Լրահոս
Օրվա լրահոսը

Մատաղիսում վիրավորվածներին այցելել է առողջապահության նախարարը

Ապրիլ 08,2016 17:49

ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող պայմանագրային զինծառայողին և Սիսիանի ԵԿՄ անդամին այսօր այցելեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը Մատաղիսում վիրավորվածներին զննել և առաջին բուժօգնություն է ցույց տվել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում։ Այնուհետև տուժածներին տեղափոխել են Երևան` Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։

Նախարարը հետաքրքրվեց վիրավորների առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը, մասնագետները տեղեկացրին, որ բուժման արդյունքում դրական շարժընթաց կա և մի քանի օրից նրանց վիճակը նկատելիորեն կբարելավվի։

Վիրավորվածներն ու նրանց հարազատներն իրենց գոհունակությունը հայտնեցին բուժման ընթացքից ու արդյունքներից։ Ուշագրավ է, որ դեռ 90-ականներին Արցախյան գոյապայքարին մասնակցած ԵԿՄ անդամ Գևորգ Ազոյանը նախարարի հետ զրույցի ընթացքում նշում էր, որ ամեն ինչ լավ է լինելու։

Արմեն Մուրադյանն այնուհետև այցելեց Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող վիրավորներին: Նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով այստեղ տեղափոխվել է երեք վիրավոր, որոնցից մեկը բուժումը շարունակում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Անդրանիկ Աթալյանն արդեն ապաքինման փուլում է, աչքից հեռացվել է երեք օտար մարմին, ինչպես նաև կատարվել է արհեստական ոսպնյակի պատվաստում: Վիրավորը հետվիրակատական բարդություններ չունի: Դավիթ Սահակյանի մոտ ևս կատարվել է աչքի բարդ վիրահատություն` աչքից հեռացվել է օտար մարմինը: Այստեղ ևս նախարարը զրուցեց հիվանդների հետ` հավաստիացնելով, որ նրանց ապաքինումը մշտական ուշադրության կենտրոնում է, և բոլոր անհրաժեշտ միջոցառումներն ու լիարժեք վերականգնողական բուժումը կիրականացվի բարձր մակարդակով:
ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն այսօր այցելեց Աշտարակի բժշկական կենտրոն` նախարարության անունից շնորհավորանքներ և նվերներ փոխանցելու Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղի բնակչուհի Քնարիկ Հարությունյանին։

_H6A5556

Քնարիկն այստեղ երրորդ արու զավակն է ունեցել։ Զինծառայող ամուսինը` Ալբերտ Օկումյանը, ստեղծված լարվածության առաջին իսկ օրից մեկնել է հայրենիքի սահմանը պաշտպանելու։ Նրանից առաջին հեռախոսազանգն ստացվել է օրեր անց` որդու ծնվելուց ընդամենը 5 րոպե հետո։ «Ասացի, որ մեր երրորդ տղան ծնվել է»,-պատմում է արդեն հիվանդանոցից դուրս գրվող Քնարիկը։ Իմանալով, որ ծննդաբերելու օրերն են` մայրն է ստիպել ազգականների հետ Կարբի` ամուսնու բարեկամների մոտ գալ։
Աշտարակի Բկ-ի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Սերգեյ Սաժումյանը, ողջ կոլեկտիվը մեծ հոգատարությամբ ու ջերմությամբ է շրջապատել երիտասարդ կնոջը։ «Քնարիկը սթրես էր տարել, և մենք մտավախություն ունեինք, որ կարող է բարդություններ լինեն։ Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ»,-ասաց բաժանմունքի վարիչը։

Նորածին Հայկին տանն սպասում են ավագ եղբայրները։ Քնարիկ Հարությունյանը կիրակի օրն արդեն մեկնում է Հովտաշեն։ Փոքրիկ Հայկն ու նրա ընտանիքն այնքան շատ նվերներ են ստացել, որ նույնիսկ տեղափոխելու դժվարություն ունեն։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930