Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում շարունակվում են գյուղատնտեսական աշխատանքները

Ապրիլ 09,2016 16:30

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շարունակվում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Երեկ առավոտյան անցկացված խորհրդակցությունից հետո նախարար Արամ Մխոյանի կարգադրությամբ փոխնախարար Կարեն Աղաջանյանն ու ԳՆ բույսերի պաշտպանության ծառայության պետ Վալերի Խաչատրյանն այցելեցին Մարտունու եւ Հադրութի շրջաններ՝ հետեւելու հակահրդեհային միջոցառումների շրջանակներում իրականացվող աշխատանքներին (ապրիլի 1-ին այդ նպատակով Կ. Աղաջանյանը եղել էր Մարտակերտի շրջանում): Մարտունու շրջանի հացահատիկային մշակաբույսերի դաշտերում հանդիպեցինք շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի պետ Ռոբերտ Վանյանին, ումից տեղեկացանք տիրող տրամադրությունների ու առկա մթնոլորտի մասին: «Մենք շարունակում ենք հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները: Տրամադրություններս բարձր է, յուրաքանչյուրս իր գործն է անում: Մեր հաղթական բանակն իր գործը պատվով կատարեց, մենք էլ մեր առջեւ դրված խնդիրները պիտի իրականացնենք՝ լծվելով խաղաղ աշխատանքի: Ասեմ նաեւ, որ մեզ հետաքրքրում է գերազանցապես մեր դաշտերի վիճակը: Տարին պիտի որ հաջող լինի, իսկ դրա համար անհրաժեշտ է կատարել պլանով նախատեսված բոլոր աշխատանքները»,- ասաց Ռոբերտ Վանյանը:

7-1-2Իսկ փոխնախարար Կ. Աղաջանյանը նշեց հետեւյալը. «Մեր կողմից պլանավորված այս աշխատանքները մեկնարկել էին ապրիլի մեկին եւ արդեն մի շարք շրջաններում դրանք իրականացվել են, հետո էլ, կապված վերջին զարգացումների հետ, աշխատանքները մի պահ դադարեցվեցին: Ասեմ նաեւ, որ վերջին իրադարձությունները կրկին վկայեցին, որ մենք ճիշտ գործելակերպ ենք որդեգրել, եւ հնարավոր են սադրիչ գործողություններ նաեւ բուն բերքահավաքի ընթացքում: Այդ առումով, այս աշխատանքներն առավել կարեւորվում են: Ստեղծելով հակահրդեհային պաշտպանիչ գոտիներ՝ մենք կկարողանանք նաեւ մեր դաշտերը բաժանել հատվածների, որպեսզի հնարավոր հրդեհների ժամանակ կարողանանք ժամանակին տեղայնացնել հրդեհը եւ կանխել դրա հետագա տարածումը, հետեւաբար եւ՝ բերքի կորուստը»: Աշխատանքները կշարունակվեն նախատեսված պլանի համաձայն՝ լրիվ ծավալով, ինչի համար առկա են անհրաժեշտ բոլոր ռեսուրսները:

Քիչ անց ժամանեց նաեւ Մարտունու հրշեջների խումբը, որոնց հետ Կ. Աղաջանյանը զրույցի բռնվեց եւ ցուցումներ էր տալիս, իսկ ես նկատեցի, որ ընդամենը մի հարյուր հիսուն մետրի վրա մեր հենակետերն են… Այսպես, ղարաբաղցին շարունակում է ապրել ու արարել: Իսկ արդեն երեկոյան Մարտակերտի շրջանից վերադարձավ նախարար Արամ Մխոյանը, որն այնտեղ էր մեկնել ցանքսերի վիճակը ստուգելու նպատակով:
ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ
Ստեփանակերտ

«Առավոտ»

09.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930