Ըստ ՊՆ մամուլի խոսնակի՝ ադրբեջանցիները, իրենց սովորության համաձայն, «Գրադից» կրակում էին բնակավայրերի մեջից, որպեսզի պատասխան հարվածից հետո հայերին մեղադրեն, թե կրակում են բնակավայրերի վրա
Երեկ «Շանթի» «Հեռանկար» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց, որ իրենց բնակավայրերը ապրիլի 2-6-ը լքած ադրբեջանցիները գուցե արդեն վերադարձած լինեն հետ. «Իրենց մոտ կարող են վերադառնալ, որովհետեւ իրականում բնակավայրերը լքել են շա՜տ մեծ թվով մարդիկ, եւ կարծում եմ, որ պետությունը կստիպի վերադառնալ, որովհետեւ շարունակվեր այդպես՝ կաթվածահար կլիներ այդ շրջանների կառավարումը, կոմունիկացիները եւ այլն, մանավանդ, որ մենք իրենց բնակավայրերի ուղղությամբ ակտիվորեն չենք էլ կրակել: Չնայած, երեւի տեսաք՝ «Լայֆնյուզի» ռեպորտաժում, որ իրենք, իրենց սովորության համաձայն, հենց բնակավայրի միջից էին «Գրադով» կրակում, որպեսզի մենք պատասխանենք, եւ ասեն՝ տեսեք հայերը կրակում են բնակայրերի վրա»:
Հիշեցնենք, որ «Լայֆնյուզի» թղթակիցներին Ադրբեջանից պարզապես վտարեցին՝ ռեպորտաժներից հետո, որոնցում ակնհայտ էր ոչ միայն մարդկանց խուճապը, այլեւ այն, որ ադրբեջանական «Գրադը» կրակում է բնակավայրի միջից: