Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության դիմաց ապրիլի 8-ին տեղի ունեցավ բողոքի ցույց` ընդդեմ Արցախի սահմանին կատարվող զինադադարի խախտումների: Ցույցն սկսվեց հս և ալ Գերմանիայի հայոց հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Գաբրիելյանի տերունական աղոթքով: 200-ից ավելի ցուցարարներ այստեղ էին եկել տարբեր քաղաքներից` Մյունխենից, Նյուրնբերգից, Համբուրգից, Քյոլնից, Հալլեից, Փոթսդամից և այլն` արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայմայերից պահանջելու` կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան:
Նրանք իրենց բողոք-նամակը Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի հետ հանձնեցին արտգործնախարարություն` հույսով, որ Գերմանիան ադրբեջանական ագրեսիան զսպելու գործում իր ազդեցությունը կունենա. «Պարոն Շտայնմայերին հանձնեցինք մեր պահանջը, որովհետև միակ ճանապարհը մենք տեսնում ենք քաղաքական ձևով, որ Արցախի ինքնորոշման իրավունքը հստակ դրվի: Գերմանիան և Եվրոմիությունը կարող են իրենց լծակներն օգտագործել Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը կանգնեցնելու, իրենք էլ դա գիտեն, Ադրբեջանն էլ չի ժխտում, ակնհայտ ձևով նա ասել է այդ մասին»,- մեզ հետ զրույցում նշեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամ Սամվել Լուլուկյանը:
Իսկ թե ինչու են ցուցարարներն իրենց բողոքը նախ հայտնում արտգործնախարարին, պարոն դոկտոր Ժիրայր Քոչարյանը պարզաբանում է. «Մենք կանգնած ենք Արտաքին գործոց նախարարության դիմաց, որովհետև այս տարի Գերմանիան նախագահում է ԵԱՀԿ-ն, և ինքը ասելիք ունի, կարող է հիմնահարցի առթիվ միջամտել, կարող է ազդել նաև Մինսկի խմբի համանախագահների վրա: Արցախում հիմա վեց դիտորդներ կան, թող նրանց թիվը շատացնեն, որ տարբերություն չդնեն, այս ամենն Արցախն անում է, որ ինքնորոշվի, մենք պետք է ջանանք, որ չասեն Հայաստան-Ադրբեջան պայքար, այլ` Արցախ-Ադրբեջան: Ինչո՞ւ համանախագահները չեն բողոքում Ռուսաստանի դեմ, որ նա Հայաստանի դաշնակիցն է և զենք է ծախում Ադրբեջանին, Ռուսաստանն էլ Մինսկի խմբի մեջ է, այսինքն` ինքը հակառակ քայլ է անում` օգնելով պատերազմին»:
Ցուցարարների մեծ մասը կարծիք հայտնեց, որ Հայաստանը տեղի ունեցածից դաս պիտի քաղի, միակ հույսը պիտի լինի հենց հայ ժողովուրդը, պետք է Սփյուռքին էլ ավելի կապել Հայաստանին, «մեր գործն ուրիշին չհանձնենք, մենք պիտի անենք, չպետք է հավատանք զինադադարին, տեսնելով, որ Ադրբեջանը ամեն մի առիթ օգտագործում է, կրակում, մեր զինվորների կյանքը խլում»:
Կարդացեք նաև
«Մի երկու օր առաջ մեր նախագահն այստեղ էր, ասուլիսի ժամանակը Մերկելի քմծիծաղն ինձ դուր չեկավ,- ասում է պարոն Քոչարյանը,- Գերմանիայից ես գրեթե սպասելիք չունեմ, որովհետև Թուրքիան իր դաշնակիցն է, այս պահին էլ հատկապես Գերմանիայի խնդրանքով փախստականներին Թուրքիան է վերցնում, որ այստեղ չգան, ու Թուրքիայի միջոցով դա առկախվի: Այստեղի մամուլն էլ շարունակ շեշտում է, որ Հայաստանը կախված է Ռուսաստանից, գաղութներից մեկն է: Ճիշտ է մեր հարցերը մենք պետք է լուծենք, բայց դիվանագիտական տեսանկյունից ամեն մեկն իր տեսակետը պետք է հայտնի, Գերմանիան էլ, որ չի անում»:
Ցուցարարները հայերեն և գերմաներեն տարբեր լոզունգներ բացականչելով և երգելով արտգործնախարարությունից հասան մինչև Բունդեսթագ` «Ալիև մարդասպան», «կանգնեցրեք Ալիևին», «վերջ ագրեսիային», «զարթնիր Եվրոպա», «զարթնիր Գերմանիա», «Ղարաբաղը մերն է», «մենք հայ ենք, մենք Արցախն ենք», «Ալիևը պատերազմ է ուզում, մենք` խաղաղություն» և այլն:
Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Արվեստագիտության թեկնածու