Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն այլեւս ժողովրդական մակարդակով է Հայաստանի դաշնակիցը

Ապրիլ 09,2016 19:00

Ի՞նչ քայլեր կհետեւեն նախագահի հայտարարությանը

Ապրիլի 7-ի երեկոյան Երեւանում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից եւ բարեկամ… Ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երեւան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ՝ դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը՝ դա միանշանակ է»:

Ի պատասխան՝ ՌԴ վարչապետը նկատել է. «Ես անպայման կխոսեմ մեր Եվրասիական միության գծով գործընկերների հետ: Ինչ-որ տեղ, երեւի թե, նրանց պահելաձեւը եւ որոշումները կարելի է հասկանալ. բոլորը չէ, որ լավ տեղեկացված են ընթացիկ իրավիճակից՝ այն մասին, թե ինչ կարող է լինել, ինչ է լինելու»:

«Մեր որոշ գործընկերները» Ղազախստանն է, որը հրաժարվեց Երեւան գալ` ի համերաշխություն Ադրբեջանի: Ու Ռուսաստանը Ղազախստանին հասկանում է: Իսկ ես չեմ հասկանում Ռուսաստանի հասկանալը: Ադրբեջանը երեխա եւ վատառողջ տարեց է սպանում: ԵԱՏՄ մեր գործընկեր Ղազախստանը Ադրբեջանի կողքին է, ԵԱՏՄ մեր գործընկեր Ռուսաստանը՝ Ղազախստանի կողքին, հետեւաբար այս անգամ եւս Ադրբեջանի կողքին է: ԵԱՏՄ մեր գործընկեր Բելառուսը Երեւան գալուց չի հրաժարվել, բայց էլի Ադրբեջանի կողքին է:

ԵԱՏՄ-ն ԵԽԽՎ-ի նման՝ 47 կամ ՄԱԿ-ի նման մոտ 200 անդամ չունի: ԵԱՏՄ-ում ընդամենը հինգ պետություն կա, որոնցից երեքը, մոռացած իրենց գործընկերոջ մասին, կանգնած են գործընկերոջ երեխային սպանողի կողքին: Մի բան է համաձայնեցնել 47 կամ 200 հոգու կարծիք, այլ բան` ընդամենը 5 հոգու: Ու Ռուսաստանը պնդում է, որ ԵԱՏՄ անդամների հակահայ պահվածքը կարելի է հասկանալ` բոլորը չէ, որ լավ տեղեկացված են ընթացիկ իրավիճակից: Ի՞նչ ասես այն երկրին, որտեղ առաջին դեմքը որոշումներ է կայացնում՝ առանց լավ տեղեկանալու: Ի՞նչ ասես այն երկրին, որի առաջին դեմքը հասկանում է վատ տեղեկացված եւ ի վնաս գործընկերոջ որոշում կայացնողին: Ի՞նչ ասես այն երկրներին, որտեղ որոշում կայացնելու համար տեղեկություններ հավաքելու փոխարեն՝ վատ տեղեկացված վիճակում ի վնաս գործընկերոջ որոշում են կայացնում: Ի՞նչ ասես մի կազմակերպության, որի հինգ անդամից երկուսը ի վնաս երրորդի որոշում են կայացնում, չորրորդը նրանց հասկանում է, իսկ հինգերորդը` ուղղակի լռում: Միջազգային բոլոր մակարդակներում ընդունված եւ միանգամայն տրամաբանական սկզբունք է. անտեղյակությունը չի ազատում պատասխանատվությունից:

Եթե ամեն ինչ հանգի ուղղակի հասկանալուն, միգուցե կարելի է ուղղակի հասկանալ նաեւ Մոսկվայում չորսամյա երեխային գլխատած կնո՞ջը:

Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն անդրադառնալով Հայաստանի վրա կրակած՝ Ադրբեջանին վաճառված ռուսական զենքի շուրջ մեր երկրում բարձրացած աղմուկին, կարծում եմ, հատուկ է ընդգծել. «Հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից եւ բարեկամ»: Երեխա եւ վատառողջ տարեց սպանողին համերաշխություն հայտնողին հասկացող Մեդվեդեւը պիտի որ հասկանա այս խոսքերի իմաստը. «Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից եւ բարեկամ»: Ժողովրդական, ոչ պետական: Այլ խոսքով՝ Հայաստանում պետական մակարդակում սկսել են այլ բան համարել: Մնաց համարածին համապատասխան պահվածքը դրսեւորվի: Մանավանդ, մեր ռազմավարական գործընկերն այս իմաստով նաեւ «կանաչ լույս» վառեց. ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն ասել է, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին եւ Հայաստանին: «Ամեն ինչ պայմանագրով է արվում: Երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

09.04.2016

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ Խանվելյան says:

    Կանդրադառնամ թերևս ամենակարևորին.նույն կերպ կարելի է խոսել նաև Հայաստանի՝ Ռուսաստանում որպես դաշնակից երկիր ժողովրդական մակարդակով ընկալման մասին:Իսկ թե պետական մակարդակում գործընթացներն ինչո՞ւ այսպիսի զարգացում ունեցան,համոզված եմ այդ մասին շատ լավ գիտեն մեր իշխանությունները:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930