«Այս օրերին բազմաթիվ եզդիներ առաջնագծում են: Մենք հպարտ ենք, որ մեր հայ եղբայրների հետ պայքարում ենք թշնամու դեմ: Պատմության բոլոր դժվարին պահերին եզդիները հայ ժողովրդի հետ միասին պայքարել են»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշխարհի և Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Արցախից նոր վերադարձած եզդիական համայնքի հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանն էլ հայտնեց, որ ընտանիքից չորս հոգով են մեկնել սահմանագոտի, և այժմ էլ իր երեք եղբայրներն այնտեղ են:
«Մենք հաղթել ենք: Մեր տղաները հերոս են, իսկ ադրբեջանցիներն իրենց սպային թողնում են ռազմի դաշտում ու փախչում: Թող ոչ ոք չկասկածի՝ Ադրբեջանն իր նպատակին չի հասնելու, մենք տեր ենք մեր յուրաքանչյուր թիզ հողին: Արյան գնով ենք այդ հողը ձեռք բերել և չենք տալու ոչ ոքի»,- ասաց Բրո Հասանյանը:
Եզդիական համայնքի ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանն Ադրբեջանի գործողությունները որակում է որպես հայկական բանակի մարդկային և տեխնիկական ուժերը չափելու փորձ:
Կարդացեք նաև
«Այն, ինչ կատարվում է, ռազմական հանցագործություն է, միջազգային բոլոր իրավունքների կոպիտ խախտում: Միջազգային հանրությունն իրավունք չունի աչք փակելու այս ամենի վրա: Ինչպե՞ս կարելի է գերի զինվորի գլուխը կտրել կամ ծերունիներին սպանել և խոշտանգել»,- հավելեց Սիաբանդ Բաքոյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ