Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարմացած էի, երբ Կարեն Վարդանյանն ասաց՝ կա անտարբերություն մեր զինտեխնիկայի նկատմամբ». Արկադի Տեր-Թադեւոսյան

Ապրիլ 08,2016 14:20

Այսօր լրագրողները «Հայացք» ակումբում Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ Կոմանդոսին խնդրեցին համեմատել 90-ականների Արցախյան պատերազմը վերջին օրերին 4-օրյա պատերազմի հետ: Նա պատասխանեց, որ «Նախորդ պատերազմի ժամանակ այդքան Սմերչ ու նռնականետեր մեր գլխին չի թափվել: Շատ բաներով է տարբերվում: Մի բան է մնացել նույնը, որով մենք այն ժամանակ հաղթեցինք, դա մեր մարտական ոգին է»:

Արկադի Տեր-Թադեւոսյանն ասաց, որ այդ երկու պատերազմները տարբերվում էին նաեւ օգտագործված զենքերով. «Հավանականությունը, որ շատ մարդու կորուստ կլինի, մեծ է: Տեսեք, ընդամենը 4 օր է եղել պատերազմ՝ 44 զոհ, մի տարի, որ գնա, ինչքան զոհ կլինի: 90-ականներին էլ ահագին զոհ ունեցանք: Այս պատերազմը մեզ դառը դաս տվեց»:

Ըստ Արկադի Տեր-Թադեւոսյանի, քաղաքական խաղեր են գնում: Ադրբեջանը, իր սադրիչ գործողություններով, ուզում է ճնշել ոչ միայն մեզ, այլեւ իր ժողովրդին:

Մեր հարցին՝ լուրեր տարածվեցին ԼՂՀ ՊԲ-ի կողմից, որ հայկական «սպեցնազը» ադրբեջանական Տափկարա-Կոյունլու գյուղի մոտից առգրավել է իրենց ռազմական մեքենան՝ զինտեխնիկայով: Սա ինչի՞ մասին է խոսում, հակառակորդն այդ աստիճան անուշադի՞ր է, թե՞ մերոնք են խիստ պրոֆեսիոնալ՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը պատասխանեց. «Դա նշանակում է, որ կան մասնագիտական խմբեր, որոնք իրենց առաջադրանքը կատարել են»:

Հարցին՝ ասում են՝ մեր մարդկային կորուստների մեծ մասը հակառակորդի անօդաչու սարքերից է եղել, մինչդեռ մեր տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները տարիներ շարունակ ասում են, որ կարող են մեր բանակի համար այդ անօդաչու սարքերից պատրաստել, ոչ մի արձագանք ՊՆ-ից չեն ստանում, ի՞նչն է խնդիրը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը պատասխանեց. «Ես վերջերս եմ խոսել Կարեն Վարդանյանի հետ, ով տեղեկատվական տեխնոլոգիաների այդ ընկերությունն է ղեկավարում եւ ես զարմացած էի, որ ասում է՝ կա անտարբերություն այդ զինտեխնիկայի նկատմամբ: Նա ասաց՝ ոչ ոք չի ուզում: Մինչդեռ, ընդհակառակը, մեր դառը փորձը ցույց է տալիս, որ այդ սարքերը մեզ պետք են»:

Մեր դիտարկմանը, որ ՊՆ նախարարը ժամանակին պարզաբանել է, որ երբ ծրագիրն իրականացնում են, խորանում են, պարզվում է՝ առաջարկն այնպես չի, որ մատչելի է, դա շատ թանկ է նստում՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը պատասխանեց, որ կարող են եւ գնել, եւ տեղում պատրաստել, դա արդեն չգիտեմ, թե որն է ավելի թանկ նստում կամ էժան: Բայց, բացի որակից, պետք է հաշվի առնել, որ երկրորդ տարբերակի դեպքում աշխատատեղեր են ստեղծվում, մեր միտքն է զարգանում, գիտությունը. «Դա է մեր ապագան: Ես շատ բան գիտեմ, բայց ուզում եմ մեր միությունը, դրական էներգիան պահենք, չկորի: Եթե այս էներգիան պահենք՝ շատ բան կարող ենք փոխել: Իսկ եթե մենք հիմա սրան-նրան բան ասենք, նախ էս ժամանակ չի կարելի դա անել, հետո՝ դրանից օգուտ չկա»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930