Շատերը գիտեն, որ 1992 թվականի մայիսի 9-ը Շուշի քաղաքի ազատագրման օրն է։ Այս հաղթանակի մեջ աստվածային մեկ կարեւոր գործոն է ընդգծվել, որը կապված է Քրիստոսի հաղթական Խաչի խորհրդի հետ։
Շուշիի գրավումը վաղուց նախապատրաստված է եղել, սակայն, չգիտես ինչու, ծրագիրը չի հաջողվել ոչ ապրիլ ամսին եւ ոչ էլ մայիսի առաջին օրերին։ Եվ միայն հարձակման հաստատ որոշումն ընդունվել է մայիսի 7-ին։ Բացի այն, որ 7-ը Աստծո խորհրդակիր թիվն է, հաջորդ աստվածային խորհուրդը հայ զինվորներն են իրականացրել: Հարձակումից առաջ, բոլոր զինվորներն անխտիր` 2425 հոգի, մոտեցել են հոգեւորականներին եւ խաչ են խնդրել, որ խաչ կրելով գնան ճակատ։ Իհարկե, խաչը ամենքին չի բավարարել։ Եվ ովքեր չեն կարողացել խաչ ձեռք բերել` իրենք են կարմիր կտորից կտրել, ամրացրել իրենց վրա, եւ խաչի նշան դնելով թե՛ տանկերի, թե՛ զրահամեքենաների եւ թե՛ այլ զենքերի վրա: Հայ մարտիկները խաչ կրելով եւ իրենց զենքերի վրա խաչի նշան դնելով՝ այդպես գնացել են ճակատ։ Թե ինչպես է եղել, որ մեր զինվորները հանկարծ որոշել են խաչի նշանով ելնել մարտի, այս հարցի պատասխանը նշվում է Մաքսիմ Ոսկանյանի «Արցախյան վկայություններ» գրքում: Ըստ գրքի՝ քահանայի թոռ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը, ասել է.
– Խաչի նշանը աջ ձեռքի եւ մեջքի վրա կրելու հրամանը ես եմ տվել եւ այդ` ոչ պատահականորեն։
Արկադին ցույց է տվել հայերեն մի օրացույց 1915 թվականի, վրան գրված` սեղանի եւ գրպանի օրացույց` քայքայված տեղերը խնամքով սոսնձված:
– Այս օրացույցը միշտ էլ իմ սեղանին է, ես հիմնականում այս օրացույցով եմ առաջնորդվում, բնականաբար` Շուշիի ազատագրման օրերին էլ,-ասաց գեներալը։
Այս օրացույցում նշված էին մեր հոգեւոր բոլոր տոները։ Բնականաբար, նաեւ Խաչի երեւման տոնը, որ ըստ օրացույցի, կարծեմ, մայիսի 5-ին էր։
-Նաեւ խաչի նշանը մեր զինվորներին կտարբերեր ազերի զինվորներից, չէ՞ որ թե մերոնք, թե նրանք խորհրդային բանակի նույն համազգեստներն էին հագել,-ավելացրեց գեներալը։
-Մայիսի 5-ին էլ որոշել էինք հարձակվել, սակայն ձյուն եկավ եւ
հետաձգեցինք։ Եվ հարձակվեցինք մայիսի 7-ին։
Եվ մայիսի 9-ին տոնվեց փառավոր Հաղթանակը, որ ամենքին է հայտնի:
Խաչի խորհրդով հաղթանակը անօրենների դեմ պատերազմներում պատմության մեջ հայտնի է մի շարք վկայություններով։ Հիշատակվում է, որ Կոնստանդինոս արքան, երբ անօրեններից կրած մի շարք պարտություններից հետո աղոթել է Աստծուն, բացահայտ տեսիլք է տեսել՝ երկնքում երեւացող խաչի նշանը եւ մի գրություն, թե` Սրանով (Խաչով) հաղթիր։ Եվ իր դրոշակը Խաչը դարձրած, իսկ բոլոր զինվորները իրենց վահանների վրա խաչը դրվագելով, փոքրաթիվ խմբով հարձակվել են բարբարոսների մեծաթիվ բանակի վրա եւ հրաշալի հաղթանակ տարել։
Կարդացեք նաև
Թե ինչո՞ւ, օրինակ, միայն մայիսի 7-ին հաջողվեց հարձակվել եւ այդ օրը խաչի խորհրդի հետ ինչ-որ կապ ունի` նշվում է, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը այդ ժամանակ մի քանի օր անդադար աղոթել է եւ Սուրբ Հոգուց մղում ստանալով` մի օր աչքին ընկել է «Հայ եկեղեցու տոներ» գիրքը, բացել է մի պատահական էջ, եւ պարզվել է, որ բացել է այն էջը, որտեղ իր հարցի պատասխանն է: Երեմիան Խաչի տոնի մասին էր այդ էջը։ Պարզվում է՝ 357 թվականին, Կյուրեղ Երուսաղեմցու օրոք, Երուսաղեմ քաղաքում, մայիսի 7-ին երկնքում երեւացել է Խաչի նշանը։ Եվ այդ օրը, նշանը տեսնելով, հազարավոր հրեաներ եւ հեթանոսներ եկել-մկրտվել են։ Մեզ մոտ այս տոնը շարժական տոն է, սակայն բուն Խաչի երեւումը մայիսի 7-ին է եղել։ Այդժամ առաջնորդը հասկացել է, որ Աստված հետաձգում է հարձակումը, որ հարձակման օրը համընկնի Խաչի երեւման տոնի հետ, տոն, որ Սուրբ Հոգու մղմամբ եւ հրամանով Արկադի Տեր-Թադեւոսյանի` նշանավորեցին հայ զինվորները` ամենքն էլ խաչ կրելով եւ Աստծո ամենահաղթ այս նշանի զորավոր զորությամբ խիզախելով` բերեցին փառավոր հաղթանակի մեզ արդեն հայտնի պտուղը` Շուշիի ազատագրումը, որը ղեկավարում էր աստվածապաշտ գեներալը, որին Կոմանդոս` Զորությամբ հաղթող հրամանատար անվանեցին:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
09.04.2016