Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանն ունի այս խնդրում մեծ դերակատարություն, բայց հետաքրքրված չէ հիմնախնդրի լուծմամբ»

Ապրիլ 09,2016 18:30

Լեհ քաղաքական փորձագետը վերլուծում է
Լեռնային Ղարաբաղում սկսված պատերազմի պատճառները

«Աշխարհաքաղաքական իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արեւելքում, հիմա նաեւ իրենց ազդեցությունն են ունենում Հարավային Կովկասի վրա եւ իրավիճակը ավելի են վատացնում»,- «Առավոտի» հետ բացառիկ զրույցում ասում է Միջազգային հարցերի Լեհական ինստիտուտի փորձագետ Կոնռադ Զաշտովտը: Նա այս օրերին հետեւել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սկսված պատերազմին եւ դրան հետեւող միջազգային արձագանքներին: Նա նկատում է, որ տարածքային խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձեր մենք արդեն տեսել ենք Ղրիմում, տեսել Դոնբասում: «Դա իրավիճակի ապակայունացման սկիզբն է»,- ասում է լեհ փորձագետը:

Նա ստեղծված իրավիճակի պատճառը փնտրում է նաեւ Ադրբեջանի ներքաղաքական խնդիրների մեջ: «Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում հասարակությունը շատ ծանր վիճակում է՝ տնտեսական խնդիրների, ճգնաժամի, նավթի գների անկման պատճառով: Գիտենք, որ նավթն Ադրբեջանի տնտեսության հիմնական տարրն է, այնպես որ՝ Ադրբեջանի իշխանությունները հենց հիմա ցանկանում են շեղել հասարակությանը այդ խնդիրներից, ուզում են, որ հասարակությունը մտահոգվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով: Եվ հենց այդ պատճառով է, որ հիմա ադրբեջանական իշխանությունները սրում են իրավիճակը»,- ասում է Կոնռադ Զաշտովտը:

Մեր դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման առաջին օրերից միջազգային հանրությունը հանդես եկավ շատ չեզոք կեցվածքով, խաղաղության կոչերն ուղղված էին հակամարտության երկու կողմերին էլ եւ ոչ հենց պատերազմը սկսողին, պարոն Զաշտովտը պատասխանեց. «ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, տեսնում ենք՝ մեծ ազդեցություն չունի այս հիմնախնդրի վրա: Ես չգիտեմ՝ հիմնախնդրի լուծման այս ձեւաչափը փոխելը կլուծի՞ հիմնախնդիրը, թե՞ ոչ, բայց այն մինչ այժմ որեւէ ձեւով իրավիճակը չի փոխել. հիմնախնդիրը իր տեղում է, չի շարժվում, բանակցությունները եւս իրենց տեղում են: ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից լուրջ ճնշում չեղավ»:

Լեհ փորձագետը մատնանշում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Ռուսաստանի Դաշնության դերը՝ ասելով, որ այս իրադրությունում ամենագլխավոր խաղացողը Ռուսաստանն է, որը համարվում է Հայաստանի ռազմական գործընկերը: «Բայց այստեղ պետք է հասկանալ Երեւանի հիասթափության պատճառները. շատ թույլ արձագանք եղավ նաեւ ՀԱՊԿ-ից: 1994 թվականից հետո իրավիճակի նման սրմանը այդ պատասխանը շատ թույլ էր»,- ասում է պարոն Զաշտովտը:

Թե ինչպես պետք է լուծվեն նման հիմնախնդիրները, բանակցային եղած ձեւաչափը նորից բերեց պատերազմի, պատերազմն էլ նորից հիմնախնդիրը չի լուծում՝ մեր զրուցակիցը պատասխանում է. «Եղած աշխարհաքաղաքական իրադարձությունները, որոնց մասին խոսում ենք, թույլ չեն տալիս, որ այս հիմնախնդիրը լուծվի: Գիտենք՝ Եվրոպայում եղել են պետություններ, որոնք տասնամյակներ եղել են կոնֆլիկտի մեջ, օրինակ՝ Գերմանիան Ֆրանսիայի հետ, հիմա նրանք բարեկամաբար ապրում են, եւ այն ժամանակվա խնդիրներն արդեն պատմության գիրկն են անցել: Իհարկե, Եվրոպայում տիրող իրավիճակը տարբերվում է Հարավային Կովկասում տիրող վիճակից. այստեղ Ռուսաստանն է ամենագլխավոր խաղացողը: Ռուսաստանն ունի այս խնդրում մեծ դերակատարություն, բայց հետաքրքրված չէ հիմնախնդրի լուծմամբ, որովհետեւ այս խնդիրը շատ հարմար գործիք է նրա համար, որ ազդեցություն ունենա ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի վրա»:

Մեր այն դիտարկմանը՝ Ռուսաստանում պնդում են, թե Ադրբեջանն սկսեց պատերազմ Թուրքիայի հորդորով՝ Ռուսաստանին սադրանքի ենթարկելու, Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ փչացնելու համար, լեհ փորձագետը, մնալով իր կարծիքին, պատասխանում է.
«Ես դրա հետ համաձայն չեմ: Իհարկե, Թուրքիան կփորձի սատարել Ադրբեջանին, որովհետեւ նրանք կապված են էթնիկական, մշակութային, տնտեսական եւ այլ կապերով, բայց իրավիճակը չսրվեց Թուրքիայի հորդորով»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ»

09.04.20165

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930