Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «ՌԴ-ն եթե ոչ հրահրողն, ապա առնվազն ապահովողն է ռազմական գործողությունների»

Ապրիլ 09,2016 15:54

«ՌԴ-ն եթե ոչ հրահրողն, ապա առնվազն ապահովողն է, որ այդ ռազմական գործողությունները տեղի ունենան: Ցավում եմ, որ ՌԴ-ն, լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր, չի ընկալում, որ իր գործողություններով նպաստում է նրան, որ Ադրբեջանը շարունակի իր ագրեսիան: Ես ուրախ կլինեի լսել, որ իբրեւ Մինսկի խմբում համանախագահող երկիր, ՌԴ-ն դիմում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին`սանկցիաներ կիրառել աշխարհում ցանկացած երկրի դեմ, որը Ադրբեջանին զենք կվաճառի»,- Aravot. am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն`անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինի երեկ արած այն հայտարարությանը, որ ՌԴ-ն, համաձայն պայմանավորվածությունների, շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին եւ Հայաստանին: BBC-ին տված հարցազրույցում, դա այսօր վերահաստատել է նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

ՌԴ պաշտոնյաների հայտարարություններում ամենացավալին, ըստ ընդդիմադիր պատգամավորի, այն է, որ նշում է`երկու երկրներն էլ ՌԴ-ի ռազմավարական գործընկերներն են: «Ինչը նշանակում է, որ նույնիսկ ՌԴ բարձրաստիճան իշխանության մոտ չկա գիտակցություն, որ Հայաստանը ռազմավարական դաշնակից է, Ադրբեջանը դաշնակից չէ ու այս երկրների միջեւ տարբերություններ պիտի լինեն: Դա նշանակում է, որ այն մակարդակի վրա, որտեղ ՌԴ-ում որոշումներ են կայացնում, ընկալման խնդիր կա տարածաշրջանի եւ դաշնակցային հարաբերությունների մասին: ՌԴ-ն չի գիտակցում`ո՞վ է իր դաշնակիցը եւ չի կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս պետք է իր հարաբերությունները կարգավորի»,- ասաց Թեւան Պողոսյանը` հավելելով, որ այդ տեսակի քայլով Ռագոզինը եւ Մեդվեդեւը որեւէ բան չեն ավելացնում Ադրբեջանի հետ ՌԴ-ի հարաբերություններում. «Ադրբեջանը միշտ էլ մնալու է ՌԴ-ի այսօրվա թշնամի Թուրքիայի լավագույն դաշնակիցը: ՌԴ-ն երբեւէ չի կարողանալու փոխել Ադրբեջանի վարքագիծը դեպի Թուրքիա, որի հետ ՌԴ-ն այսօր առճակատվում է: Բայց դրանով նպաստեցին, որ Հայաստանում որեւէ դրական խնդիր չզարգանա դեպի ՌԴ-ն: Հակառակը, ավելի բացասական զգացումներ առաջացան դեպի ռազմավարական դաշնակիցը: Ստացվեց զրո էֆեկտ Ադրբեջանի հետ, բացասական էֆեկտ Հայաստանի հետ: Եթե դա է Ռուսաստանի քաղաքականությունը`դա իրենց ընտրությունն է: Մենք պետք է դասեր քաղենք, առանձնացնենք մեր շահերը եւ առաջնորդվենք մեր շահերով»:

Վերջին շրջանում հայաստանյան կողմը ծանր դիվանագիտական լեզու օգտագործեր: Թեւան Պողոսյանը համարում է, որ մենք ոչ թե կոշտ դիրքորոշում պիտի արտահայտենք, այլ կոշտ վարքագիծ դրսեւորենք: Դա կարող է լինել տարբեր գործողություններ`միջազգային կառույցներում քվեարկություններ ոչ թե ՌԴ-ի, այլ Հայաստանի շահից, Հայաստանում գործող ռուսական ընկերությունների կոռուպցիոն սխեմաների բացահայտում եւ բացառում եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == Վերջին շրջանում հայաստանյան կողմը / պետք է / ծանր դիվանագիտական լեզու օգտագործեր: ==
    Ծանր դիվանագիտական լեզու օգտագործելու համար անհրաժեշտ է քաշ ունենալ՝ նախ և առաջ սեփական երկրում…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930