Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. «Հաստատուն» լինելու դժվարությունները

Ապրիլ 09,2016 20:00

Ներքուստ ոչ հակասական լինելը կյանքի վրա ազդելու նախապայմանն է

Մարդկանց բոլոր առաքինություններից ամենաբարձր գնահատվողներից մեկը անձի սկզբունքայնությունն է, հաստատակամությունը, երբ մարդը տարբեր հանգամանքներում, տարբեր միջավայրերում ղեկավարվում է միեւնույն, իրար չհակասող սկզբունքներով, իհարկե՝ եթե դրանք վնաս չեն տալիս շրջապատին:
Բերեմ ոչ հաստատուն վարքի մի օրինակ: Պատկերացրեք՝ մի խումբ մարդիկ քեֆ են անում, իրար ցավ են տանում, մեռնում են իրար սրտի, բաժակաճառեր են ասում, դրանց վերջնամասում համբուրվում են: Հետո այդ խմբից մեկը վեր է կենում, ասում է՝ «գործեր ունեմ, գնամ», մնացածը համոզում են, որ չգնա, բայց, ի վերջո, մարդը ուղեւորվում է դեպի դուռը, բոլորը վեր են կենում, հերթով համբուրում են հեռացողին: Երբ նա դուրս է գալիս սենյակից, խնջույքի մասնակիցները վերադառնում են սեղանին, եւ սկսվում է հետեւյալ խոսակցությունը. «Արա, էս ո՞վ էր, էս ո՞ւմ հետ ենք նստում-վեր կենում, բա իմացա՞ր՝ դա էն օրը ինչ արեց»: Դա մեր՝ հայերիս «ազգային առանձնահատկությունը» չէ՝ կեղծ, ոչ սկզբունքային մարդիկ կան ամենուր:

Հաստատուն բնավորության օրինակ ցույց տալու համար եկեք վերադառնանք խնջույքի սեղանին եւ լսենք, թե ինչ են ասում «հարգելի սեղանակիցները»: «Ինչ է դառել էս ազգը, էս ազգ չի, վառելու բան է, էս երկիրն էլ երկիր չի, սաղ էթում են, ես էլ եմ հեսա թռնելու»,- ասում են հավաքույթի մասնակիցները: Հիմա պատկերացրեք, որ ես նստած եմ այդ սեղանի շուրջ եւ ներքուստ համաձայն չեմ, բայց տոն եմ տալիս այդ խոսակցությանը կամ գլուխս տմբտմբացնում, կամ, լավագույն դեպքում, լռում եմ: Դա կխոսի իմ ոչ հաստատուն բնավորության մասին: Լավ կլինի, որ ասեմ՝ «իհարկե, ձեր գործն է մտածել կամ ասել ինչ ուզում եք, պարզապես հիշեցնեմ, որ դա մե՛ր ազգն է եւ մե՛ր երկիրը, հետեւաբար՝ ինչ ասում եք, ասեք ոչ թե երրորդ դեմքով, այլ առաջին դեմքի հոգնակիով՝ մենք»: Եվ քանի որ իմ դիմաց, ըստ երեւույթին, նստած են անսկզբունք մարդիկ, նրանք միանգամից կփոխեն իրենց խոսակցության երանգը. «Չէ-է՜, ես էդ չէի ուզում ասեի, մեր ժողովուրդը լավն է (չնայած նոր ասում էր, որ վառելու բան է-Ա. Ա.), բայց էն «վերեւները»…

Իսկ կողքի սեղանին մարդիկ վարում են հետեւյալ խոսակցությունը. «Դու գիտե՞ս, մենք ինչ ազգ ենք, որ մենք կայինք, ուրիշ ոչ մի ազգ չի եղել, մենք 2000 տարվա թատրոն ունենք, բրիտերը հայ են, չինացիները հայ են, գերմանացիները հայ են, սաղ ազգերը մեզ նախանձում են, մեր սաղ երգերն ու ճաշատեսակները գողանում են»: Դարձյալ՝ եթե ես, համաձայն չլինելով այս խոսակցությանը, որեւէ ձեւով չհակադրվեմ դրան, դա կխոսի իմ հաստատակամություն չունենալու մասին: Իրականում ես պիտի ասեմ՝ «այո, մեր պատմությունն ու մշակույթը հարուստ է, բայց առանձին սնապարծության համար հիմք չունենք, որովհետեւ այն ազգերից շատերը, որոնք 2000 տարի առաջ ծառերի վրա էին, կարողացել են նորմալ պետություններ ստեղծել, իսկ մենք 25 տարում չենք կարողացել»: Իհարկե, ամենածայրահեղ դեպքը կլինի, եթե ես երկու սեղանների մոտ էլ ձայնակցեմ «հռետորներին»:

Կախված նրանից, թե որքանով է իմ հոգին միակամ, ոչ հակասական, ես կարող եմ դրական առումով ազդել մարդկանց վրա: Քրիստոնեական եւ բուդդիստական առասպելներն այն մասին, որ առաքինի մարդիկ կարողացել են զուտ խոսքով հետ պահել ամենավտանգավոր ավազակներին իրենց հանցավոր ճանապարհից, ինձ այնքան էլ անհավանական չի թվում: Բայց դրա համար պետք է, որ «ներսում» ամեն ինչ լինի մաքուր, հակասությունների աղբից զուրկ: Հակառակ դեպքում կստացվի հայտնի կատակի նման՝ «արա այն, ինչ ես քեզ ասում եմ, ոչ թե այն, ինչ ե՛ս եմ անում»:

…Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ գրեթե բոլոր հայաստանցիները դառնում են քաղաքացի՝ համերաշխ, սրտացավ, հավաքված, կենտրոնացած: Լարվածությունն անցնում է, եւ մենք նորից խորանում ենք մանր խարդավանքների մեջ: Ասինքն՝ մենք բոլոր հանգամանքներում չենք կարողանում առաջնորդվել միեւնույն սկզբունքով: Գուցե դա է՞լ է խոսում մեր անհաստատակամության մասին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ»

09.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Եթե մենք մեր բոլոր նպատակները սկզբունքների ու օրենքների տեսքով ձեւակերպեինք ու կիրառեինք դրանք անկախ հանգամանքներից, անկախ լավ ու վատ մարդկանցից ու բարեկամ ու թշնամի պետություններից ու այլ կառուցվածքներից, այդ ժամանակ դա կլիներ մեր ամենաարդյունավետ ու լավագույն որոշումը։ Մարդկանց գնահատում են ոչ թե ուժի մեծության կամ փողի քանակի չափով, այլ իրենց համար սրբություն հանդիսացող սկզբունքների համար, նմանապես պետական կառույցներն էլ են գնահատվում ոչ թե ուժի կամ հարստության չափով, այլ այդ պետությունների ու պետական կառույցների, ի դեպ ընտանիքը դա պետական տարրական կառույց է, համար սրբություն հանդիսացող օրենքների համար։ Որ մենք սուրբ օրենքներ ունենք, մեր սուրբ հոգիները ցույց տվեցին մեզ։ Եթե մեր պետական օրենքները բոլորիս համար լինի սրբություն՝ առաջին հերթին կառավարության ու ձեռներեցների համար ու նրանց համար լինեն առանձին ավելի խիստ օրենքներ, այդ ժամանակ մենք կլինենք ամենաապահով, ամենահարուստ ու ամենաարդար երկիրը աշխարհում։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930