Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ մարզիկների ներկայությունը Թուրքիայում գնալով վտանգավոր է դառնում

Ապրիլ 09,2016 15:00

Որքան էլ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, մեղմ ասած, սառն են, մարզական միջոցառումների ժամանակ երկու երկրների մարզիկները ազատորեն հյուրընկալվել են միմյանց: Դա սպորտի օրենքն է, օլիմպիական գաղափարախոսության պահանջը: Մեր մարզիկների համար բացառություն է եղել միայն Ադրբեջանը, որտեղ անցկացվող միջազգային պաշտոնական մրցաշարերին մասնակցելուց առաջ բավականին լուրջ խնդիրներ կարգավորել-լուծելու անհրաժեշտություն է առաջացել. սկսած հայկական պատվիրակության բոլոր անդամների՝ ամենաբարձր մակարդակով անվտանգության ապահովման երաշխիքներից, մինչեւ այդ երկրի սահմանները լքելու պահը: Հայաստանում այս ամբողջ ընթացքում աշխատել են ձեռնպահ մնալ Բաքվում գտնվելու օրերին ունեցած անհարմարությունների, հոգեբանական լարվածությունների մասին խոսելուց: Մասնավորապես, մեր մարզական պատվիրակությունները հարեւան երկիր մեկնել են Թբիլիսիից՝ թաքուն, նրանց անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ: Պատահել է, որ բնակվել են լիովին մեկուսացված պայմաններում, տարածքից դուրս գալու հնարավորություններից զրկված՝ կալանավորի պես:

Մարզմանը կամ մրցմանը մասնակցելու համար ավտոբուսը մերոնց հասցրել է գրեթե հանդերձարան, որպեսզի անցանկալի շփումներ չլինեն ժողովրդի հետ: Մրցավայրում անգամ առանց անվտանգության ծառայողների ուղեկցության զուգարան չեն գնացել: Էլ չենք խոսում բուն մենամարտերի ժամանակ տրիբունաների վայրենի պահվածքի ու հայատյաց վանկարկումների ու սպառնալիքների մասին: Մինչդեռ, Հայաստանում ադրբեջանցի մարզիկները եղել են միանգամայն հակառակ կարգավիճակում: Մասնավորապես, Ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ հարեւան երկրի մարզիկները երեկոները հանգիստ զբոսնում էին Հանրապետության հրապարակում, վայելում երգող շատրվանների գեղեցկությունը:

Հայ մարզիկները մինչեւ հիմա խնդիր չեն ունեցել Թուրքիայում: Ինքս Հայաստանի մարզական պատվիրակության կազմում եղել եմ Անթալիայում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որտեղ Տիգրան Մարտիրոսյանը հռչակվեց չեմպիոն ու ի պատիվ նրա հաղթանակի, հնչեց Հայաստանի օրհներգը, բարձրացվեց Հայոց Եռագույնը: Բայց, ինչպես երեւում է, Թուրքիայում էլ իրավիճակը դեպի վատն է փոխվում:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամանել է Սամսուն՝ մասնակցելու Թուրքիայի այս քաղաքում անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքերով, Սամսունում իրենց հորդորել են անվտանգության նկատառումներով Հայաստանի ազգային հավաքականի «Armenian Boxing Team» մակագրությամբ մարզազգեստով քաղաք դուրս չգալ: Հայաստանի պատվիրակությանը նաեւ անվտանգության մի քանի աշխատակից է կցվել: Նրանք հերթապահում են հյուրանոցի առաջին հարկում եւ պատվիրակության անդամներին ուղեկցում հյուրանոցից դուրս: Իսկ առջեւում նաեւ ըմբշամարտի վարկանիշային մրցաշար կա այդ երկրում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

09.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930