բուն բովանդակությունը։ Ըստ էության, լրջորեն վտանգվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման ուղղությամբ երկար տարիներ գործադրված ջանքերը, համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության ոչ համարժեք գործողությունների հետևանքով:

Միջազգային հանրության և հակամարտության կողմերի առջև բազմիցս բարձրացրել ենք սպառազինությունների մրցավազքի, ԵԱՀԿ սովորական սպառազինությունների պայմանագրի սկզբունքների և չափորոշիչների խախտման մասին մեր մտահոգությունները:

Հաշվի չառնելով 2016 թ.-ի ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների հետևանքով մարդկային կորուստները՝ զոհվածներ, անհետ կորածներ, ռազմագերիներ, Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչները շարունակում են հայտարարել հակամարտության կողմերին սպառազինություն վաճառելու և տրամադրելու մասին։ Մարդկանց ճակատագրերի, նրանց կյանքի անվտանգության հանդեպ նման աննախադեպ, անպատասխանատու վարքագիծը, այլևս պետք է լրջորեն մտահոգի միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին։

Ռուսաստանի Դաշնությունը չի հրաժարվում սպառազինությունների մրցավազքի, ռազմականացման մակարդակի բարձրացմանն ուղված իր գործողություններից, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն հակամարտության գոտում լարվածության հետագա մեծացմանը, ռազմական գործողությունների վերսկսմանը և նորանոր մարդկային զոհերին:

Հաշվի առնելով, որ իրադարձությունների զարգացումը սպառնալիքներ է պարունակում տարածաշրջանում բնակվող մարդկանց մարդու հիմնարար իրավունքների, նրանց խաղաղության իրավունքի նկատմամբ՝ գտնում ենք, որ միջազգային հանրությունը, հանձինս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵՄ-ի, պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը անկանխատեսելի զարգացումներից զերծ պահելու ուղղությամբ:

Սույն հայտարարությամբ դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության իշխանությունների անհամարժեք և անպատասխանատու վարքագիծը, միաժամանակ դիմում ենք միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ, անհապաղ միջոցներ ձեռնարկել կոնֆլիկտի գոտում Ռուսաստանի Դաշնության կողմից սպառազինությունների իրացման գործողությունները միջազգային օրակարգի քննարկման հարց դարձնելու, դրանք դատապարտելու և կասեցնելու նպատակով:

Հայտարարությունը բաց է միանալու համար:

Միանալ ցանկացողները կարող են ուղարկել իրենց տվյալները հետևյալ էլ. փոստի հասցեին՝[email protected]:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930