Ապրիլի առաջին օրերին, ռուսական զենքի վերջին ձեռքբերումների լայն կիրառությամբ տեղի ունեցած ադրբեջանական հարձակումն առիթ դարձավ, որպեսզի Մոսկվան հերթական անգամ փորձի միջամտել և իր կայսերական հավակնություններին ծառայեցնել հայ֊-ադրբեջանական հակամարտությունը։
Ռուսաստանն արդեն հրավիրում է Ադրբեջանին միանալ Եվրասիական տնտեսական միությանը և Հավաքական անվտանգության պայմանագրին՝ դրա դիմաց առաջարկելով հայկական տարածքներ Արցախից։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ այդ կառույցները բոլորովին էլ Հայաստանի բարեկամները չեն, իսկ այսօր նաև թշնամու բացահայտ դաշնակիցներ են։
Տվյալ պահին գլխավոր սպառնալիքը ռուսական իբր խաղաղապահ զորքի հնարավոր մուտքն է Հայաստան և հակամարտության գոտի։ Այդ զորքի բուն առաքելությունը տարածքների հանձնումն է լինելու՝ հավասարակշռության խախտումը հայ֊ադրբեջանական շփման գծում և ռուսական ներկայության հավերժացումը տարածաշրջանում։
Սերժ Սարգսյանի՝ Երկրի ինքնիշխանությունը վաճառած վարչախումբը ոչ միայն չի դրսևորում բավարար կամք այս ծրագրին դիմակայելու համար, այլև արդեն հայտարարել է, որ երբեք դեմ չի եղել խաղաղապահների տեղակայմանը։ Հիմնավոր կասկածներ կան առ այն, որ Հայաստանից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման և Ստեփանակերտը բանակցային կողմ դարձնելու իրական նպատակը նույնպես այլ է՝ ենթադրվում է, որ վերջինիս ձեռամբ տարածքների հանձնումը կմեղմի ժողովրդական անխուսափելի ընդվզումը։
Կարդացեք նաև
Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել հազարավոր հայորդիների արյան գնով ազատագրված հայրենի տարածքի դիվանագիտական առևտրի առարկա դառնալը՝ ոչ ռազմական սպառնալիքի և ոչ էլ արտաքին ճնշումների ներքո։ Բոլոր պաշտոնատարներից պահանջում ենք․
1. Բացառել որևէ պատրվակով ռուս կամ այլազգի խաղաղապահների մուտքը տարածաշրջան և հստակ երաշխիքներ տալ, որ Հայաստանը ներկայացնող որևէ պաշտոնյա երբևէ չի բանակցի տարածքների հանձնման շուրջ։
2. Դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցներին, դյուրացնելով Ադրբեջանի անդամակցությունը իր դաշնակից երկրներին։
3. Վերացնել Արցախը Հայաստանից անջատող բոլոր իրավական հակասությունները և դաշնակցային հարաբերություններ կառուցել միայն այն երկրների հետ, որոնք ընդունում են այդ փաստը։
Հայաստանը և Հայ ժողովուրդն արժանի չեն Երկրում իշխող վարչախմբին, հերոսական Հայոց բանակը արժանի չէ նման գլխավոր հրամանատարի։ Սակայն վստահ ենք, որ այս վճռական պահին մեր միասնական կամքը թույլ կտա հաղթահարել բոլոր սպառնալիքները։
«Հայազն» կուսակցության վարչություն