Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյան. ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովի հետաձգումը աննորմալ երեւույթ է (Տեսանյութ)

Ապրիլ 08,2016 16:20

«Դիալոգ» մամուլի ակումբում ապրիլի 8-ին Aravot.am-ը ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանին խնդրեց անդրադառնալ ԵԱՏՄ-ի գործողություններին: Մասնավորապես՝ այն հանգամանքին, որ Ղազախստանը առաջարկել էր հետաձգել Երեւանում կայանալիք ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովը եւ տեղափոխել այն: Առաջարկը բավարարվել էր, եւ որոշվել էր վարչապետների գագաթնաժողովը հետաձգել մինչեւ ապրիլի 12-ը եւ տեղափոխել Մոսկվա:

«Հետաձգումը Երեւանից համարում եմ աննորմալ երեւույթ, եւ համարում եմ, ոչ բարեկամական քայլ իրականացված Ղազախստանի կողմից: Եվ համարում եմ ոչ նորմալ մոտեցում, երբ որ մնացած երկրները դրան համարժեք չարձագանքեցին: Իհարկե՛, այնտեղ տեսնում եմ տարր, որը Ղազախստանին թույլ տվեց դա արդյունավետ իրականացնել այն է, որ նա հիմա ԵԱՏՄ-ում նախագահող երկիր է, եւ հետեւաբար՝ այդ կոորդինացման երեւույթը կա իր վրա: Բայց սա էլ համարում եմ՝ ոչ կատաստրոֆիկ, որովհետեւ դրան արձագանքելուն, դրան պատասխանելու համանման, համարժեք քայլեր կատարելու հնարավորություններ դեռ կունենանք, կիրականացնենք եւ բոլորս կտեսնենք»:

Հարցին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ այդ գագաթնաժողովին, Կարեն Բեքարյանը պատասխանեց. «Ես հակված եմ նրան, որ ինչ ինֆորմացիա, որ հիմա տրվում է, շատ անկեղծ է տրվում, որ դեռ չկա որոշում: Ինչի՞ համար, ձեզ պարզ բացատրեմ, որ ինքը կանգնում է մի այսպիսի երկընտրանքի առաջ՝ դեմարշ, այսինքն՝ այն որոշման նկատմամբ իմ դիրքորոշումն արտահայտել չմեկնելով եւ դուռը խփել: Երկրորդ տարբերակն է գնալ եւ այդ իմ ամբողջ դժգոհությունը եւ այն ամենը, որ ինձ համար անընդունելի էր այս գործընթացում նստել, ասել նրանց երեսին այդ ընդհանուր սեղանին:

Հիմա, եթե մենք անդրադառնում ենք քաղաքական գործընթացին, քաղաքական գործընթացը հետաքրքիր բան ունի՝ դուռը խփում ես այն ժամանակ, երբ ուրիշ ոչ մի ելք չկա: Եվ հետեւաբար՝ կարող է շատ ավելի արդյունավետ լինել գնալը, դա բարձրաձայնելը, գործընկերների նկատմամբ հստակ սեփական վերաբերմունքն արտահայտելը, այդ թվում՝ հետագայում նման բաներից զերծ մնալու համար: Վստա՞հ եք, չէ՞, որ այնտեղ քննարկումների ներքո նաեւ այս ղարաբաղյան վերջին սրացումը չի կարող չլինել, վստա՞հ եք, չէ՞, որ այդ քննարկումների ներքո Ղազախստանը իրեն պետք է դնի դերում, որ ադրբեջանական մոտեցումը, տեսակետը փոխանցում է Եվրասիականի գործընկերներին: Չգնալով ո՞վ է դեմ խոսելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930