ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարության ինստիտուտի եւ ժողովրդավարության աջակցության հիմնադրամի կողմից հովանավորվող «Կոալիցիոն շինարարություն եւ կազմակերպում» ուսուցողական դասընթացի շրջանակներում «Քաղաքացիական համաձայնություն», «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» ՀԿ-ները եւ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը համատեղ կազմակերպեցին «Շախմատը՝ հավասար հնարավորությունների հարթակ» քաղաքացիական ակցիա, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները լսելի դարձնել հանրությանը եւ պետական մարմիններին:
Բացման արարողությանը «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ տնօրեն Անուշ Նազարյանը նշեց, որ իրենք հիմնականում զբաղվում են երիտասարդության խնդիրներով եւ այս անգամ այսպիսի նախաձեռնություն հանդես բերելով՝ վստահ են, որ շախմատն, իրոք, հավասար հնարավորությունների հարթակ է եւ բոլոր 16 մասնակիցները իրենց կզգան հասարակության լիիրավ անդամներ:
Կարդացեք նաև
«Հաշմանդամների «Փյունիկ» միություն ՀԿ ղեկավար Հակոբ Տոնոյանն էլ նշեց, որ իրենք ամեն տարի անցկացնում են «Հաշմանդամային սպորտի փառատոն, որի ծրագրում նաեւ շախմատն է ընդգրկված: Բայց առաջին անգամ է, որ այս համագործակցության արդյունքում առանձին շախմատային մրցում է կազմակերպվում: Նրա խոսքերով, շախմատը վերջին տարիներին հասարակությունում առանձնակի դերակատարություն է ձեռք բերել եւ դա է պատճառը, որ առանձին մրցում է կազմակերպվում այս մարզաձեւերից:
Հակոբ Տոնոյանն ասաց նաեւ, որ իրենք աշխատել են ընտրել համեմատաբար լավ շախմատ խաղացող հաշմանդամություն ունեցող երիտասարդների:
Մասնակիցները պայքարեցին արագ շախմատի կանոններով՝ հինգ փուլով: Բոլոր մասնակիցներին հանձնվեցին պատվոգրեր, իսկ մրցանակային եռյակին նաեւ մրցանակներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ