Լրահոս
Օրվա լրահոսը

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը պնդում է, որ անձնագրում ծննդյան թիվը սխալ է

Ապրիլ 08,2016 15:48

Ապրիլի 8-ին Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատավարությունը: Կայացավ առաջին նիստը: Քրեական գործը քննում է դատավոր Վարդան Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր, 1995 թ. ծնված Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ այն բանի համար, որ նա ապօրինաբար Անի Մաջնունյանին դիտավորությամբ կյանքից զրկել է, որը զուգորդվել է ավազակությամբ:

Մուշեղ Մխիթարյանը դատարանում հայտարարեց, որ իր պաշտպան, փաստաբան Նարինե Ֆարմանյանը տեղյակ չի եղել, որ դատական նիստ է նշանակված, ինքն էլ երեկոյան է տեղեկացրել ու չի կարողացել նրան հայտնել:

«Իմ պաշտպան Մարինե Ֆարմանյանի բացակայությունը ինձ չի խանգարում, որ դատական նիստը չկայանա»,-ասաց նա:

yanus2

Դատավորը հարցրեց, թե ո՞ր թվականին է ծնվել մեղադրյալը, որտե՞ղ է բնակվում, որտե՞ղ է հաշվառված եղել, եւ արդյոք ծանո՞թ է եզրակացությանը;

Մեղադրյալը, պարզվեց, հստակ չէր հիշում ոչ միայն իր բնակության վայրի ու հաշվառված լինելու վայրի հասցեն, այլեւ սեփական ծննդյան թիվը:

Մուշեղ Մխիթարյան ասաց, որ ծնվել է 1983 թ.-ին, մինչդեռ դատավորը վկայակոչելով նրա անձնագրային տվյալները, ասաց, որ Մուշեղ Մխիթարյանը 1995-ին է ծնվել, այդպես է գրված նաեւ գործի նյութերում:

«Քննիչը երեւի սխալվել է, ես 1983-ին եմ ծնվել»,-պնդեց նա: Թեեւ գործի նյութերում նշված էր, որ մեղադրյալը միջնակարգ կրթություն ունի, վերջինս, սակայն, պնդում էր, որ ինքը 2003-ին ավարտել է Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտը, ինչպես նաեւ Սունդուկյան թատրոնի թատերական ստուդիան, որտեղ կուրսի ղեկավարն է եղել Խորեն Աբրահամյանը: Ստացվում է, եթե Խորեն Աբրահամյանը մահացել է 2004-ին, երբ Մուշեղ Մխիթարյանը 9 տարեկան էր, ուրեմն նա մանկահասակ է բարձրագույն կրթություն ստացել:

Մուշեղ Մխիթարյանը նաեւ պնդում էր, որ իրեն ձերբակալել են 2015 թ. օգոստոսի 6-ին, երեկոյան 19:50-ին, սակայն դատավորը, վկայակոչելով գործի նյութերը, ասաց, որ այնտեղ ձերբակալության ամսաթիվը եւ ժամը այլ են:

Մեղադրյալը ոչ մի կերպ չէր ընդունում, որ ինքը 1995 թ. է ծնվել, ասում էր՝ անձնագրում ճիշտ չի գրված:

«Ուրիշ փաստաթուղթ կարո՞ղ եք ներկայացնել…Մեզ բավարարում է ձեր անձնագիրը, որտեղ 1995 թ. է նշված»,-ասաց դատավորը:

«Ես արվեստագետ եմ, թատրոն եմ ղեկավարել»,- չէր նահանջում մեղադրյալը:

«Էդ անձնագրով ման եք եկել ու չե՞ք տեսել մեջն ինչ է գրված, հասկացանք՝ արվեստագետ եք, արվեստագետները լուսնից չեն իջել,-ասաց դատավոր Աբրահամյանը՝ նորից կրկնելով,- դուք 1995-ին եք ծնվել, հիշե՛ք, որ չմոռանաք»:

Հավելենք, որ առաջին նիստի ժամանակ բացակայում էին տուժողի իրավահաջորդը, հանրային պաշտպանը եւ դատակոչված վկաները: Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստը նշանակել ապրիլի 14-ին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930