ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են Հայաստանին եւ Ադրբեջանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Նրանք երեկ Ստեփանակերտից Ժամանել են Երեւան: Բաքվում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ հարցի լուծումը հետեւյալն է. տարածքների վերադարձ Ադրբեջանին ԼՂ կարգավիճակի դիմաց: Առայժմ որեւէ հայտարարություն չի եղել, որ Ուորլիքը Բաքվում նման բան չի ասել եւ իր խոսքերը խեղաթյուրել են ադրբեջանական ԶԼՄ-ները: Իսկ «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսել է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման մասին: Լրագրողի հարցին, թե ինչու հայկական կողմը չի ցանկանում, որ հակամարտող կողմերին բաժանեն խաղաղապահները, օրինակ՝ ռուսները, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ընդհակառակը, մենք պատրաստակամություն ենք հայտնել ստորագրել համապատասխան փաստաթուղթ, որը կնախատեսի այդ հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում՝ նաեւ երկու կողմերի միջեւ խաղաղապահների ներկայությունը։ Սակայն ադրբեջանցիները դա չեն ցանկացել»:
Այժմ փաստորեն ԵԱՀԿ ՄԽ ջանքեր է գործադրում, որպեսզի կողմերի միջեւ սկզբունքային համաձայնություն ձեռք բերվի քննարկել ղարաբաղյան խնդրի լուծման հետեւյալ տարբերակը. ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձնում որոշակի տարածքներ, զուգահեռաբար Ղարաբաղի անկախությունն է ճանաչվում Ադրբեջանի կողմից, զուգահեռաբար միջազգային խաղաղապահներ են տեղակայվում սահմանին: Դատելով Բաքվում Ուորլիքի հայտարարությունից, Ալիեւը առաջարկել է մոտավորապես այսպիսի մի տարբերակ. թող տարածքները վերադարձնեն, հետո կքննարկենք Ղարաբաղի կարգավիճակը, ինչը նշանակում է հետագա բանակցություններ` անկախությո՞ւն, Միացում ՀՀ-ի՞ն, թե՞ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Հայկական կողմը, բնականաբար, այս պայմանին չի համաձայնվի: Դատելով Սարգսյանի բռնած դիրքից, ՀՀ-ն պնդում է, որ խաղաղապահները միջազգային մանդատ եւ կազմ ունենան, ինչին էլ փորձում է ընդդիմանալ Ռուսաստանը: Դատելով այս օրերին ԱՄՆ-ի եւ Եվրոպական կառույցների պասիվությունից, վերջիններս սպասում են, որ նախ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյունու մեջ հարաբերությունների հստակություն մտնի:
Հ.Գ. Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման մասին Ռուսաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ չի զետեղվել Սերժ Սարգսյանի խոսքը՝ ուղղված ՌԴ վարչապետին: Ընդամենը որպես նախաբան նշված է, որ հանդիպման ժամանակ Սարգսյանը ներկայացրել է ղարաբաղյան զարգացումները եւ ափսոսանք է հայտնել, որ տարածաշրջանում իրավիճակի լարումը պատճառ է հանդիսացել ԵՏՄ նիստը տեղափոխելու համար: Սերժ Սարգսյանը, ինչպես երեւում է վերը բերված մեջբերումից, նման բան չի ասել: Ռուսական կողմը իրեն երեւի նվաստացած կզգար, եթե չակերտից չակերտ մեջբերեր Սարգսյանի ամբողջ խոսքը: Նույն հաղորդագրության մեջ Մեդվեդեւի խոսքից բացակայում են շատ կարեւոր առաջին երեք բառերը «Հարգելի Սերժ Ազատի»: Տպավորություն է, թե Մեդվեդեւը օդում է խոսել: Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպման մասին հաղորդագրությունը փոխարենը պարունակում է ե՛ւ Ադրբեջանի նախագահի, ե՛ւ Ռուսաստանի վարչապետի ամբողջական հայտարարությունները, հագեցած է կետադրական նշաններով, բացականչականներով, շեշտերով, հարգանքի դիմելաձեւերի պակաս առհասարակ չի զգացվում: Ավելին. նույն հաղորդագրության մեջ ամեն մեկից երկու հայտարարություն է դրված, մեկը` երկկողմ հանդիպման ժամանակ հայտարարությունները, երկրորդը` ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ արվածները: Բացի այդ, Մեդվեդեւը Բաքվից եւ Երեւանից վերադառնալով, այցի մասին ասուլիս է տվել, որի սղագրության 70 տոկոսը Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերություններին է նվիրված: Ներկայացնելով բոլոր ուղղություններով երկկողմ համագործակցության ծրագրերը, Մեդվեդեւը եզրափակել է. «Ես գտնում եմ, որ նման ծրագրերի եւ բարձր տեխնոլոգիական համագործակցության մեջ է ապագան»: Ահա այսպիսի շոկոլադային հարաբերություններ:
Կարդացեք նաև
Հ.Գ. Դմիտրի Մեդվեդեւի թվիթերյան էջում Երեւան եւ Բաքու կատարած այցերի մասով «պարիտետ է պահպանված». երկու թվիթ կա նույնանման լուսանկարներով: Պարզապես Ադրբեջանի մասին ՌԴ վարչապետը գրել է. «Ադրբեջանի հետ բարեկամության ավանդույթները ձեւավորվել են դարերի ընթացքում»: ՌԴ վարչապետն ակնհայտորեն ոգեւորության գիրկն է ընկել եւ իրեն ծիծաղելի վիճակում դրել՝ Ադրբեջանին վերագրելով դարերի պատմություն: Հայկական սոցիալական ցանցերում երեկ ամենաքննարկվողը Մեդվեդեւի պատմության տարրական գիտելիքներն էին, կամ ավելի ճիշտ` դրանց բացակայությունը:
Աննա ՀԱԿՈԲՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթ այսօրվա համարում: