Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ւր են «C-300»-ը, «Իսկանդեր M»-ը, «Սմերչը»

Ապրիլ 08,2016 16:00

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝
1980-ականների զենքի եւ ԼՂՀ ճանաչման մասին

-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Անվտանգության խորհրդի նիստում հանձնարարեց նախապատրաստել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմական փոխհամագործակցության համաձայնագիրը, ավելին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ նախագահն ասաց, որ եթե զարգացումները շարունակվեն, ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը: Եթե մի կողմ թողնենք զգացմունքային եւ հայրենասիրական պոռթկումները, դա նաեւ նշանակում է պատերազմի մեջ մտնել: Ձեր ղեկավարած կուսակցությունը, սակայն, իր հայտարարությամբ բազմաքայլ կոմբինացիա էր առաջարկել այդ հարցի վերաբերյալ: Ի՞նչ մտահոգություններ եւ մտավախություններ էիք նկատի առել:

– Մենք տարիներ շարունակ ասում ենք` որպեսզի մենք այդպիսի քայլ կատարենք` ճանաչենք ԼՂՀ-ն, աշխարհը պետք է պատրաստ լինի դա ընկալելու: Պետություններին, միջազգային հանրությանը պետք է պատրաստենք: Միայն ռազմական գործողությունների արդյունքը բավարար չէ, որպեսզի նրանք հասկանան, թե ինչու ենք այդ քայլին դիմում: Հետեւաբար նախ պետք է համապատասխան դիվանագիտական նոտա հղել ՄԱԿ-ի անդամ երկրներին, որում իրավական փաստերով հագեցած եւ մանրամասն կներկայացվի ԼՂՀ-ի կազմավորման օրինականությունը: Պետք է ամբողջությամբ ներկայացվի, թե ինչից ծնվեց այս կոնֆլիկտ կոչված հիմնահարցը եւ ինչպիսի զարգացում ունեցավ իրավական դաշտում: Սա անելուց հետո միայն՝ հիմնվելով նաեւ այս վերջին ագրեսիայի, Ադրբեջանի լկտի պահվածքի վրա, իրավունք ենք ստանում ասելու, որ մենք նաեւ պարտադրված ենք ճանաչել ԼՂՀ-ի փաստացի 25 տարի գոյություն ունեցող կարգավիճակը, այլապես չենք կարող բանակցային գործընթացը շարունակել:

Ես ուզում եմ հիշեցնել, որ վերջին տարիներին Ադրբեջանն այնքան լկտիացավ, որ եթե նախկինում խոսում էր յոթ տարածքների «օկուպացիայի» մասին, այժմ ասում է` ԼՂՀ-ն էլ է «օկուպացվել»: Ավելին՝ Թուրքիան է այնքան լկտիացել, որ վարչապետի եւ ԱԳ նախարարի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից հայտարարվում է, որ իրենք ամեն գնով պետք է աջակցեն Ադրբեջանին` «օկուպացված» տարածքներն ազատագրելու, քանի որ դրանք իրենց համար «սուրբ հողեր» են: Հայկական կողմը լռեց, որեւէ բողոքի նոտա չարտահայտեց, որեւէ միջազգային ատյանի չդիմեց` ասելով, որ ջիհադ են հայտարարում հայերին: Այս ամենն էլ պիտի փաստաթղթավորենք: Իրենք երեկ չկատարեցին իրենց խոստումը, այսօր կատարեցին: Չի բացառվում, որ վաղն էլ կատարեն, եթե մենք համակերպվենք դրա հետ: Ես ողջունում եմ նախագահի հայտարարությունը` փոխօգնության համաձայնագրի մասով, բայց դրան հասնելու համար քայլեր են պետք:
ՀՀ ԱԺ-ի կողմից ԼՂՀ կազմավորման լեգիտիմության ճանաչումը, իմիջիայլոց, բանակցային գործընթացում ոչինչ չի փոխում: Ավելին՝ դրանով ԼՂՀ-ին դարձնում ենք բանակցային գործընթացի կողմ: Եվ աշխարհին ոչ միայն հայտարարություն ենք ներկայացնում, այլեւ իրավական փաստարկներ: Ու չեմ հասկանում, թե ինչո՞ւ է մեր դիվանագիտությունն ամեն անգամ կրավորական կեցվածք ընդունում:

– Ադրբեջանի կողմից սանձազերծված չորսօրյա պատերազմից հետո պաշտոնական Երեւանը պնդում է, որ ԼՂՀ-ն վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Տեսնո՞ւմ եք իրական հնարավորություններ` ԼՂՀ-ին բանակցությունների սեղանին վերադարձնելու համար:

– Եթե միայն պնդենք` ոչնչով չհիմնավորելով, չի ստացվի: Ամեն քայլ հիմնավորման կարիք ունի: Այլ հարց է, եթե այս կամ այն երկիրը չընդունի ձեր ասածը: Միեւնույն է՝ ստիպված է լինելու հաշվի նստել այդ կարծիքի հետ, գոնե ի գիտություն ընդունել:

– «Այո՛, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում…»,- Գերմանիայի կանցլերի հետ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մտահոգիչ չէ՞: Չէ՞ որ հայկական կողմը մշտապես պնդում էր, որ մենք էլ ենք ժամանակակից զինտեխնիկա ստանում ՌԴ-ից: Նաեւ` կառավարական տարբեր մասնաշենքերի վերանորոգման, ծառայողական շքեղ մեքենաների եւ այլնի համար գումարներ կան, բայց մեր բանակն 80-ականների զենքո՞վ է կռվում:

– Սա առանձին եւ լուրջ խոսակցության թեմա է: Միաժամանակ գտնում եմ, որ պարզապես ավելի պատկերավոր ասվեց: Հակառակ դեպքում, այո, ինչպե՞ս հասկանանք, որ ՌԴ-ն մեզ մեծ քանակությամբ զենք եւ զրահ է տվել, որն, իրենց պնդմամբ, ժամանակակից եւ, այսպես ասած, պարիտետը պահպանող է: Եթե վերցրել ենք 80-ականների զենքը… կներեք` ո՞ւմ եք ասում: Ես զարմացած եմ: Բայց միգուցե դա ասվեց հենց նրա համար, որ առանց զենքի՞ էլ կհաղթենք:

Իհարկե, կա հնացած զենք, բայց ունենք նաեւ այնպիսի զենքեր, ինչպես «C-300»-ը, «Իսկանդեր M»-ը, «Սմերչը» եւ այլն: Այլ հարց է, թե զինվորի ձեռքին ի՞նչ զենք է:
Ու ոչ միայն վերանորոգումների մասին պետք է խոսենք: Մենք բազմիցս ասել ենք՝ այն բազմաթիվ վարկերը, որոնք վերցվել են, պետք է օգնեին մեր բանակին, ոչ թե անիմաստ պարտքի տակ ընկնեինք: Եթե մեր ներքին խնդիրները` տնտեսական զարգացման առումով, լուծված լինեին, մենք անհամեմատ ավելի լավ վիճակում կլինեինք: Ես հիմա չեմ ցանկանում չակերտները բացել ու խոսել այն մասին, թե ռեսուրսային առումով ինչ կլիներ, եթե չկասեցվեին պատերազմական գործողությունները: Օրը եւ տեղը չէ: Բայց այն, որ այս չորս օրվա պատերազմից մենք պարտավոր ենք լրջագույն հետեւություններ անել` մեր ներքին խնդիրների կարգավորման ուղղությամբ, կասկած չկա: Այլապես նմանատիպ խնդիրներից չենք ապահովագրվի:

 
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

«Առավոտ» օրաթերթ
08.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930