Ապրիլի 7-ին Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված մեծանուն քանդակագործ Արա Սարգսյանի ծննդյան 114-ամյակին:
1973 թվականից տուն-թանգարանն ընդունում է արվեստասեր այցելուներին: Տարբեր մշակութային միջոցառումներ ու դասախոսություններ են կազմակերպվում թանգարանի կյանքն աշխուժացնելու համար:
«Ամեն տարի նշում ենք Արա Սարգսյանի ծննդյան օրը: Ուզում ենք, որ նա չմոռացվի, որովհետև նրան կարծես թե մոռացության են մատնել, չեն ճանաչում: Մարդիկ կան, որոնք նույնիսկ թանգարանի տեղը չգիտեն, հրավիրում ենք, հարցնում են՝ որտե՞ղ է թանգարանը, իսկ ո՞վ է Արա Սարգսյանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քանդակագործի թոռնուհի Աննա Սարգսյանը, որը տուն-թանգարանի վարիչն է:
Պուշկինի 70 հասցեում գտնվող այս տանն ապրել են երկու մեծ արվեստագետներ՝ Արա Սարգսյանն ու Հակոբ Կոջոյանը:
«Սարգսյանին շենք են հատկացրել ու ասել՝ ընտրիր՝ ում հետ ես ուզում ապրել: Նա էլ ընտրել է Հակոբ Կոջոյանին: Երկար տարիներ ապրել ու ստեղծագործել են միասին: Կոջոյանը պապիս ձեռքերի վրա է մահացել 59 թվականին: Նրա մահից տասը տարի անց մահացավ Արա Սարգսյանը»,- պատմում է Աննա Սարգսյանը:
Թոռնուհին պապի հետ կապված շատ հիշողություններ չունի: Ութ տարեկան է եղել, երբ նա մահացել է:
«Տատիկս, ծնողներս չէին թողնում՝ մտնեի նրա արվեստանոց: Ասում էին՝ խանգարում ես: Երբ ներս էի մտնում, ինձ լավ էր դիմավորում, բայց զգում էի, որ մտքերով ուրիշ տեղ է: Բրամսի երաժշտությունն էր միացնում ու սկսում քանդակել: Քանդակելիս լրջանում էր: Տատիկն ասում էր՝ երբ լրջանում ես, գեղեցկանում ես»,- հիշում է քանդակագործի թոռնուհին:
Անձամբ իրեն պապիկը խորհուրդներ չի տվել, բայց հորը տված խորհրդին ինքն էլ է հետևում՝ որևէ բանից չի վախենում, չի ընկճվում:
Տիկին Սարգսյանը ժպիտով է հիշում Դիլիջանում անցկացրած ամառային արձակուրդները, իր ծննդյան օրը. «Մի խումբ նկարիչներ եկան Դիլիջան: Բոլորի ձեռքում ինձ համար նվեր կար: Մտածում էի՝ ինչ լավ ընկերներ ունի պապիկը: Վերջերս եմ իմացել, որ ինքն էր այդ բոլոր նվերները գնել և տվել ընկերներին, որ ինձ նվիրեն»…
Քանդակագործի ծննդյան օրը թանգարանը մարդաշատ էր:
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դասախոս, արվեստաբան Հասմիկ Պարանյանը ներկայացրեց քանդակագործի ունեցած մեծ ավանդը դիմաքանդակային արվեստում, այնուհետև երեկոյի հյուրերը դիտեցին Արա Սարգսյանի կյանքի ու ստեղծագործական ուղու մասին պատմող տեսաֆիլմ:
«Մարդկային դեմքերի, բնավորությունների, ապրումների մեջ նա կարողանում էր պահել քանդակվող յուրաքանչյուր մարդու անհատականությունը, սովորական դիմաքանդակը հասցնել կերպարի աստիճանի»,- նշեց արվեստաբանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ