Թող ինձ ների մեծն Խորենացին, պարզվում է, մենք սակավ չենք, մեր ոգին ավելին է, քան մեր թշնամիների բազմաքանակությունը:
Մենք հավերժական ազգ ենք, եւ կռվի մեջ մեր զինվորը զինվոր է, ոչ թե մարդասպան…
Իմ սիրելի զինվոր, որ կռվի մեջ անգամ դարձյալ քաղաքակիրթ ես մնում, քո պապ Հովհաննես Թումանյանը քո թշնամուն հուշում էր, որ մարդ դառնա…
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամփան:
Այնինչ այդ թշնամին շարունակեց մնալ մարդասպան:
Երբ ժամանակին մոնղոլական բանակի ետեւից ոչխար արածեցնելով խուռներամ դանդաղ սկսեցին շարժվել դեպի Մերձավոր Արեւելք՝ ուտելով մոնղոլների թողած թերմացքը, որպես ցեղ՝ նույնիսկ անուն չունեին: Իրարից տարբերվում էին իրենց արածեցրած ոչխարների գույներով՝ ակկոյունլու եւ կարակոյունլու, այսինքն թե՝ ճերմակ ոչխարներ եւ սեւ ոչխարներ:
Բայց սիբիրների խորքերից բերած իրենց քոչվորական հիշողության մեջ պահպանել էին մոնղոլական մի նսեմ սովորույթ. կռվի ժամանակ ոչ թե զինվոր լինել, այլ մարդասպան:
Իրենք հիշում էին, թե ինչպես Բաթու խանը, Եվրոպայի կեսը գրավելով, երկու հարյուր ծանր բեռնված ուղտերի մի քարավան ուղարկեց Ղարաղորում՝ մեծ Խաքանին նվեր, եւ բեռ-նվերը սպանված մարդկանց ականջներն էին…
Կարդացեք նաև
Այնինչ աշխարհը վաղուց փոխվել է: Չնայած վեց հարյուր տարուց ավելի քաղաքակիրթ մարդկությունը թուրքերին ու թուրքանմաններին հարց է տալիս, բայց ոչ մի պատասխան չի ստանում, եւ այդ անպատասխանությունը մինչ օրս հանդուրժվում է:
Ասելիքս այն չէ, որ մենք էլ պետք է թուրքի ականջը կտրենք, այլ աշխարհը պետք է թուրքի ականջը բռնի եւ կտրի նրա վայրագության ճանապարհը:
Հանուն Մարդու եւ Մարդկության:
Չնայած մենք միայնակ ազգ ենք աշխարհքումս, սակայն Աստծո ընտրյալ ազգ ենք:
– Մեղք ես դու, ի՛մ թշնամի, մեղք են քո զավակները: Դու՝ անհայրենիք ցեղ, զգույշ եղիր հավերժական հայրենիքի տերերից…
Եվ ընդհանրապես, զգո՛ւյշ եղիր հայ զինվորից, ով անհաղթ է, որովհետեւ նա նույնիսկ զոհված ժամանակ է վախեցնում քեզ, եւ դու այդ վախից ես այլակերպում նրա սրբազան մարմինը:
Եվ հիշիր ընդմիշտ, որ զինվորը մարդասպանը չէ: Զինվորը հայրենիքի տերն է:
Դու չգիտես, իմ թշնամի, թե ինչ ես անում եւ ինչ արեցիր, դու մի ամբողջ ազգ դարձրիր Զինվոր…
Եվ ես հիմա խոնարհվում եմ իմ Ազգ-Զինվորի ոտքը պագնելու…
Ոտքդ պագնեմ, Զինվոր ջան:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.04.2016