Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղից վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաները «Զանգեր»-Գորիս ճանապարհահատվածը դժվարությամբ են հաղթահարում

Ապրիլ 09,2016 17:30

Սյունիքի մարզպետարանում չգտնվեց որեւէ մեկը, որ ասեր,
թե ե՞րբ են վերանորոգելու այդ ճանապարհահատվածը

Այս օրերին, երբ ենթակառուցվածքների դերը, թերեւս, ամենակարեւորներից մեկն է, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի մի հսկայական հատված, ինչպես փաստում են վարորդները, շատ վատ վիճակում է: Այս օրերին այդ ճանապարհով երթեւեկող, Լեռնային Ղարաբաղին հումանիտար եւ տարատեսակ օգնություն տեղափոխող վարորդները նյարդայնացած վերադառնում են՝ պատմելով, թե ինչպիսի անանցանելի ճանապարհահատվածներ կան մասնավորապես՝ այսպես կոչված, «Զանգերի» հատվածից մինչեւ Գորիս: Վարորդներից քչերին է հաջողվում ավտոմեքենաներն առանց վնասվածքների դուրս բերել այդ հատվածից: Միջպետական ճանապարհի փոսերն ու խորդուբորդերը, որոնք առաջացել են ձմեռվանից հետո, անգամ այս օրերին, գոնե ժամանակավորապես, չեն փոսալցվում:

Արդեն 7-8 օր է՝ այդ ճանապարհով հազարավոր ավտոմեքենաներ ու շտապօգնության մեքենաներ են արագությունը գերազանցելով երթեւեկում, վիրավորներ ու անհրաժեշտ իրեր են տեղափոխում: Վարորդների խոսքերով՝ անգամ առողջ մարդը չի դիմանում այդ դարուփոսերի հարվածներին, ուր մնաց՝ վիրավորները հաղթահարեն: Հասկանալի է, որ այդ վայրերում ձյունը, սառույցը վերջերս են նահանջել, սակայն փաստ է, որ այս պահին որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են, եւ գոնե ժամանակավոր լուծում պետք է տրվի: Ճանապարհի անհարթությունները չեն նկատում նաեւ մարզային եւ քաղաքային իշխանությունները, որոնք ապրիլի 2-ից սկսած՝ գնում-գալիս են:
Մեզ հետ զրույցում վարորդները նշեցին, որ այդ հատվածով երթեւեկելիս անընդհատ «մեքենաների քիթը գետնին է կպնում», ինչից զերծ չեն մնում նաեւ շտապօգնության մեքենաները: Նրանց խոսքերով՝ ճանապարհներին եղել են անգամ ծանրաքարշ ավտոմեքենաներ, որոնց մասերը կոտրվել են հենց այդ փոսերն ընկնելու պատճառով, եւ վարորդները ստիպված են եղել ավտոմեքենան մի կողմ քաշելով՝ գիշերել ճանապարհին՝ մինչեւ որ վերանորոգեն ու ճանապարհը շարունակեն:

«Առավոտը» պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե պաշտպանության նախարարությունը դիմե՞լ է Սյունիքի մարզպետարան՝ ճանապարհների հարցով զբաղվելու: Մեր հարցին պատասխանեց ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, քանի որ հարցը պարոն Հովհաննիսյանին ուղղել էինք նախօրեին «Մուրացանի» հոսպիտալում գնդապետ Խաչատրյանի հետ համատեղ կազմակերպված ասուլիսի ժամանակ:

Գնդապետ Հովհաննիսյանն ասաց, որ ինքն էլ է նկատել այդ խնդիրը, եւ ներկայացրեց, թե ինչի հետեւանք է ճանապարհի վիճակը. «Ձնհալը որ եղել է, որոշ տեղերում առաջացել են այդ փոսերը, բայց այնպես չէ, որ ճանապարհն անանցանելի է, անանցանելի չէ նաեւ մեր սանիտարական մեքենաների համար: Զինվորական մեքենաները այնքան բարձր անցողունակություն ունեն, որ սարերով էլ կարող են գնալ, դա ընդհանրապես չի խանգարում մեր տեխնիկայի շարժմանը դեպի առաջ: Այդ ճանապարհների վերաբերյալ հստակ կարող եմ ասել, որ մեր հանրապետության այս տարվա ծրագրով «Զանգեր»-Գորիս ճանապարհահատվածը ընդգրկված է վերանորոգման հիմնական ծրագրում»:

Պարոն Խաչատրյանն ասաց, որ ծանր դեպքերում սանիտարական ավիացիայով են տեղափոխվում վիրավորները՝ այդպիսով կարճ ժամանակում լուծելով նրանց բուժօգնության հարցը: Մեր այն դիտարկմանը, թե խոսքը նաեւ այն մասին է, որ մեքենաները ցամաքային ճանապարհով են այդ հումանիտար եւ այլ օգնությունները տեղափոխում, Արծրուն Հովհաննիսյանը չպատասխանեց:

«Զանգեր»-Գորիս ճանապարհահատվածի վերաբերյալ երեկ փորձեցինք տեղեկություն ճշտել նաեւ Սյունիքի մարզպետարանից: Մեզ հետաքրքրում էր, թե գոնե ժամանակավոր աշխատանքներ տարվելո՞ւ են մինչեւ ճանապարհի հիմնանորոգումը, պետք է նաեւ հարցնեինք, թե երբվանի՞ց են մեկնարկելու ճանապարհի այդ հատվածի վերանորոգման աշխատանքները եւ այլն, սակայն Սյունիքի մարզպետարանում որեւէ մեկը չգտնվեց, որ կպատասխաներ մեր այս հարցերին: Մարզպետի ընդունարանի աշխատակիցն ասաց, որ այդ հարցերով պետք է դիմենք լրատվական ծառայություն՝ տրամադրելով աշխատասենյակի հեռախոսահամարը: Երկար փորձերից հետո, երբ որեւէ մեկը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, խնդրեցինք լրատվականի աշխատակցի բջջային համարը, որպեսզի որեւէ կերպ կապվենք եւ հրապարակվելիք նյութում ներկայացնենք նաեւ երկրորդ կողմի տեսակետը. «Մենք բջջային համար չենք տալիս»,- եղավ պատասխանը:

Այսինքն՝ ճիշտ եւ ճիշտ ՀՀ նախագահի մատնանշած «80-ականների զենքով կռվելու» պես. եթե մեր զինվորները 21-րդ դարում կռվում են 80-ականների զենքով, ինչպես որ Գերմանիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել էր Սերժ Սարգսյանը, Սյունիքի մարզպետարանն էլ աշխատում է 80-ականների ոճով՝ լարային հեռախոսից այն կողմ չանցնելով:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

09.04.2016

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930