Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղապահների մասին

Ապրիլ 09,2016 10:00

Օրերս պատասխանելով «Դոյչե վելե» լրատվամիջոցի հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը երբեք դեմ չի եղել Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, սակայն… Հայաստանում այդ «սակայն»-ից հետո ասվածն անտեսում են, եւ մնացածն այսպես են հասկանում. իբր վաղը կամ մյուս օրը ՄԱԿ-ը պատրաստվում է խաղաղապահներ տեղակայել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Հանրապետականները, իրար հերթ չտալով, սկսեցին փառաբանել այս փայլուն գաղափարը, ընդդիմադիրներից ոմանք էլ հայտարարեցին, որ դա դավադրություն է հայ ժողովրդի դեմ: Իրականությունը, սակայն, այլ է:

1994 թվականին կայացած ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ որոշում է ընդունվել ստեղծել Բարձր մակարդակի պլանավորման խումբ (OSCE high-level planning group)` անսահմանափակ ժամկետի մանդատով: Խումբը, մասնավորապես, պետք է ԵԱՀԿ գործող նախագահին առաջարկություն ներկայացներ Ղարաբաղում ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժերի թվաքանակի, կառուցվածքի, հրամանատարության, նյութատեխնիկական մատակարարման եւ այլնի մասին: Բայց դա այն դեպքում, եթե կողմերն ընդունեն խաղաղապահներ ենթադրող որեւէ տարբերակ: Դա չի նշանակում, հետեւաբար, որ երկուշաբթի օրը խաղաղապահները կժամանեն տարածաշրջան: Ինչպես 22 տարի չեն ժամանել, այդպես էլ կարող են չժամանել եւս 22 տարի: Սակայն վերոհիշյալ որոշման տակ կա Հայաստանի եւ Ադրբեջանի ստորագրությունը, քանի որ նման գագաթնաժողովներում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Գերմանացի լրագրողի հարցը ՀՀ նախագահին զուտ տեսական էր, եւ պատասխանն էլ էր տեսական` Հայաստանի բոլոր իշխանությունները պարտավոր են հարգել իրենց ստորագրությունը:

Այս պահին խաղաղապահներ տեղակայելը կնշանակի Արցախում հավելյալ լարվածություն ստեղծել: Մի զարմացեք, դա այդպես է. Լիբանանում, Ռուանդայում, նախկին Հարավսլավիայում խաղաղապահներն ամենեւին չկարողացան կանխել բռնությունները, մասնավորապես, խաղաղապահ ուժերը չկարողացան խոչընդոտել Բոսնիայի սերբերին կոտորել մահմեդականներին Սրեբրենիցայում կամ ալբանացիներին՝ կոտորել եւ տեղահան անել սերբերին Կոսովոյից: Խաղաղապահները, ուզեն թե չուզեն, ներկայացնում են իրենց երկրների շահերը:

Խաղաղապահների տեղակայումն իմաստ կունենա այն ժամանակ, երբ Արցախը կունենա անկախ պետության կարգավիճակ, եւ նրա ինքնիշխանության երաշխավոր պետությունները, թեկուզ՝ նույն Մինսկի խմբի համանախագահ պետությունները, կկազմեն խաղաղապահ գումարտակներ՝ Արցախի սահմանները ոտնձգություններից պաշտպանելու համար: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ պակաս կարգավիճակ, քան անկախությունն է, կնշանակի սարսափելի արյունահեղություն՝ հարեւան էթնոսին հատուկ մեթոդներով:

Առայժմ լավագույն խաղաղապահները մեր զինվորներն են:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Արդարեւ, օտար խաղաղապահների գոյութիւնը երկրի մը մէջ կը նվազեցնէ այդ երկրի գերիշխանութեան աստիճանը: Աւելին, երբ որ վերջին դէպքերը եկան հաստատելու թէ բոլոր օտար պետութիւնների հակումն է մեզ անտեսել եւ ի նպաստ Թուրքիոյ եւ Ադրբեջանի դիրքորոշվիլ, անհնար է որ մենք վստահինք ոեւէ օտար խաղաղապահների: Աղետալի գաղափար մըն է այս, եւ եթէ այսպիսի ուղղութիւններով է ընթանալու այժմու կացութիւնը, կը նշանակէ թէ թշնամին հասած է իր նպատակին:

    Բացի եթէ, ընդյատակեայ, անտեսանելի մակարդակի մը վրայ, ինչ-որ բաներ են կատարվում կամ կատարվելու են, լոկ երեւոյթներից դատելով՝ կարգին շվարած վիճակի մէջ ենք: Իսկ նոյնիսկ եթէ անյայտ զարգացումներ կան որոնք նպաստաւոր են մեզի, չի կարելի զանոնք լիովին թաքուն պահել: Ժողովուրդը վստահաբար արժանի է տեղեկանալու – եւ արագօրէն – թէ ինչ է իրագործվում, իրենց զաւակների թափած արեան շնորհիւ:

  2. henri says:

    Սովետի տարիներուն օրական անգլերէնով-ֆրանսերէնով և արեւմտահայերէնով լռատւութիւն կար.
    հիմա ճիշդ ատենն է կէսական ժամ տրամադրել այդ լեզուներով -ունինք շատ պատրաստ սերունդ մը որ կրնայ այդ ծառայութիւնը կատարել առանց լեզուները չարչարելու կէս-կատար թարգմանութիւններով ;կարծէք Հիմալայեան լեռներու կորսուած ձորի մը խմբակցութիւն մը ըլլայինք,սփիւռքի մէջ լաւ պատրաստուած և յարգուած խմբագիրներ ունինք,որու կը սպասենք;?
    Վերջերս կարդացի Ստալինի զոհերէն հրեայ տաղանդաւոր գրող ՄԱՆԴԷԼՇՏԱՅմի գրքոյկը ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ Ի ՀԱՅԱՍՏԱՆ բազմաթիւ թարգմանութիւններով ուր զօրաւոր ակնարկներ կան ազէրիները դատապարտող էջերու առաջին Հայ-թաթարական բախումներուն ատեն;
    Վերջապէս օգտագործելու ենք մեր բոլոր ուժերը;անդադար նոյն զինուորականները և նոյն նկարները տեսնելով անհետաքրքիր չդարձնենք այս բացառիկ առիթը;

  3. Լավատես says:

    Պետությունը երեք համարժեք բաղկացուցիչ մաս ունի՝ բանակ, փող ու օրենք: Մեր իսկ սահմանադրությամբ մեր օրենքները մեր հողի վրա չունեն գերակայություն միջազգային օրենքների նկատմամբ եւ քանի որ մեր օրենսդրական գործիչներները հնարավորություն չունեն արդյունավետ այդ միջազգային օրենքների վրա ազդելու, ստացվում է մենք սեփական օրենք չունենք, այսինքն՝ մեկ երրորդով մենք պետություն չենք: Քանի որ սեփական փող էլ իրավունք չունենք տպելու առանց միջազգային վերպետական մասնավոր կառույցների թույլտվության ու էդ ախմախ քոչվորներին էլ հակահարված չենք տալիս, ստեղ էլ մեր պետության մեկ երրորդը կորցրեցինք: Մենակ բանակն է մերը, այն էլ ուզում են սկզբից ՝խաղաղապահներով՝ փոխարինել ու դրանով վերացնել Պետությունը որպես նստակյաց ազգի գոյության միջոց: Հեռավոր Արեւմուտքի մի քանի հայրենասեր Նախագահներ փորձեցին սեփական փողը տպել, քոչվորները գլուխները կերան, հայրենասիրությունը դա պատերազմ է անհայրենիք քոչվորների ոտնձգությունների դեմ: Ցանկանում եմ մեր օրենսդիր մտավորականությանն ու ձեռներեց մտավորականությանը համարժեք լինեն մեր ռազմական մտավորականությանը:

    • Լավատես says:

      Սա էլ կողքից մարդու կարծիքը չորս օր առաջ տված հարցազրույցում, որից հետեւություն արեցի, որ մեր կառավարություններում ու տնտեսական բնագավառներում հայրենասերների խիստ պակաս է զգացվում:

      https://youtu.be/tHJTo7weZ9Q

  4. Պետրոս says:

    Ռուս խաղաղապահների մուտք@ շրջան որեւէ պահի եւ որեւէ առաքելությամբ կնշանակի Հայաստանի պատանդ դրության ուժեղացում: Ավաղ, սա է ԱԳՆ, եւ “էլիտաի” առհասարակ’ 22 տարվա անբանության հետեւանքը, որից կարելի է խուսափել միայն երկու դեպքում’ Ռուսաստանի ինքնափլուզման կամ վերջինիս ու Տաճկաստանի անմիջըկան բախման:

  5. Գեւորգ says:

    Ինչ բարդ բան կա այստեղ մեր վիճակը հասկանալու? Ռուսը պարզ ասել է, որ ձեռ չի քաշելու ոչ Հայաստանից ոչ էլ ադրբեջից (կարծում եմ՝ նաեւ Վրաստանից:) Հիմա զանազան մանիպուլյացիաներ է կիրառում իր գործն առաջ տանելու համար, հերթով մտրակելով ու սիրաշահելով կողմերին: Մենք ահագին հարմար տեղեր ենք բացել իր առաջ, դրա համար էլ ծեծ ենք ուտում ու ստորացվում, իսկ այդ պարագայում դիմացինի սիրաշահալու հերթն է գալիս բնականորեն: Սա կշարունակվի այնքան ժամանակ քանի դեռ մենք հեռու ենք պետական դիվանագիտություն հասկանալուց ու զգացմունքային – սիրողական մոտեցումներով ենք ղեկավարվում, մինչդեռ իրականում մենք ունենք հակախաղի շատ լուրջ հնարավորություններ՝ եթե միայն կարողանանք ձերբազատվել հայկական մոտիվներից ու մտածելակերպից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930