Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Եղիազարյանը 4-օրյա պատերազմից համոզվել է, որ մի շարք բացթողումներ ունենք (Տեսանյութ)

Ապրիլ 08,2016 16:39

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ հետեւություններ պետք է անենք 4-օրյա պատերազմից, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ասաց. «Ես չգիտեմ իշխանություններն ինչ են մտածում, բայց այս 4 օրվա մեջ ես համոզվեցի, որ մենք շատ բացթողումներ ունենք: Հակառակորդը շատ հեշտ անցավ մեր դիրքերի մոտով: Ճիշտ է, ստույգ տեղեկություններ չունեմ, որ ճիշտ գնահատական տամ, բայց ամեն դեպքում՝ հակառակորդն անցել է, նա ինչո՞ւ պետք է մեր խրամատներից անցներ, ուրեմն մեր խրամատները լավը չեն: Կամ գուցե լավն են, բայց շատ լավը պետք է լինի, որովհետեւ ամբողջ մի հարված, առաջին հարվածը այդ խրամատի մեջի զինվորն ու խրամատը վերցնում են իրենց վրա: Այդ առաջին խրամատը շատ կարեւոր է»:

Մանվել Եղիազարյանի համոզմամբ, երբ որ «ազերիները 15-20 հազար զոհ տային, նրանք երբեք քիթը չէին կոխի, չէին շարունակի կռիվը»:

«Արաբո» ջոկատի հրամանատարը կարծում է, որ արագ տեմպերով պետք է վերականգնել եւ առաջվանից էլ ավելի ապահով դարձնել խրամատները, որպեսզի հակառակորդը նվազագույն շանս ունենա այդ խրամատներն անցնելու. «Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, ինչ որ կոչվում է ապահովություն ու անվտանգություն հայ զինվորի, քանի որ մարդիկ 18-20 տարի երեխա են պահում, ուղարկում են հայրենիքը պաշտպանելու: Մենք իրավունք չունենք այնպես անել, որ նրանք զոհվեն: Թեկուզ մահն անխուսափելի է պատերազմում, բայց թող լինի տեղին ու գնահատականին զուգահեռ: Այդ բետոնի կառույցներից շատ բան է կախված»:

Մանվել Եղիազարյանի խոսքերով, այսօր իրականությունն այն է, որ հակառակորդի կողմից մարտի դաշտ են նետված ամենաորակյալ զենքերը. «Կարելի է ասել, որ մեր զինվորն անում է այն ամենն ու հնարավորը, որպեսզի իր հայ լինելն ապացուցի: Իսկական հայի կերպարը կերտում է այդտեղ»:

Ըստ մեր զրուցակցի՝ 90-95 թթ.-ին ոգու կռիվ էր` ով ոգով ավելի ուժեղ էր, ամուր էր նա էլ հաղթում էր, բայց այս անգամ «մասնագիտական եւ պրոֆեսիոնալ կռիվ է եւ շատ ծանր պատերազմ է, որից մենք պարտավոր ենք հաղթանակով դուրս գալ եւ դուրս ենք գալու»:

Մանվել Եղիազարյանը չգիտի` այս պատերազմն ինչով կավարտվի, սակայն կարծում է, որ, եթե պետք լինի, նախահարձակ կլինենք. «Ոչ ոք Արցախ չի տալու, Արցախը լինելու է Հայաստանի անբաժանելի մասը շատ շուտով եւ մենք տոնելու ենք այն հաղթանակը, որը դարեր շարունակ երազել ենք: Քանի որ մենք այս վիճակում, այս ժամանակաշրջանում պարտվելու իրավունք չունենք»:

Մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930