Ուզում եմ երկու բառ գրեմ այն «փաստարկի» մասին, որը երբեմն բերում են մեր հասարակական, քաղաքական գործիչները, շարքային քաղաքացիները. «Ի՞նչ տարբերություն`եթե Ադրբեջանը զենքը ռուսներից չգներ, ուրիշներից կգներ»: Նույն, մեղմ ասած, կասկածելի թեզը կրկնել է նաեւ Ռուսաստանի վարչապետ Մեդվեդեւը: Դա կա’մ միտումնավոր սուտ է, կամ թյուրիմացություն: Խոսքը, հիշեցնեմ, 9Ա52 «Սմերչ» տեսակի համազարգային կրակի ռեակտիվ համակարգի, ՏՈՍ1-Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանոթային համակարգի, «Քրիզանթեմ Ս» հակատանկային մարտական մեքենայի եւ այլնի մասին է:
Ի դեպ, այդ զենքի ամեն ի տեսակի մի հատն արժե մի քանի տասնյակ միլիոն դոլար: Այնպես որ «մեքենադ վաճառեիր, «Սմերչ» առնեինք» պնդումը պոպուլիստական առումով գուցեեւ «աշխատում» է, բայց «փոքր-ինչ» չափազանցված է:
Վերոհիշյալ զինտեխնիկան, բացի Ռուսաստանից, որեւէ այլ տեղից Ադրբեջանը չէր կարող գնել: Միացյալ նահանգներն ունեն համանման զենք, բայց նախ` ավելի թանկ եւ պակաս հզոր: Իսկ ամենակարեւորը` ոչ Ադրբեջանը, ոչ էլ մենք այդ զենքն ամերիկացիներից չենք կարող գնել` այն պարզ պատճառով… որ ԱՄՆ-ն դա ոչ մեզ, ոչ նրանց չի վաճառի:
Հետեւաբար, այդ ժամանակակից զենքի միակ «աղբյուրը» Ռուսաստանն է: Արդյո՞ք Ռուսաստանը միայն փողի՞ համար է այդ զենքը վաճառում: Չեմ կարծում: Զենքի առեւտրով զբաղվում է Ռուսաստան պետությունը, եւ խնդիրը կարգավորում է փոխվարչապետ Ռոգոզինը` առանց քաղաքական որոշման նման զենք ոչ մեկին չէր վաճառվի: Ադրբեջանին զինելը քաղաքական որոշում էր: Բայց բոլոր դեպքերում` «եթե ռուսից չառնեին, ուրիշից կառնեին» պնդումն իր տակ որեւէ հիմք չունի:
Կարդացեք նաև
Անօդաչու թռչող սարքերը, որոնք Ադրբեջանը գնել է Իսրայելից, լրիվ ուրիշ պատմություն է: Նախ` դա մենք էլ կարող ենք գնել, եւ կարծում եմ դրա համար կարելի է փող ճարել, քանի որ խոսքը միլիոնների, ոչ թե տասնյակ միլիոնների մասին է, եւ այստեղ քննադատներն իրավացի են` պետք է հրաժարվել անիմաստ ծախսերից: Երկրորդ` այդ զենքը կարելի է արտադրել հայաստացի եւ սփյուռքյան մասնագետների ուժերով: Այդ հարցում թե’ վերջիններից եւ թե’ ՊՆ-ից պահանջվում է կառուցողական մոտեցում: Ինչպես եւ բոլորից` բոլոր այլ հարցերում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ի սեր ճշմարտության, պետք է հիշել, որ ,,Սմերչի,, առաջին խմբաքանակը Ադրբեջանը գնել է Ուկրաինայից, դրա մասին բացեիբաց տվյալներ կան համացանցում:
Իսկ Իսրայելից ոչինչ էլ չեք կարող առնել, իզուր մի փորձեք,
ավելի լավ է արտադրեք տեղում:
Ռուսական զենքի վաճառքն անշուշտ քաղաքականություն է։ Ռուսները պնդում են, որ զենքն օգտագործվել է ոչ Հայաստանի, այլ՝ Ղարաբաղի դեմ, որը Հայաստան չէ և, որի նկատմամբ ռազմավարական պարտավորություններ չունեն։ Այս տրամաբանությամբ, Լուգանսկը, Դոնեցկը և շատերի համար նաև Ղրիմը Ռուսաստան չեն։ Կվաճառի արդյո՞ք նման զինատեսակներ Ռուսաստանը Ուկրաինային (եթե իհարկե վերջինս գնի դրանք), իմանալով, որ դրանք կարող են կիրառվել այս տարածքներում։