Գյումրու 102-րդ ռազմաբազայում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատական նիստի ժամանակ դատարանը հրապարակեց իրեղեն ապացույցները, դրանք ընդհանուր թվով 15 արկղ ու 3 փաթեթ էին: Դրանց մեջ Պերմյակովի ինքնաձիգն էր, որով սպանել էր Ավետիսյաններին, փամփշտակալները՝ մեկը դատարկ, մյուսը՝ լիքը, 26 կրակված պարկուճներ՝ հայտնաբերված դեպքի վայրից, որոնք փաթեթավորված էին, 16 գնդակ, սվին դանակ, գոտին, որի մեջ տեղավորել էր այդ սվին-դանակը: Իրեղեն ապացույցների մեջ էին նաեւ Պերմյակովի՝ Ավետիսյանների տանը թողած հագուստները՝ զինվորական կոշիկներ, բաճկոն, գոտի, ձեռնոցներ, սպանվածների հագուստները, մահճակալներից հանված անկողնային պարագաները, Պերմյակովի մազի ու արյան նմուշները:
Դատարանն այս ամենից հետո սկսեց տեսաերիզների ցուցադրումը, դրանք 15 հատ են: Առաջին տեսաերիզը դեպքի վայրից էր, Ավետիսյանների դաժան սպանությունից հետո նրանց տանը կատարված նկարահանումներ էին: Դրանք դաժան տեսարաններ էին պարունակում. երբ ցուցադրեցին սպանված Ավետիսյանների մարմինները, դատարանի դահլիճում նստած Ավետիսյանների հարազատները աղիողորմ լաց եղան, վատացան, քիչ մնաց ուշաթափվեին, իսկ Պերմյակովը, հատկապես սպանված փոքրիկների մարմինները դիտելիս, հրճվանքով, ակնապիշ նայում էր՝ կարծես ներքուստ հպարտ, որ ընտանիք է ոչնչացրել:
Կարդացեք նաև
Ի դեպ, տեսաերիզում դեպքի վայրում աշխատող քննիչներն ու քրեագետներն արձանագրեցին, որ Ավետիսյանների տանը գտնվող խաչը թարս է դարձված: Փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Տեսաերիզն էր ցուցադրվում դեպքի վայրի, մահացածներն էին նաեւ տեսագրության մեջ, ես ուշադիր հետեւում էի, թե ինչպես իրեն կպահեր Պերմյակովը, նշեմ, որ նա նույնիսկ չթարթեց աչքերը, նայելուց կարծես հաճույք էր ստանում: Ես ուշադիր հետեւում էի, թե երեխայի դիակի ցուցադրելու ժամանակ ինքը ինչպես իրեն կպահեր, նույն կերպ էր իրեն պահում, փաստորեն հերթական անգամ համոզվեցի, չնայած քրեական գործի բոլոր նյութերն են խոսում դրա մասին, նաեւ փորձարարություններ են կատարվել, նա լուրջ խնդիրներ ունի: Սա այն անձն է, որը սառնասրտորեն այդ հանցագործությունը կատարել է»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ