Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. Զենք մի՛ վաճառեք ո՛չ մեզ,  ո՛չ նրանց (Տեսանյութ)

Ապրիլ 08,2016 18:01

 

«Ես դա բացասական եմ գնահատում»,- ապրիլի 8-ին «Փաստարկ» մամուլի ակումբում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ի՞նչպես կգնահատի Ղազախստանի առաջարկությունը՝ ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենար Երեւանում, հետաձգել եւ տեղափոխել, ասաց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Ի՞նչ է նշանակում, որ Ադրբեջանը կարող է դա դիտել որպես միակողմանի աջակցություն: Լավ, եթե դուք Եվրասիական տնտեսական միությանն անդամ պետությանը չպիտի աջակցեք, բա էլ ո՞ւմ պետք է աջակցեք, ես չեմ հասկանում, պարո՛ն Ղազախստան, պարո՛ն Բելառուս: Կամ ես չեմ մերժում, որ ձեզ համար Ադրբեջանի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունները շատ կարեւոր են, իրոք կարող է այդպես լինի, բայց այդ դեպքում եկեք փաստենք, որ երկրորդական համարելով ձեր եւ Հայաստանի, այսինքն՝ Եվրասիական տնտեսական միության անդամներից մեկի տնտեսական հարաբերությունները, դուք, ըստ էության  ստվերում եք Եվրասիական տնտեսական միությունն ընդհանրապես, դուք վարկաբեկում եք այն գաղափարը, որի ակունքներում դուք եք կանգնած: Ժամանակն է իրերն իրենց անունով անվանել»,- ասաց նա:

Խոսրով Հարությունյանը համարում է, որ Հայաստանը պետք է մասնակցի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովին, բայց պայմանով, որ ՀՀ վարչապետը պետք է գնահատական տա:

Անդրադառնալով՝ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելուն, Խոսրով Հարությունյանը ասաց, որ կա մեկ հիմնավորում, որ Ռուսաստանի զենքի բոլոր պայմանագրերում ռուսական կողմն արձանագրում է, որ այդ զինատեսակի սպասարկումը, պահեստամասերի տրամադրումն ինքն է անում: Ըստ նրա, սա մարտավարություն է, այսպիսով՝ Ռուսաստանը այդ երկրներին դնում է իրենից կախվածության մեջ. «Ես ուզում եմ ենթադրել, որ երբ որ Ռուսաստանը զենք էր ուզում վաճառել Ադրբեջանին, անկասկած, այդ պայմանագրի կետը պահպանված է, նա հետամուտ էր այն նպատակին, որ դրանով իսկ իր հսկողության տակ եւ իրենից կախվածության մեջ էր դնում ադրբեջանական զինված ուժերին: Միգուցե:

Բայց այն իրավիճակը, որում մենք ենք հայտնվել, այն արկածախնդիր քաղաքական ղեկավարությունը, որն ունի Ադրբեջանը, այդ մոդելը կամ այդ պայմանագրի կետը ուղղակի  դառնա առոչինչ: Որովհետեւ ըստ էության, խոսքը այս րոպեական լուծումների մասին է: Այդ տեսակետից, ես ուզում եմ հիշեցնել, Հայաստանի նախագահը դեռեւս անցյալ տարի Մոսկովյան գագաթնաժողովում հնչեցրեց իր մտահոգությունները, որովհետեւ կար արդեն մի տեղ, որ դրանից այն կողմ այլեւս անթույլատրելի է: Ընդ որում, մեկնաբանելի չէ, որ մենք ձեզ մեկ այլ պայմաններով ենք զենքը վաճառում: Մի՛ վաճառեք ո՛չ մեզ,  ո՛չ նրանց: Ասում են՝ լավ, բայց եթե մենք չվաճառենք, ուրիշից կգնեն: Այո՛, բայց գոնե մենք կիմանանք, որ մեր ռազմական գործընկերը սպառնալիք չի ստեղծում մեզ համար: Այնպես որ կարծում եմ, մենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ աշխատելու, բանակցելու խնդիրներ ունենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930