Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շիրակ Թորոսյան. «Ավաղ,  Սահակաշվիլիի կուսակցությունն` ուր,  անաչառությունն ու սկզբունքներն` ուր»

Ապրիլ 09,2016 16:18

Հայ ժողովրդի համար վերջին բախտորոշ օրերին հարևան Վրաստանի իշխանությունների հավասարակշիռ և չեզոք դիրքորոշումը բարձր գնահատվեց Հայաստանի կողմից: Սակայն, ցավոք, Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը շարունակում է իրեն բնորոշ հակահայ վարքագիծը:

Որպես ասվածի ցցուն ապացույց` մեջբերեմ վերոնշյալ կուսակցության անդամ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Գաբաշվիլիի ապրիլի 8-ին տարածած  հայտարարությունը. «Մենք աջակցում ենք լարվածության թուլացմանն ու հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմանը: Հիմնական հարցն այն է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքի (այս դեպքում` Ադրբեջանի) ապահովմամբ… »:

Ուզում եմ հիշեցնել հակամարտության խաղաղ կարգավորման «ջատագով» պատգամավորին, որ ԼՂՀ կոնֆլիկտի պարագայում անաչառությունը ենթադրում է, որ առնվազն պետք էր նախ խոսել ազգերի ինքնորոշման, ինչպես նաև ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների մասին, որոնք այնպես ջանադրաբար մերժում են Ադրբեջանն ու նրա հովանավորները:

Ավաղ, Սահակաշվիլիի կուսակցությունն` ուր,  անաչառությունն ու սկզբունքներն` ուր: Այս կուսակցությունը խիստ «սկզբունքորեն» իր տխրահռչակ կառավարման 10 տարիների ընթացքում «հաջողեցրեց» Վրաստանն ընկղմել թուրք-ադրբեջանական տնտեսաքաղաքական էքսպանսիայի ճահճի մեջ, որից դուրս գալու համար մեր հարևան երկրին երկար ժամանակ և շատ ջանքեր անհրաժեշտ կլինեն, էլ ուր մնաց զարմանանք նրա անդամների ադրբեջանանպաստ ճամարտանքների համար:

Ինչպես ասում են. «կարմիր կովը կաշին չի փոխի»: Ամեն դեպքում, այս մարդկանց շատ տխուր ապագա է սպասվում, որը պայմանավորված է տեսանելի հեռանկարում խավիարի սպառման վստահ կանխատեսումներով:

 

ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ

«ՋԱՎԱԽՔ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,  ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930