Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պե՞տք է մասնակցի ԵԱՏՄ վարչապետների խորհրդի նիստին. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 09,2016 10:56

Հայաստանը պե՞տք է մասնակցի ԵԱՏՄ վարչապետների խորհրդի նիստին, որ բացարձակապես անհիմն պատճառաբանությամբ՝ հակամարտող կողմերից մեկին իբր չաջակցելու նկատառումով, Երեւանից Մոսկվա տեղափոխվեց, թե՞ սա այն դեպքն է, երբ արժե «բնավորություն ցույց տալ»՝ չգնալ այդ միջոցառմանը։ Մեր հարցերին պատասխանում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ

-ԵԱՏՄ-ն աշխարհաքաղաքական մեծ ծրագիր է, որը այսպիսի պարզունակ ձեւերով չի կարելի խափանել։ Դա մեր գործելաոճը չէ։ Կարծում եմ, մենք պետք է շարունակենք մեր կառուցողական ներգրավվածությունը բոլոր այն ձեւաչափերում, որտեղ ներկայացված ենք։

Հակառակը, հիմա ժամանակն է իրերն իրենց անուններով կոչելու, եւ մեր հիմնական խնդիրը պիտի լինի՝ ամեն ինչ անել, որ Ղարաբաղը դուրս չմնա այն համակարգերից, որոնց Հայաստանը անդամակցում է։ Խոսքը վերաբերում է նախ եւ առաջ ՀԱՊԿ անվտանգության համակարգին։
 

-Այս օրերին շատերը մտահոգությամբ արձանագրում են՝ ո՞ւմ է պետք Հայաստանի ներգրավվածությունը մի կառույցում, որտեղ երրորդ երկրի՝ Ադրբեջանի շահերը, ըստ էության, ավելի պաշտպանված են, քան Հայաստանի։

-Նախ, Հայաստանը լավ կյանքից չէ, որ մտել է Եվրասիական միություն։ Մենք ժամանակին բացատրել ենք, թե ինչու ենք կողմ քվեարկել ԵԱՏՄ մտնելուն եւ չենք զղջում դրա համար, որովհետեւ դրա այլընտրանքը չենք տեսնում։ Այսօրվա դրությամբ չկա տնտեսական այլ համակարգ, մեխանիզմներ, որոնց շրջանակներում կարող ենք իրացնել մեր հնարավորությունները։ Ուրիշ բան, որ գոյություն ունեցող մեխանիզմները պետք է լիարժեք ծառայեցնենք իրենց նպատակին, եւ այդ առումով լուրջ անելիքներ ունենք։

Մյուս կողմից, պետք է հստակեցնենք՝ իսկ որտե՞ղ է Ղարաբաղի տեղը ինտեգրացիոն այդ գործընթացներում՝ նույն տնտեսական, անվտանգության, այլ խնդիրների հետ կապված։ Սրանք հարցեր են, որոնք դիվանագիտական ճանապարհով լուծելի են։
 

 -Մեր չափից ավելի կառուցողական լինելու պատճառով չէ՞, որ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի մեր գործընկերները առանց «ձեւականությունների» ոտնահարում են մեր շահերը՝ երբեմն անտեսելով քաղաքական էթիկայի տարրական նորմերը։

 -Կառուցողականությունը չի ենթադրում շահերի ոտնահարում։ Ճիշտ հակառակը՝ նշանակում է կառուցել այնպիսի միջավայր, որտեղ դու կարող ես քո շահերը հետապնդել ավելի արդյունավետ կերպով։ Բնականաբար այդ կառույցներում ամեն երկիր իր շահն է հետապնդում, եւ եթե խոսելու լինենք Ղազախստանի մասին, այդ երկիրն առաջին անգամ չէ, որ նման կեցվածք է դրսեւորում՝ հանդես գալով որպես միջնորդ տվյալ կառույցի եւ այլ երկրների միջեւ, որոնք ընդգրկված չեն այդ ձեւաչափում։

Այսինքն՝ կառուցողական ասելով՝ մենք հասկանում ենք համապատասխանեցնել այդ կառույցը մեր շահերին՝ չխափանելով այն նպատակները, որոնց շուրջ միավորվել ենք։ Սա բոլորովին չի նշանակում զիջող լինել եւ ամեն ինչի հետ համաձայնել։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930