Ռուսական գազի գինը Հայաստանի սահմանին իջեցվել է 150 դոլարի, ինչպե՞ս սա կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա եւ ի՞նչ կարժենա գազը շարքային սպառողի համար: Այս թեմայով այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց՝ լավ է, որ սակագինն իջեցվել է, ռուսական «Գազպրոմը» գազի գինն իջեցրել է իր դուստր ընկերության համար՝ «Գազպրոմ Արմենիայի», իսկ թե վերջնական սպառողի համար որքան կարժենա, պարզ չէ դեռ:
Մելքումյանը հարց բարձրացրեց՝ արդյոք «Գազպրոմ Արմենիան» խոշոր ներդրումներ անելու է, թե՝ ոչ. «Կարծում եմ՝ ոչ: Հայաստանում գազաֆիկացման մակարդակը բավականին բարձր է, վերջին 1,5 տարում 1500-ից ավելի աշխատող է ընդունել աշխատանքի, աշխատավարձերը վերջին 1 տարում 119 հազար դրամից աճել է 227 հազար դրամի: Այսինքն, առաջիկայում առանձնապես մեծ ներդրումային ծրագրեր չի իրականացնելու»:
Բացի այս, ԱԺ պատգամավորը նշեց, որ մարզերում էլ գազից օգտվողները քիչ են՝ սակագնի բարձր լինելու պատճառով:
Մելքումյանի դիտարկմամբ՝ գազի գինը սահմանին որքան իջեցվել է, նույնքան էլ պետք է սահմանվի սպառողի համար: «Առաջարկում եմ դիվերսիֆիկացնել՝ գազի սպառողների 4 խումբ ունենալ, եւ սա հրատապ պիտի քննարկվի»:
Կարդացեք նաև
Քննարկմանը ներկա «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ ասաց՝ մոտ 2 միլիարդ խորանարդ մետր գազ ենք ներմուծում եւ դրա դիմաց ամեն տարի Ռուսաստանին 330 միլիոն դոլար ենք վճարում. «Հիմա 30 միլիոն դոլար պակաս պիտի վճարենք: Մենք շահեկան վիճակում կլինենք, եթե ռուսական ռուբլով վճարենք գազի համար, չնայած կառավարությունը քայլեր է անում այդ ուղղությամբ, բայց քանի որ Ռուսաստանն արտաքին պահուստների համալրման խնդիր ունի, բնական է, որ չի գնա այդ քայլին: Սակայն, մենք կարող ենք հասնել դրան, քանի որ Պուտինը խոսում էր ԵԱՏՄ-ում ռուբլիով հաշվարկներին անցնելու մասին»:
Պարոն Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ եթե գազի սակագինն իջնի, ապա էլեկտրաէներգիայինն էլ պետք է իջնի:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ նկատեց՝ գազի գինը իջեցնում են սահմանին, սակայն հանրությունն առնվազն 270 դոլար է վճարում դրա համար: Տնտեսագետը
գազի սակագնի նվազեցման մի քանի սցենարներ ներկայացրեց՝ «165 դոլարից 150 են դարձրել, առաջին մոտեցումը՝ 10 հազար խորանարդից ավելի, այսինքն, խոշոր սպառողները 230 դոլար են տալիս, առանց ավելացված արժեքի հարկի, հիմա 15 դոլարով պիտի նվազեցնեն: 2-րդ սցենարը՝ 15 դոլար նվազեցումը՝ մոտ 10% է, համամասնական սցենարով՝ գազի գինը 210 դոլար պիտի լինի: 3-րդ սցենարով՝ մրցակցային գինը, այս պարագայում տնային տնտեսությունների համար՝ 200 դոլար, 4-րդ տարբերակն անիրականանալի է. քանի որ 2019 թվականից Եվրասիական տնտեսական միության երկրներն ասիական միասնական էներգետիկ շուկայի են անցնելու, ապա Բելառուսի գնին հավասար գին պիտի լինի՝ 142 դոլար սահմանին, իսկ սպառողին՝ 160 դոլար»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ