«Այն ինչ ունենք հիմա աննախադեպ է՝ 1994 թվականից սկսած»,- ապրիլի 8-ին «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Նա նշեց, որ համախմբումը խոսում է այն մասին, որ մեր պետությունները հասունանում են, եւ նրանց զուգահեռ հասունանում է նաեւ հասարակությունը: Կարեն Բեքարյանը համարում է, որ Ադրբեջանի քարոզչական մեքենան եւ պետական մեքենան աշխատել են սեփական հանրությանը սրսկել այն գաղափարը, որ եթե իրեն թույլ տան, ապա ոչ ավելի, քան երեք օրում ռազմական ուժով «կազատագրի» թե՛ Ղարաբաղը, թե՛ հարակից տարածքները. «Ռազմական բյուջեն, որը հավասարվում էր Հայաստանի պետբյուջեին, եւ դրանով նրանք ամենօրյա կտրվածքով հպարտանում էին՝ նշելով, որ կարողացել են հասնել այնպիսի գերակայության, որ այդ խնդիրները կլուծվեն ընդամենը ժամերի ընթացքում: Գումարած դրան՝ մենք հիշում ենք միլիարդավոր գործարքները սպառազինությունների մրցավազքը, որը տարիների ընթացքում թելադրում էր կամ գոնե փորձում էր թելադրել Ադրբեջանը: Եվ այդ ամենը դրված էր մեկ նպատակի ծառայել՝ անգամ օգտագործվում էր մեկ արտահայտություն՝ պատերազմը չի ավարտվել, դա ընդամենը եղել է առաջին փուլ, եւ մենք այդ ամեն ինչ կապացուցենք երկրորդ փուլում»:
Սակայն 22 տարի նախապատրաստած ռազմական գործողությունների արդյունքը բոլորիս աչքի առաջ է, Կարեն Բեքարյանը սա համարում է ԼՂՀ պաշտպանության բանակի հաղթանակը. «Իրեն պետք էր այդ 22 տարին, իրեն պետք էր այդ ստացած օրերը, իրեն պետք էր այդ միլիարդներն այդտեղ մտցնել այդ մի քանի մետրի կամ մի քանի դիրքի համա՞ր: Ինձ թվում է՝ բոլորդ շատ լավ պատկերացնում եք, որ ոչ: Եթե մենք հետ ենք դառնում եւ նայում ենք ռազմական օրինակները, այսպիսի բլիցկրիգ նախատեսողը իր պլանավորման մեջ ունենում է առնվազն 1/3 հակառակորդի տարածքից»:
Կարեն Բեքարյանը համարում է, որ եթե այս ամենը դադարեր եւ Ադրբեջանը այդ 250 մետրն էլ չունենար, ապա Ադրբեջանի իշխանությունը կա՛մ պետք է ինքնասպան լիներ, կա՛մ հանձնվեր սեփական ժողովրդի դատին՝ հաշվի առնելով տված կորուստները, սեփական ժողովրդի նկատմամբ իրականացրած թալանը. «Սրանից հետո, եթե կլինի որեւէ անձ, երկիր, կառույց, կազմակերպություն, որ կպատկերացնի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ բնակչությունը կարող է որեւէ ուղղահայացի ներքո Ադրբեջանի հետ ապրել, պետք է առնվազն դրա համար կլինիկական հիվանդ լինել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ