Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողներն էլ են մեկնել սահման ու առաջնագիծ

Ապրիլ 09,2016 16:00

«Առավոտի» հետ զրույցում գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը ժամանակին հետեւյալ միտքն էր արտահայտել՝ այսօրվա մեծագույն բարիքն ու չարիքը ինֆորմացիոն հոսքերն են, որոնք հաճախ մոլորեցնում են մարդկանց եւ լավ կլիներ, որ ժողովուրդը հավատար մշակույթի մարդուն, հատկապես գրողին, քանի որ վերջինս պարտավոր է անկեղծ լինել իր ժողովրդի հետ:
Հանդիպեցինք գրականագետին՝ տեղեկանալու ոչ միայն վերջին օրերին Արցախի սահմանին ադրբեջանցիների վայրագ գործողությունների, այլ նաեւ ընդհանրապես արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակի առիթով մինչ օրս գրողների ստեղծած երկերի մասին:

«1990-ականների կեսերից, հատկապես 2000-ականներից

ը, որպես գրական նյութ, պատկերվեց տարբեր գրողների ստեղծագործություններում: Հրաշալի բանաստեղծություններ գրեցին Հրաչյա Թամրազյանը, Վարդան Հակոբյանը, Խաչիկ Մանուկյանը, ավելի ուշ՝ Հուսիկ Արան եւ մյուսները: Օրինակ, արձակում թեման լավագույնս գեղարվեստական արտահայտություն գտավ Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպում: Ի դեպ, այս վեպը գրված է պատերազմի մասնակցի կողմից, եւ գրողը ոչ միայն պատկերել է հայ ժողովրդի հավատքը, հոգեւոր մշակույթն ու արդար պայքարը, այլ նաեւ պատերազմի բերած չարիքը, ավերածությունները՝ որպես մարդու դեմ գործող ամենամեծ ոճիրներից մեկը: Նշեմ նաեւ այս թեմայով գրված հրաշալի պատմվածքների հեղինակներին՝ Վրեժ Իսրայելյանին, Արա Նազարեթյանին, Հովիկ Վարդումյանին, Հրաչ Բեգլարյանին: Թերեւս անհրաժեշտ է հիշյալ հեղինակների գրականությունը թարգմանաբար ներկայացնել տարբեր լեզուներով, որը եւս պատերազմ մղելու մի ձեւ է»,- հայտնեց Արմեն Ավանեսյանը: Ներկայացնելով մերօրյա հայ գրողի մասնակցությունը արցախյան սահմանին կատարվող վերջին դեպքերին, ասաց. «Հայ գրողը անմասն չի մնա, ավելին՝ նա մասնակից է: Էլեկտրոնային դաշտը լի է մեր զինվորին ոգեւորող ստեղծագործություններով:

Ընդ որում՝ մեր ոլորտից անմիջական մասնակիցներ էլ ունենք սահմանում: Առաջին օրվանից հայ դիրքապահների կողքին կանգնած են գրականագետ, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը, երիտասարդ բանաստեղծ Դավիթ Մշեցին: Կարծում եմ՝ էլի կլինեն գրչի մարդիկ, որոնց մասին ես տեղեկություն չունեմ: Մի բան ոգեւորող է. հայ զինվորը վստահ է, որ միայնակ չէ: Երբեւիցե մտքով չի անցնի, թե իզուր է իր ջանքը եւ ես ինձ վերապահում եմ ժողովրդի անունից երախտիքս ու զինակցությունս հայտնել մեր զինվորին: Ի վերջո, երկրի իրական տերերը նրանք են»:

Մեր զրուցակիցը պատմական ակնարկ կատարեց, հիշեցնելով, որ դարեր ի վեր եղել են պատերազմական վիճակներ կամ պատերազմի վտանգը գրեթե միշտ ուղեկցել է մեզ, ինչի համար, մեր զրուցակցի խոսքերով՝ պետք է «շնորհակալություն» հայտնել մեր հարեւաններին: «Այսօր ունենք նյութական եւ կենսամշակութային հաղթանակ, քանի որ մեր երկրի տարածքն արդեն ենթադրում է որոշակի մշակույթ՝ ժողովրդական ծեսերից սկսած, վերջացրած ճարտարապետական հուշարձաններով: Ինձ թվում է, որ մեր պայքարը զուտ մշակույթի համար է եւ ոչ այնքան հողի, քանի որ այս հողի վրա կա դարավոր մշակույթ: Իզուր չէ, որ ժամանակին Ստալինը առաջարկել է ներկայիս Հայաստանից եռակի, քառակի մեծ տարածք տրամադրել Ալթայի երկրամասում եւ հայերին վերաբնակեցնել այնտեղ…»,- հայտնեց գրականագետը: Հավելեց նաեւ, թե այսօրվա մեր հաղթանակը պայմանավորված է նաեւ հենց մեր մշակութային պատմությամբ ու պատահական չէր, որ 1960-ականներին ակտիվացան մշակույթի գրեթե բոլոր ոլորտները եւ հենց այդ մշակույթով դաստիարակված հայ մարդն էր, ով օրհասական պահին զենք բռնեց, չվախեցավ ու չդավաճանեց, որովհետեւ նա ուներ հայրենիքի ճիշտ գիտակցություն:

Փաստելով վերջին իրադարձությունների առիթով մեր ժողովրդի համախմբվածությունը ու ինքնապաշտպանական բնազդով ազգային գենի համար բռունցքվելը՝ Արմեն Ավանեսյանն ասաց. «Մեր մշակույթը այնքան էլ վատ վիճակում չէ, ինչպես տարբեր առիթներով խոսվում է դրա մասին: Բնական է, նորօրյա տեխնոլոգիաների գերզարգացածության ժամանակներում ավելի տեսանելի են դառնում հիմնականում ոչ մշակութային դրսեւորումները: Միայն մեկ օրինակ բերեմ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ոչ մի մշակութային ոլորտ, ինչպես հայտնի է, անտարբեր չմնաց խնդրից: Եղան նաեւ ազատ կամքի դրսեւորումներ, օրինակ՝ Պարույր Սեւակի ժառանգները իրենց միջոցներով վերահրատարակեցին ու տարածեցին «Անլռելի զանգակատունը», նշելով՝ «վաճառքի ենթակա չէ»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

09.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930