Այս օրերին աշխարհասփյուռ հայությունը, Հայաստանի տարբեր համայնքները, հասարակական կազմակերպություններն ու անհատները մեկ բռունցք դարձած թիկունքից սատարում են սահմանում կանգնած հայ զինվորին: Ստեփանակերտ ուղարկվող առաջին անհրաժեշտության իրերն այնուհետև տեղաբաշխվում են ըստ անհրաժեշտության:
Արարատի մարզի տարբեր համայնքների համայնքապետարանների, դպրոցների, մանկապարտեզների, կազմակերպությունների ու անհատների կողմից սահմանը պահող հայ զինվորին ու Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնության համակարգումն իրականացնում է Արարատի մարզպետարանը:
Զինվորի կողքին կանգնելու և աջակցելու անխախտ համոզմամբ արդեն երկրորդ օրը շարունակվող ծանրոցների հավաքագրումը դեռևս ընթացքի մէջ է, իսկ որոշ համայնքներ էլ դրանք Ստեփանակերտ են ուղարկել օրեր առաջ:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը անձամբ հետևում է ծանրոցների հավաքագրման գործընթացին: Մարզի ղեկավարը շեշտել է , որ այս կերպ նաև զինվորի կողքին կանգնելու նախաձեռնությունը խրախուսելի է ու մարտական ոգին բարձրացնող.
– Ամեն պահ մենք պետք է լինենք զինվորի կողքին կանգնած: Առաջնագծում կանգնած զինվորը պետք է համոզված լինի, որ նյութապես և հոգեպես ամուր կանգնած է հայոց հողի վրա: Հույս ունեմ, որ շուտով կհաստատվի խաղաղություն՝ ի շահ հայ զինվորի ու հայ ծնողի:
Արարատի մարզպետարան