Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չորսօրյա պատերազմի ընթացքում միջազգային մամուլն ավելի շատ հղում է կատարել հայկական կողմին

Ապրիլ 08,2016 14:09

Մեդիա փորձագետները կարծում են, որ հայաստանյան լրատվական դաշտի հիմնական խաղացողներն, այսպես կոչված չորսօրյա պատերազմի ընթացքում աշխատեցին բարձր մակարդակով ու միևնույն ժամանակ՝ նրանց հնարավոր չեղավ ճնշել և ուղղորդել:

«Մեդիա կենտրոնում» «Միջազգային և տեղական մամուլի լուսաբանումը ԼՂՀ հակամարտության գոտում» թեմայով քննարկման ընթացքում «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը մտահոգություն հայտնեց, որ այս օրերին գրանցվեցին նաև ապատեղեկատվության բազում հոսքեր. «Ապատեղեկատվությունը երկու տարբեր խմբերի բաժանենք. Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ ու ստահոդ լուրեր, մյուս խմբում պայմանական ասած` պղտոր ջրում ձուկ որսացող կայքերն ու ԶԼՄ-ներն են, որոնց մի մասն ունի ակնհայտորեն հայկական ծագում: Ստեղծված իրավիճակն այդ մարդիկ փորձում են օգտագործել իրենց շահերի համար: Մարդկանց մի մասը չիմանալով, որ դրանք ծուղակ են, հաճախ տարածում են սոցիալական ցանցերում»:

Դավիթ Ալավերդյանը որպես դրական միտում նշեց, որ հասարակությունը բավականին ագրեսիվ սկսեց արձագանքել դրանց, քանի որ հենց առաջին օրը ամոթի ցուցակ հրապարակվեց այն կայքերի, որտեղից խորհուրդ էր տրվում ինֆորմացիա չվերցնել ու տարածել:

Հարցին` չորսօրյա պատերազմի առաջին օրը` ապրիլի 2-ին ինչո՞ւ միայն հայկական կողմից էր մեդիահոսքը գնում, իսկ ադրբեջանականը լռում էր, մեդիա փորձագետ Միքայել Յալանուզյանը պատասխանեց. «Մենք վստահաբար չենք կարող ասել, թե ինչ նպատակով էր դա արվում: Այստեղ կա մի կարևոր հանգամանք, որ այս օրերին երկու-երեք անգամ Ադրբեջանը փոխեց իր քարոզչական մեդիահոսքերի ուղղությունը: Եթե սկզբում նրանք հայտարարում էին, թե այո, մենք ենք նախաձեռնել ռազմական գործողությունները, հետո փոխվեց, կամ եթե սկզբում ագրեսիվ հռետորաբանություն էին կիրառում՝ երկրորդ փուլում նվազեց»:

Դավիթ Ալավերդյանը ադրբեջանական լռության մասին ասաց. «Այդ պահվածքը կարող եմ բացատրել այն հանգամանքով, իրենք սպասում էին, տեսնեն, թե իրենց ռազմական արշավն ինչով կավարտվի: Չեմ բացառում, որ այդ օրը նրանք չունեին մտածված տեղեկատվական ռազմավարություն: Իսկ ապրիլի 3-ի երկրորդ կեսից սկսած ապատեղեկատվության իրենց ամբողջ զինանոցը միացրին, ներառյալ միջազգային մամուլում պատվիրված հոդվածները` ներկայացնելով քարոզչական ոգով գրված տեղեկատվությունը նաև ռուսաստանյան ԶԼՄ-ներով: Այդ օրերին մենք տեսնում էինք միանման տեքստեր: Ադրբեջանը նաև հատուկ աշխատանք է կատարում այն լրագրողների հետ, որոնք գնում են իրենց մոտ հակամարտությունը լուսաբանելու: Արդեն տեղյակ ենք, որ երկրից արտաքսվել է «Լայֆնյուզի» նկարահանող խումբը, որին փորձում էին պարտադրել, որ լուսաբանեն այն կերպ, ինչպես Ադրբեջանի իշխանություններն են ցանկանում: Չեմ բացառում, որ նույնը կարող է տեղի ունենալ մյուսների հետ, սակայն նրանց զգալի մասը, չեմ բացառում, որ կհամաձայնեն իշխանությունների հետ: Բայց մենք նման բան չենք անում. հարյուրավոր լրագրողներ են գտնվում Արցախում աշխարհի տարբեր երկրներից, բայց նրանց աշխատանքը որևէ կերպ չի ուղղորդվում»:

Դառնալով միջազգային մամուլի հրապարակումներին` Միքայել Յալանուզյանը նկատեց, թե, ընդհանուր առմամբ, այդ լուսաբանումները հօգուտ մեզ էին. «Կարևոր եմ համարում այն, որ միջազգային լրագրողներն ավելի շատ էին հղում կատարում ԼՂՀ տարբեր պաշտոնատար անձանց, նրանց հայտնած տեղեկություններին»:

Հարցին` արդյոք հայաստանյան լրատվադաշտում ապատեղեկատվություն տարածող կայքերին պատասխանատվության ենթարկելու օրենսդրական մեխանիզմներ կա՞ն, պարոն Ալավերդյանը պատասխանեց. «Ապատեղեկատվության տարածման համար ՀՀ օրենսդրությամբ որևէ վարչական կամ քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Նախ` դրա համար պետք է լինի տուժող կողմ, ինչ-որ մեկը, որ դատի տա այդ ԶԼՄ-ին օրինակ` գործարար համբավը արատավորելու կամ վիրավորելու համար: Ո՞վ պետք է դա լինի: Ուստի տվյալ դեպքում հասարակական քննադատությունը շատ ավելի կարևոր է, քան որ ինչ-որ մեկը դատի տա, մանավանդ գիտենք, թե ինչպես է գործում մեր դատական համակարգը: Ի վերջո, այդ կայքը կարող է հաջողացնել այդ ընթացքում փակվել հետո նորից բացվել…»:

Իսկ լրատվամիջոցների գործունեության ուղղորդման, կամ սահմանափակումների մասին պարոն Ալավերդյանը նշեց հետևյալը. «Եթե երկիրը գտնվում է ռազմական կամ արտակարգ դրությունում, ապա օրենքը թույլ է տալիս ժամանակավորապես սահմանափակել թե՛ լրատվությունը, թե՛ որոշ լրատվամիջոցների գործունեությունը: Բայց ՀՀ-ում ոչ ռազմական, ոչ էլ արտակարգ դրություն հայտարարված չէ»:

Պարոն Ալավերդյանը քննարկման ավարտին մտահոգություն հայտնեց, թե մեր լրագրողների բացարձակ մեծամասնությունը չի կարող որակվել ռազմական թղթակիցներ` դատելով նրանց հանդերձանքից ու գործողություններից: Դավիթ Ալավերդյանը մտավախություն հայտնեց, նրանք կարող են վնասվել: Ուստի ոլորտում գործող կազմակերպություններին խնդրեց հատուկ դասընթացներ կազմակերպել թեժ կետերից լուսաբանող լրագրողների համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930