Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքերը միշտ պատրաստ են թիկունքից հարվածելու՝ ինչը ակնհայտ դարձավ սիրիական պատերազմում»

Ապրիլ 09,2016 18:09

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը`ՌԴ վարչապետի եւ փոխվարչապետի հայտարարությունների մասին

– Երեկ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարեց, որ ՌԴ-ն, պայմանավորվածությունների համաձայն, շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին եւ Հայաստանին: Այսօր, այդ մասին խոսել է նաեւ ՌԴ վարչապետը: Ուշագրավ էր, որ ըստ Ռագոզինի, Ադրբեջանը եվս ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է: Այս իրավիճակում ՌԴ-ի նման քայլը չի՞ նշանակում, ուղղակի սպասարկել ագրեսոր Ադրբեջանի գործողությունները:

-Իրոք տարօրինակ հայտարարություն էր: Ստեղծված իրավիճակում, ակնկալվում էր, որ ՌԴ-ն կդատապարտի Ադրբեջանի ագրեսիան և հարձակողական ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ:  Հարավային Կովկասը կրկին վերածվում է վառոդի տակառի եւ ամեն վայրկյանն կարող է պայթել: Եթե Ադրբեջանը վերջնականապես չդադարեցնի իր ռազմական գործողությունները, չհրաժարվի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունից և չընդունի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը, ապա կստացվի, որ ՌԴ-ն զինում է իր ռազմավարական գործընկերներին միմյանց դեմ, որի արդյունքում մարդկային արյուն է թափվում: Ինձ համար տարօրինակ է, որ թուրք-ադրբեջանական այժմյան տանդեմի պարագայում, Ռուսաստանը շարունակում է սիրաշահել Ադրբեջանին, վերջինիս համարելով ռազմավարական գործընկեր փորձեր է անում պոկել նրան Թուրքիայից և դարձնել վերահսկելի: Ցավոք թուրքերը միշտ պատրաստ են թիկունքից հարվածելու՝ ինչը կրկին ակնհայտ դարձավ սիրիական պատերազմում:

– Չեք կարծում, ո՞ր պաշտոնական Երեւանի`վերջին օրերի կոշտ դիվանագիտական լեզուն պետք է նաեւ գործողություններով ուղեկցվի: Ասենք, ՀՀ-ի`ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը վերանայելու հնարավորությունները դիտարկենք:

– ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական կառույց է, իսկ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական համակարգ: Երկու կազմակերպություններն էլ իհարկե դեռևս կատարյալ չեն, բայց դրա մասին չէ, որ մենք հիմա պետք է մտածենք:

– Իսկ միջազգային կառույցներում այսուհետ հայկական պատվիրակությունների ոչ ռուսամետ դիրքորոշումների ականատեսը կլինե՞նք: Կամ Հայաստանում գործող ռուսական ընկերությունների կոռուպցիոն սխեմաները կբացահայտվե՞ն:

– Բայց ինչո՞ւ եք կարծում, որ մեր պատվիրակությունները ռուսամետ են կամ հակառակը: Միշտ էլ եղել են խնդիրներ, որոնց շուրջ մենք համագործակցել ենք ռուս գործընկերների հետ և միշտ էլ եղել են հարցեր, որտեղ տեսակետները տարբերվել են: Հայկական պատվիրակությունները կենսական շահերի նկատմամբ միշտ էլ զգայուն են, այնպես, ինչպես օրինակ հակամարտություններին ու անվտանգությանն առնչվող հարցերն են:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930