Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավորների առողջական  վիճակում կա դրական շարժընթաց

Ապրիլ 09,2016 17:33

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին: Նախարարին տեղեկացրին, որ այս պահին հոսպիտալում բուժվող 38 տուժածներից (որից 2-ը` ԵԿՄ անդամ) ծայրահեղ ծանր է մնում 2-ի վիճակը։ Նրանց վիճակում կա դրական շարժընթաց։

Նախարարի նախորդ այցի ընթացքում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5 տուժածի առողջական վիճակը նկատելի բարելավվել էր։ Մասնագետներն այժմ նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։ Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվեց բաժանմունքի բոլոր հիվանդների բուժման ընթացքով, զրուցեց նրանց։ Նախարարը շնորհակալություն հայտնեց մասնագետների խմբին` բարձր պրոֆեսիոնալիզմի և հոգատար վերաբերմունքի համար։

Վերակենդանացման բաժանմունքի մասնագետներն էլ իրենց հերթին նշեցին, որ առողջապահության համակարգի ռիանիմատոլոգներն իրենց հետ մշտական կապի մեջ  են և իրենց օգնությունն են առաջարկում։ Արմեն Մուրադյանը ևս մեկ անգամ փաստեց, որ առողջապահության նախարարությունը շարունակում է սերտ համագործակցությունը  և  անհրաժեշտության դեպքում մշտապես պատրաստ է աջակցելու։

Նախարարն այնուհետև այցելեց ՀՀ ԱՆ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, ուր իրենց բուժումն է շարունակում 4 վիրավոր (2-ը` պայմանագրային, 2-ը` ժամկետային  զինծառայող)։ Զինվորներին վնասվածքաբան Կարեն Պողոսյանը վիրահատել է Գորիսի բժշկական կենտրոնում։ Այժմ Երևանում շարունակվում է նրանց նեղ մասնագիտական բուժումը։ Ընդհանուր առմամբ, բժիշկը Գորիսում 10 վիրահատություն է կատարել։

Նախարարը հետաքրքրվեց բոլոր տուժածների վիճակով, զրուցեց նրանց հետ։ Վնասվածքաբանները ներկայացրեցին վիրավորների բուժման ընթացքը և արդյունքները։ Արմեն Մուրադյանը երկու տեղում էլ   զրուցեց վիրավորների ծնողների և հարազատների հետ` վստահեցնելով, որ նրանց բուժումը մշտական ուշադրության ներքո է։

Նախարարին նաև զեկուցվեց, որ ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող պայմանագրային զինծառայողի և Սիսիանի ԵԿՄ անդամի առողջական վիճակում երեկվա համեմատությամբ դրական տեղաշարժ կա։ Բավարար է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող վիրավորների վիճակը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930