Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Տանկիստ կալանավորի խնդրանքը

Ապրիլ 09,2016 17:00

ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Աշոտ Հակոբյանը բաց նամակով դիմել է հանրապետության նախագահին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ «Առավոտ» օրաթերթին:
11 տարվա ազատազրկման դատապարտված կալանավորը տեղեկացնում է, որ 1976 թվականին զորակոչվել է եւ պարտադիր զինվորական ծառայության է անցել Անդրկովկասյան զինվորական օկրուգի Գորիի տանկային ռազմաուսումնավարժական գնդում, ստանալով նախ նշանառուի, ապա նաեւ տանկի հրամանատարի կոչում:
«Իմ հայ ազգին, նաեւ հայ զինվորներին վատաբանելու համար գնդի շարահրապարակում բոլորի աչքի առաջ ուժգին ապտակել էի իր անսահման լկտի պահվածքով աչքի ընկնող ադրբեջանցի սպա, կապիտան Օվչիեւին, նախ նրան ցույց տալով հայի բազկի ուժը, հետո նաեւ հասկացնելով իրականությունն ու իր նման թափթփուկների տեղը»,- գրում է Ա.Հակոբյանը:

Աշոտը նաեւ տեղեկացնում է, որ ծառայության ժամանակահատվածում մասնակցել է «Կարայազ» ռազմավարժական կենտրոնի տանկային բոլոր զորավարժանքներին՝ ստանալով բազմաթիվ խրախուսանքներ:

Կալանավորը գրում է, որ 2010 թվականին «անմաքուր սկզբունքներով առաջնորդվող դատաիրավական համակարգի փողառուշտ պաշտոնատար անձանց կողմից» դատապարտվել է կաշառք տալուց հրաժարվելու, դրանից հետո իր դեմ սարքված քրեական գործի պատճառով:

Նրան խաբեությամբ կանչել են ոստիկանության Արաբկիրի բաժին, ձերբակալել են, ապա դատապարտել 11 տարվա ազատազրկման:

Նա իր պատիժն է կրում անազատության մեջ արդեն 6 տարի:

Դիմելով երկրի հրամկազմին՝ նա նշում է. «Ձեզ եմ դիմում ոչ թե իմ գործի հետ կապված խնդրանքով, այլ խնդրանքս բոլորովին այլ է: Քաջ գիտակցելով երկրիս առջեւ ծառացած բարդ ու անորոշ պատերազմական իրավիճակի մասին եւ հայացք գցելով իմ անցած ուղու վրա, գիտակցելով իմ դերն ու նշանակությունն արյունռուշտ արդրբեջանա-թուրքական հրոսակների կողմից սանձազերծված ուխտադրուժ հարձակմանը դիմագրավելու գործում, խնդրում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում թույլ տրվի ինձ մեկնելու առաջին գիծ, ուր ամենաթեժ մարտերն են ընթանում եւ որտեղ գնում են միայն հանուն հայրենյաց մահապարտները»:

Կալանավորն ունի ընտանիք, վեց թոռ, ըմբշամարտիկ է, իրեն համարում է զինվորական ծառայությանը պիտանի:

Նա գրել էր. «Միաժամանակ հայտնում եմ Ձեզ, որ մարտադաշտում գտնվելուս ժամանակահատվածը չի դիտվելու որպես պատժաչափի կրճատում, նորից կշարունակեմ վերադառնալուն պես իմ անօրինական կալանքը կրել, իսկ եթե չվերադառնամ եւ զոհվեմ թշնամու դավադիր գնդակից, չեմ վշտանա, ուրախ կընդունեմ մահս, քանզի իմ վրա ընդունած կույր գնդակով փրկած կլինեմ դեռ կյանք չմտած 20-ամյա մի հպարտ հայորդու»:

Ըստ կալանավորի, իր համար ավելի լավ է մեռնել հայրենիքի համար, քան ապրել ստով, անարդարություններով շաղախված դատապարտյալի անդուր խարանը կրելով:
Աշոտ Հակոբյանը ցավով նշել էր, որ իր կողքին չեն ճանաչված մտավորականներ Իգնատ Մամյանն ու Լեւոն Անանյանը, որոնք անձամբ ճանաչել են իրեն, հաստատ իմանալով իր հետ կապված քրեական գործի ողջ պատմությունը՝ ձայն կբարձրացնեին իր անձի շուրջ կատարված անօրինականությունների շուրջ:
«Ցավալի փաստ է, որ կամավոր մեկնողների մեջ չկան ոչ մի քննիչ, դատախազ, դատավոր, ոչ ոք այդպես էլ չի իմանա, թե նրանցից ո՞վ ինչ է մտածում»,- ավարտելով նամակը՝ գրել էր նա:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. -«Առավոտն» առաջիկա համարներից մեկում կանդրադառնա Աշոտ Հակոբյանի քրեական գործին:

«Առավոտ»

09.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Շատ հուզիչ նամակ էր թե՛ իր շիտակությամբ, և թե՛ խորությամբ:
    Շնորհակալություն Ձեզ, Ռուզան…

  2. Մելանյա Սարգսյան says:

    Անձամբ ճանաչում եմ Աշոտ Հակոբյանին,հանդիպել եմ նրան և տեղյակ եմ նրա դեմ սարքած քրեական գործին:Կցանկանայի իրավապաշտպան կառույցների և լրագրողների ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքին:
    Հուսով եմ,որ արդարադատության խիղճը վերջնականապես չի մեռել:

  3. Մինաս says:

    Ի՜նչ է եղել, մասնագետ մարդ է, չնայած մոտ 60 տարեկան է: Ահագին դառնություն է տեսել, ջահելներին կարող է օգտակար լինել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930