Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՀՕՋ-ը կոչ է անում համահայկական «սպեցնազ»՝ հատուկ ջոկատ ստեղծել

Ապրիլ 09,2016 13:47

«Հիմա լրիվ ուրիշ պատերազմ է գնում ե՛ւ զենքի, ե՛ւ հետախուզության, ե՛ւ պատերազմի տեսակետից: Այսօր օրինակ՝ կան հակասնայպերական համակարգեր, որոնք որոշում են՝ երկու կիլոմետրի վրա սնայպեր կա թե չկա եւ այլ ժամանակակից միջոցներ: Տակտիկան փոխվել է՝ դիրքերում թաքնվել ու սպասել, որ Գրադով քեզ վերացնեն, տենց բան հիմի չկա»,-այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում ասաց ՄՀՕՋ-ի  (Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներ) միության նախագահ Խորեն Կարապետյանը:

ՄՀՕՋ-ի վետերանները մտավախություն ունեն, որ այս պատերազմը հնարավոր է չորս օրով չսահմանափակվի եւ վերածվի ավելի լուրջ պատերազմի, քանի որ Թուրքիային այն ձեռնտու է, եւ այդ մարտահրավերին մեր երկիրը պետք է պատրաստ լինի. «Հնարավոր է Նախիջեւանի կամ Հայաստանի մեկ այլ սահմանից հարձակում լինի, մենք պետք է միշտ պատրաստ լինենք»:

ՄՀՕՋ-ն առաջարկում է համահայկական «Սպեցնազ»՝ հատուկ ջոկատ ստեղծել, որը կպաշտպանի թե՛ Հայաստանի սահմանները, եւ թե՛ անհրաժեշտության դեպքում մեր այն հայրենակիցների անվտանգությունը, որտեղ որ նրանք կլինեն. «Պատմությունը ցույց է տվել, որ հարգում են նրան, ով ուժեղ է: Համահայկական «սպեցնազը» պարտադիր չէ տեղակայվի Հայաստանում, կարող է կղզի գնել եւ այնտեղ լինել, բայց այն պետք է, այդ առաջարկը մենք վաղուց ենք արել, եւ եթե մեզ լսեին՝ մենք կկարողանայինք շատ լուրջ գործողություններ կատարել Սիրիայում ԻԳԻԼԻ դեմ՝ փրկելով մեր հայրենակիցներին»:

Միության ղեկավարի խոսքերով՝ «Սլավյանսկիի» տղաները դասերից հետո ոչ թե տուն, այլ որոշել են ռազմի դաշտ մեկնել, սակայն նրանց բարեբախտաբար հետ են ուղարկել. «Մեր երեխաները որքան էլ հոգով ուժեղ են, բայց նրանք մարտական պատրաստվածություն չունեն: Պետք է մարտական հատուկ ստորաբաժանումներ ստեղծել, եւ այն երեխաներին, որոնք ուզում են տիրապետեն զենքին՝ կրթել, պատրաստել»:

ՄՀՕՋ-ի մարտիկ Լեւոն Մանասերյանն ասաց, որ մեր երկրում 15 տարի է՝ փաստացի ստեղծում ենք պայմաններ, որպեսզի մեր երեխաները մինչեւ բանակ գնալը ինչ-որ պատրաստվածություն անցնեն ուսումնարաններում, բայց այդպիսի ուսուցումն «այնքան էլ բարվոք դիրքերում չէ»:

Ըստ Լեւոն Մանասերյանի. «Երեխաները գնում են, բայց հատուկ պատրաստվածություն չեն անցնում, եւ նրանց դաստիարակներն էլ չունեն զինվորական պատրաստվածություն, որքան էլ համազգեստ են կրում»:

ՄՀՕՋ-ն առաջարկում է իրեն հնարավորություն ընձեռել՝ երիտասարդներին վերապատրաստելու եւ սեփական փորձը փոխանակելու, քանի որ գտնում է, որ հատուկ ջոկատայինների դեպքում հիմնական շեշտը դրվում է մտածելակերպի վրա, այլ ոչ թե գիտելիքի, թե ոնց զենքը կիրառեն. «Հատուկ ջոկատայինին սովորեցնում են ծայրահեղ ծանր իրավիճակում ոնց զենքը կիրառել, այդ պատճառով էլ ամեն մարդ չի կարող «սպեցնազ» մտնել: Կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ ոչ թե հրամանատարը, այլ «սպեցնազի» ծառայողն իր մի գործողությամբ  զինվորների կյանքը կարող է փրկել»:

Ներկայացնելով ռուսական «Ալֆա» հատուկ ջոկատայինների փորձը՝ միության անդամներն ասացին, որ այդ ջոկատ հազար հոգուց մեկին են ընտրում, քանի որ պոտենցիալ ջոկատայինը պետք է հատուկ ունակություններով օժտված լինի:
ՄՀՕՋ-ի մարտիկները, հիշելով արցախյան առաջին պատերազմը, նշեցին, որ Վազգեն Սարգսյանը, երբ օգնության կարիք է ունեցել, դիմել է իրենց,եւ ջոկատը հնարավորինս քիչ զոհերով դուրս է եկել ամենադժվարին իրավիճակներից. «Որովհետեւ գիտեինք կռվելու ձեւը, այն ժամանակ էլ չեղած տեղից մեծ զոհեր էին տալիս, հիմի էլ նույն վիճակն է, անտեղի տեղը մեծ զոհեր տվեցինք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930