Aravot.am-ը ապրիլի 8-ին «Փաստարկ» մամուլի ակումբում ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանին խնդրեց գնահատական տալ ստեղծված իրավիճակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքին:
Նա պատասխանեց, որ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) իր ղեկավարած քաղաքական հարցերի եւ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին: Նա ընդգծեց, որ մասնակցել է նաեւ ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին. «Իմ՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելու միակ նպատակը հետեւյալն էր, ես այդ հարցը կոշտ էի դրել, էլ ի՞նչ պետք է տեղի ունենա Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին եւ Լեռնային Ղարաբաղում, որպեսզի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը ինչ-որ մի կերպ արձագանքի, ի՞նչ եք ուզում, որ տեղի ունենա: Եվ դրա համար շատ կոշտ էր մեր հարցադրումը թե՛ ազգային անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովում, թե՛ այն հանձնաժողովում, որը ես եմ ղեկավարում:
Ես գտնում եմ, որ ցանկացած իրեն հարգող կազմակերպություն նման դեպքերում ինչ-որ կերպ պետք է արձագանքեր, օրինակ՝ ես գտնում եմ, որ պետք է հրավիրվեր ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտահերթ նիստ: Այդ հարցը մենք բարձրացրել ենք, եթե չէ, ապա անհապաղ պետք է մոնիթորինգի խումբ ուղարկվեր ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կողմից, երբ մարդիկ կգային իրենց աչքերով կտեսնեին: Ընդ որում, մոնիթորինգի խումբ պետք է ուղարկեր Լեռնային Ղարաբաղ, ոչ թե Ադրբեջան, որովհետեւ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ: Եթե ուզում եք, թո՛ղ ինչ-որ մեկն էլ գա Ադրբեջանում հետաքրքրվի, դա ինձ չի հետաքրքրում, դա ՀԱՊԿ-ի դիրքորոշումը չէ»:
Խոսրով Հարությունյանը ընդգծեց, որ իրենք հասել են նրան, որ մոնիթորինգի խումբը ապրիլի 14-ին կայցելի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. «Ավելին ասեմ՝ քաղաքական հարցերի եւ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովը ինձ՝ որպես նախագահ, լիազորել է, կախված իրադարձությունների զարգացումից, այդ հանձնաժողովի անունից հանդես գալ հայտարարություններով եւ դիմումներով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության հասցեին՝ պահանջելով ադեկվատ քայլեր ստեղծված իրավիճակներում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ