Եռօրյա Արցախ-Ադրբեջանական պատերազմը մեծ թվով հարցականներ առաջադրեց․
Ա․ Ո՞րն էր իրական դրդապատճառը
Բ․ Ովքե՞ր էին հակամարտող կողմերի դաշնակիցները
Գ․ Ինչպիսի՞ շարունակություն կարելի է սպասել և ինչ լուծումներ կան
Ա․ Ո՞րն էր իրական դրդապատճառը
Այս հարցի պատասխանը գուցե ամենահեշտն է։ Ադրբեջանում տնտեսական վիճակը խիստ ծանրացել է նավթի գնի անկման պատճառով, ներքին քաղաքական լարվածությունը մեծացել է, արևմուտքի կողմից ճնշումները երկրի վրա հասել են առավելագույնի։ Սրան եթե գումարենք Ադրբեջանի իսկապես անկեղծ բարեկամ և ռազմավարական գործընկեր Թուրքիայի շահագրգռվածությունը Հարավային Կովկասում ցնցումներ առաջացնելու հարցում, պատկերը կդառնա պարզ։ Թուրքիան լիովին կորցնելով իր դիրքերը Սիրիայում և կրելով խայտառակ պարտություն Ռուսաստանի հետ դիվանագիտական ճակատում, իր ողջ ուժերը կենտրոնացրեց ապագա ստեղծվող Քրդստանի դեմ պայքարում և սկսեց ուղիներ որոնել Ռուսաստանին ևս մի անգամ մեջքից հարվածելու համար։ Ավելացնենք նաև ԱՄՆ նախագահ Օբամայի աննախանձելի վիճակը Ուկրաինայի հարցում խիստ կասկածելի հետևանքներ ունեցող հեղաշրջում կազմակերպելուց հետո կրած խայտառակ պարտությունը Սիրիայում։ Արդյունքում Օբամային և Էրդողանին ոչինչ չէր մնում, բացի Ռուսաստանի դեմ միավորվելուց և Հարավային Կովկասում անկայունություն ստեղծելու փորձ կատարելուց։ Այսպիսով, Ալիևը, Էրդողանը և Օբաման, անտեսելով մադրիդյան սկզբունքների կարևորագույն պայմանն առ այն, որ բացառվում է Արցախյան հարցի լուծման մեջ ուժի կիրառումը, գուցե և «հանուն» այդ մադրիդյան սկզբունքների իրականացման, որոշեցին սկսել եռօրյա լայնածավալ պատերազմի իմիտացիա։ Ուրիշ ո՞ր երկրները տեղյակ էին այս ծրագրին և մասնակցություն ունեցան (եթե կային այդպիսի երկրներ), կպարզվի ժամանակի ընթացքում։ Ամեն դեպքում, նման ռազմական թատերականացված սցենարի կողմնակիցները մինիմում վերոհիշյալ երեք երկրներն էին։
Բ․ Ովքե՞ր էին հակամարտող կողմերի դաշնակիցները
Եռօրյա պատերազմը հստակ ցույց տվեց, որ Ադբեջանն ունի կարկառուն գործընկեր, որը նրա հետ կկիսի նաև պատերազմի բեռը, խոսքն անկասկած Թուրքիայի մասին է։ Գումարենք դրան նաև մուսուլմանական տասնյակ երկրներ, որոնք անվարան կկանգնեն Ադրբեջանի մեջքին։ Զարմանալի է, բայց Ադրբեջանին մտերիմ բարեկամ և ակտիվ գործընկեր հայտարարեց իրեն նաև Ռուսաստանը։
Հայաստանի հարցում որպես գործընկերներ աչքի ընկան այն երկրները, որտեղ կա հզոր հայկական լոբինգ և ակտիվ հայկական համայնքներ։ Այդ թվում, պատրաստ էին իրենց վճռական խոսքը ասելու Կիպրոսը, Սլովակիան, Հունաստանը և մի շարք այլ եվրոպական երկրներ։ Անհավատալիորեն լուռ էր Ռուսաստանի հզոր հայկական համայնքը (ակտիվության իմիտացիա, որը փորձեց ներկայացնել Ռուսաստանի հայերի միությունը, համարում ենք ավելի շատ խայտառակություն, քան գործ)։ Եվ հատկապես անհասկանալի էր ռուսական դիվանագիտության արձագանքը իր ռազմավարական ընկեր Հայաստանի նկատմամբ։ Հայաստանի և ողջ աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար սա nonsense էր և անհասկանալի ու նույնիսկ ամոթալի փաստ։ Ողջ երկրագնդի վրա, եթե Ռուսաստանը ունի իրեն անկեղծորեն նվիրված ռազմավարական գործընկեր, ապա դա Հայաստանն է։ Նման դիվանագիտական խաղեր Հայաստանի նկատմամբ, Ռուսաստանը իրավունք չուներ ցուցաբերելու։ Դնել հավասարակշռության նշան Հայաստանի և ադրբեջանի միջև նշանակում է հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը իջեցնել մինչև ռուս-ադրբեջանականի։ Սա ձեռնտու՞ է արդյոք Ռուսաստանին։ Անկասկած՝ ոչ։ Չէ՞ որ Եվրոպան և աշխարհը Ռուսաստանին և նախագահ Պուտինին անիրավորեն մեղադրում են իրենց բարեկամ երկրների հետ ոչ անկեղծ վարվելաձևի մեջ։ Եթե հարցնեք լեհին, ուկրաինացուն, ապա նրանք չափազանց ագրեսիվ կերպով կարտահայտվեն Ռուսաստանի դեմ։ Չեխերը և սլովակները կխոսեն 1968թ․ դեպքերի շուրջ և կասկած կհայտնեն։ Բուլղարները և ռումիններն ամբողջովին անցել են օվկիանոսից այն կողմ և դարձել օտարին գործընկներ։ Ռուսաստանի հետ խիստ կասկածելի են իրենց պահում Բելոռուսիան և Ղազախստանը։ Էլ չենք խոսում Վրաստանի մասին, որտեղ սերմանվել է անհարկի ատելություն Ռուսաստանի նկատմամբ։ Ահա այս ֆոնի վրա Հայաստանը միակն էր, որը և՛ մշակութային, և՛ զգացմունքային, և՛ այլ հնարավոր կապերով կապվել էր Ռուսաստանի հետ։ Այո՛, այստեղ կար ակնհայտ սխալ, քանզի Հայաստանի իշխանությունները, բացառապես զրոյացնելով մեր ինքնիշխանությունը, գնացին ավելի շուտ ստրկամիտ քաղաքականություն վարելու ուղով և զիջեցին Ռուսաստանին ամեն ինչ, նույնիսկ այնպիսի հարցերում, որտեղ Ռուսաստանը զիջողություն չէր կարող երազել անգամ։ Բնական է՝ Հայաստանի դիրքերը աննախադեպ թուլացել են և Հայաստանի իշխանությունները կորցրել են գործընկեր լինելու ստատուսը․ ստացել են կատարողի և այն էլ՝ անվերապահորեն կատարողի ստատուս։ Նման իրավիճակում, իհարկե, Նազարբաևը կարող էր իրեն թույլ տալ ԵԱՏՄ-ի հավաքի ժամանակ հայտարարել, որ իր ընկեր Իլհամ Ալիևը կոմֆորտի մեջ չի լինի, եթե․․․․․․․․․․։
Այո, օգտվելով Սերժ Սարգսյանի փալաս լինելուց, Նազարբաևը իրեն այդպիսի շքեղություն թույլ տվեց և քայլեց ՀՀ նախագահի, ասել է թե՝ ողջ Հայաստանի վրայով։ Բնական է, որ բոլորովին զարմանալի չեղավ, որ այսօր պարոն Նազարբաևի խնդրանք-պահանջով Ռուսաստանը որոշեց Երևանում չանցկացնել ԵԱՀԿ վարչապետների հավաքը, քանզի պարոն Նազարբաևը այդ էր պահանջել նախագահ Պուտինից՝ կրկնելով նույն պատճառաբանությունը․ «Իլհամ Ալիևը հանկարծ չնեղանա»։ Այսպիսով, Հայաստանի իշխանությունների բացառիկ ոչ արհեստավարժ և տգետ քաղաքականության արդյունքում վայելում ենք այն, ինչը նույնիսկ մղձավանջային երազում չէինք կարող պատկերացնել։ Ռուս ժողովուրդը հայերի նկատմամբ ունի չափազանց բարձր համակրանք, որը փոխադարձ է։ Ռուս մտավորականությունը, ընդհուպ ողջ դիվանագիտական դպրոցով հանդերձ, հայ ազգի հետ է և Հայաստանին համակրում է։ Այսօրվա վերաբերմունքի պատճառը պետք է բացատրել Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցրած և ամեն տիպի ընտրությունների դասական կեղծարար Սերժ Սարգսյանի և նրա շուրջը հավաքված քրեաօլիգարխիկ համակարգի գոյությամբ։ Իր գոյությունը քարշ տալու համար ամեն ինչի պատրաստ նման իշխանության հետ վարվում են ճիշտ այդպես։ Ռուսաստանը և Ռուսաստանի դիվանագիտական դպրոցը, ելնելով իր երկրի շահերից, հարգանքի տուրք է մատուցում այնտեղ, որտեղ դրա կարիքը կա։ Ռուսական ԱԳՆ-ում և Պետդումայում կա համատարած կարծիք, որ Հայաստանն ունի հայ ժողովրդի ինտելեկտուալ մակարդակին ոչ վայել, ցածր ինտելեկտով և կրթական ցենզով նախագահ։ Ի հակադրություն դրան, Ալիևը ունի բարձր կրթական ցենզ և նրա ինտելեկտուալ մակարդակը միջին ադրբեջանցու ինտելեկտուալ մակարդակից շատ ավելի բարձր է։ Ահա այս ամենի պատճառով Արցախը այսօր տվեց անիմաստ զոհեր և հայտնվեց առավել անորոշ իրավիճակում։
Գ․ Ինչպիսի՞ շարունակություն կարելի է սպասել և ինչ լուծումներ կան
Վերլուծությունից հետևում է, որ շարունակելը բանակցել «մադրիդյան նորացված սկզբունքների» շուրջ, բացարձակ անիմաստ է, և այն բերում է մեր ազգի ունեցած ձեռքբերումների կորստին։ Այսօր աբսուրդ է խոսել Արցախի և Անվտանգության գոտու տարածքներից մեկ թիզ զիջելու մասին։ Ցանկացած ռազմական մասնագետ կհաստատի, որ առանց Արցախի Անվտանգության գոտու Արցախը չի կարող գոյատևել, իսկ առանց Արցախի՝ նաև Հայաստանը։ Բնական է, որ աշխարհի տասը միլլիոն հայությունը պետք է պահանջի Սերժ Սարգսյանից դադարեցնել այլևս «մադրիդյան նորացված սկզբունքների» երազանքների փայփայելը։ Վիճակը շտկելու համար անհրաժեշտ է բանակցել Ռուսաստանի հետ Արցախի Անկախությունը ընդունելու հարցում և խորհրդակցել ճիշտ Ղրիմի նման՝ Արցախը Հայաստանի կազմ ընդգրկելու շուրջ։ Պետք է արմատից կտրել Արցախը Ռուսաստանին միացնելու այդ՝ ապագա չունեցող միտքը։ Պետք է ընդհուպ նախապատրաստվել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունները հաստատելու քայլին։ Բարձր մակարդակի դիվանագիտական բանակցություններ վարելու դեպքում, հատկապես հավատացած լինելով, որ Հայաստանի կողմից Արցախի անկախությունը հայտարարելուն կհաջորդի տասնյակ երկրների կողմից Արցախի Անկախության ընդունումը, կարելի է համոզել Ռուսական իշխանություններին այդ քայլի անհրաժեշտության հարցում։ Բոլորին հայտնի է, որ ՀՀ ԱԳ նախարարի չափազանց թույլ պերսոնայի պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրների մի հսկայական մաս իր վրա է վերցրել և իրականացնում է հայկական լոբինգը։ Հայ լոբիստների և համայնքների արհեստավարժ ղեկավարների հետ աշխատանքների կոորդինացնելու դեպքում վերը նշված խնդրի լուծումը իրատես է։ Այսօրվա պահը մեզ թելադրում է նման ուղով ընթանալ, քանզի սպասել, որ հաջորդ պատեհ առիթը լինելու է մոտակա ժամանակներում, կարող է լինել սխալ։ Առաջարկում եմ առավելագույն արագությամբ կողմնորոշվել և ունենալ քաջություն՝ Արցախի հարցի այս լուծումը տալու համար։
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ
Դոկտոր Աշոտ Գրիգորյան
08․04․2016
Ռուս հանճարեղ կինոռեժիսոր Էլդար Ռյազանովին «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» հրաշալի ֆիլում, դեռեւս չսթափված Ժենյա Լուկաշինը՝ իրերը խառնող, խանդից տրամաբանությունը կորցրած ու հասարակ բաները չհասկացող Իպոլիտինի վրա զարմանալով ու զայրանալով գոչում է. Ну какой Вы тупой…. Հիմա մենք ենք…. խանդից չէ, բայց վախից խառնվել ենք իրար ու չենք հասկանում հասարակ մի բան, որ Ղարաբաղը Հայաստանի կազմում է 1989թ. դեկտեմբերի 1-ից: Եղբայր, տե՛ր կանգնիր քո որոշմանը, ո՞վ է ձեռքդ բռնել: Ի՞նչ տարբերություն այն ժամանկվա ընդունած կամ հիմա կամ հետո ընդունելիք նման որոշման միջեւ: Բացատրեք, հասկանանք: