«Պետք է պատասխանատվության կանչել այն անձանց, ովքեր պաշտպանում էին Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստը՝ գտնելով, որ ռազմավարական հարաբերություններում դա ոչինչ չի խախտում:
Եթե զենք ես վաճառում, ապա տալիս ես գործողություններ իրականացնելու «դաբրոն»: Հայաստանը հապշտապ պետք է վերանայի իր դաշնակիցների և կնքած պայմանագրերի ցանկը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն էլ պնդում էր, որ նախօրեին ադրբեջանական կողմի «Սմերչ»-ի հրթիռի չպայթելու փաստը վկայում է, որ ՌԴ-ն փչացած զենք է վաճառում Ադրբեջանին՝ պաշտպանելով դաշնակից Հայաստանին:
Այս մտքի հետ չհամաձայնեց Անուշ Սեդրակյանը. «Ոչ թե ռուսական զենքն էր փչացած, այլ դրանք օգտագործողները՝ ադրբեջանցիները»:
Կարդացեք նաև
Ինչու Սերժ Սարգսյանը նախօրեին Գերմանիայում այցի ժամանակ հայտարարեց, որ հայկական կողմը պատերազմում է 80-ականների զինատեսակներով: Ըստ տիկին Սեդրակյանի, այդ հայտարարությամբ նպատակ ուներ ապացուցելու, որ հայկական բանակը մարտունակ է։
Ի տարբերություն ՀՀ ԱԳՆ-ի, տիկին Սեդրակյանին հիացնում է Լեռնային Ղարաբաղի դիվանագիտությունը. «Այսպես ասած, այդ նոր փետրավորված դիվանագիտությունն ավելի ուժեղ է, քան ՀՀ դիվանագիտությունը: Եթե ինձ մնար, Գերմանիա կուղարկեի հենց Բակո Սահակյանին»:
Պարոն Շիրինյանն էլ նկատեց, որ Հայաստանում կան անօդաչու սարքեր արտադրելու բոլոր հնարավորությունները, բայց ըստ նրա. «Կոռուպցիոն ռիսկերը թույլ կտա՞ն»: Տիկին Սեդրակյանը հակադարձեց. «ՌԴ-ն թույլ չի տա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ