Ադրբեջանական կողմի սպանվածների պաշտոնական թիվը, թեև դեռ երկու օր առաջ ընդամենը 32 էր, սակայն ըստ «Meydan tv» ընդդիմադիր լրատվամիջոցի` երեկ հրապարակած տվյալների, այսօր արդեն հասել է 64-ի: Չնայած զորակոչման տեղամասերը ոչ բոլոր սպանվածների դեպքում են նշված, սակայն ըստ դրանց աշխարհագրության վերլուծության եւ սոցցանցային որոշ օգտատերերի գրառումների` սպանվածների զգալի մասն Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ են:
Այս մասին Aravot.am-ին հայտնեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը: Նրա փոխանցմամբ, տեղաբնիկ ժողովուրդներից ամենաշատ սպանվածներ ունեն կովկասյան պարսիկները (թաթերը)` 8, թալիշները` 7, լեզգիները` 3: «Հետաքրքրական է, որ պաշտոնապես հաստատված սպանվածների ցանկում չափազանց փոքր թիվ են կազմում այսպես կոչված «էթնիկ մեծամասնություն» հորջորջված ծագումով թյուրք ադրբեջանցիները, որոնք բնակվում են հիմնականում երկրի այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Բաքուն, Գանձակը, Նախիջեւանը, Մինգեչաուրը: Ըստ հրապարակված նոր տվյալների` բացի Մինգեչաուրից, որտեղից չկա որևէ սպանված, մնացած երեք քաղաքներից յուրաքանչյուրից կա ընդամենը մեկ սպանված: 2 սպանված կա Բաքվի շրջանի Բինագադի և Մարդակյան գյուղերից` երկուսն էլ թաթական: Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների վերլուծության, կովկասյան պարսիկեր են սպանվածների 12,5 % -ը, որը չափազանց մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ ըստ 2009թ.-ի ադրբեջանական մարդահամարի պաշտոնական արդյունքների` կովկասյան պարսիկները կազմում են Ադրբեջանի բնակչության 0,33%-ը»,-նշեց Արտյոմ Տոնոյանը:
«Տարիներ շարունակ Ադրբեջանը վարում է տեղաբնիկներին, այդ թվում` կովկասյան պարսիկներին շփման գիծ ուղարկելու քաղաքականություն: Եվ բնական է, երբ տեսնում ենք, որ շփման գծում սպանվում են հենց տեղաբնիկ ժողովուրդների զինծառայողները: Այդ պատճառով էլ «Շիրվանի ազատագրության ճակատ» թաթական կառույցը, որն իր առաջ նպատակ է դրել վերականգել պատմական Շիրվանի հետիսլամական շրջանի հայտնի պետականությունը` Շիրվանի Պարսկական Հանրապետություն անվան տակ, մի քանի օր առաջ տարածեց հայտարարություն, որով պահանջում է, որպեսզի ռազմաճակատում գտնվող կովկասյան պարսիկները վերադառնան իրենց գյուղեր եւ ինքնակազմակերպվեն` հանդես գալով ոչ թե հայկական ուժերի, այլ իրենց միտումնավոր կերպով ռազմաճակատ ուղարկող Ալիեւյան ռեժիմի դեմ»,-ասաց իրանագետը:
Նա տեղեկացրեց, որ կովկասյան պարսիկներն Ադրբեջանի իշխանություններից պահանջում են իրենց իրավունքների պաշտպանություն, մասնավորապես նաև` չուղարկել ռազմաճակատ միայն տեղաբնիկներին: Վերջիններիս համոզմամբ` իրենք պետք է պայքարեն սեփական պետականություն ստեղծելու համար, որի իրավունքը ունեն նաև պատմական անցյալի տեսակետից. պատմական Շիրվանը կովկասյան պարսիկների բնօրրանն է եղել:
Կարդացեք նաև
Արտյոմ Տոնոյանի բնորոշմամբ` Ադրբեջանի տեղաբնիկների հնարավորությունները գնահատելը դժվար է. «Տեղաբնիկների քաղաքական կազմակերպվածության իրական մակարդակը պարզ կլինի միայն այն պահին, երբ Ադրբեջանում խարխլվի բռնապետական համակարգը, երբ տեղի ունենան քաղաքական եւ ռազմական ցնցումներ: Ինչպես մյուս տեղաբնիկ ժողովուրդների, այնպես էլ թաթերի ինքնակազմակերպման եւ ազատագրական պայքարի դիմելու ունակությունները հենց այդպիսի իրավիճակներում միայն կարող են իրապես դրսևորվել, ընդ որում, բացառված չէ, որ նմանատիպ իրավիճակում թաթերը կարող են դաշնակցել մյուս իրանական ժողովուրդների, մասնավորապես` թալիշների հետ»:
Մեր զրուցակիցը եւս համոզմունք հայտնեց, որ Հայաստանը առնվազն հասարակական մակարդակով պետք է գործակցի Ադրբեջանի տեղաբնիկների հետ. «Պետք է կարողանանք հասնել նրան, որ տեղաբնիկներն իրենց կամքով հրաժարվեն գնալ սահման, քանի որ դա տեղաբնիկներից ազատվելու Ալիեւի քաղաքականության մի մասն է»:
Լուսանկարը` Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ