Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան առաջին պատերազմից վերադարձավ, 2-րդ անգամ չվերադարձավ, օգնեց, որ երիտասարդ զինվորները վերադառնան

Ապրիլ 08,2016 15:30

Սարգիս Խալաֆյանը զոհվեց Թալիշի բարձունքում

Չորս տարի տեւած Արցախյան պատերազմից ազատամարտիկ Սարգիս Խալաֆյանը վերադարձավ, սակայն չվերադարձավ 4-օրյա պատերազմից: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, հակառակորդի հարձակման լուրը լսելով, Սարգիս Խալաֆյանը նույն օրն առավոտյան կրկին կամավոր մեկնել է մարտի դաշտ եւ անմիջապես կանգնել երիտասարդ զինվորների կողքին՝ առաջնագծում: Լավ իմանալով հակառակորդի մարտավարությունը, ինչպես ազատամարտիկի ընկերներն են պատմում, նա զինվորներին բաժին ընկած ծանրության մի մասն իր վրա է վերցրել: Հենց այդ հենակետում էլ, որտեղ տեղակայվել են Թալիշի դիրքերը հետ գրավելուց հետո, Սարգիսը հակառակորդի ականանետի ականի պայթյունից զոհվել է՝ իրենով պաշտպանելով քիչ այն կողմ գտնվող զինվորների կյանքը:
Երեկ Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցում ազատամարտիկի հոգեհանգստի արարողությունն էր: Նրան հրաժեշտ տալու էին եկել հարազատները, մարտական ընկերներն ու հարյուրավոր քաղաքացիներ՝ ծանոթ-անծանոթ:

Sargis_Xalafyan_1
«Քաջարի զինվոր, ընտանիքի լավ հայր, լավ ընկեր»,- արցունքն աչքերին իրենց մարտական ընկերոջ մասին ասում էին Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկները՝ 20 տարի անց էլ վերապրելով անցյալը:
Այսօր արդեն Սարգիսի որդին է ծառայում հայոց բանակում՝ Վայքում: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց «Արծիվ-24» գումարտակի հրամանատար, գնդապետ Սամվել Հովսեփյանը, որն Արցախյան առաջին պատերազմում Սարգիսի հրամանատարն է եղել, հայրը ոչ թե մնաց որդու կողքին, այլ ուղիղ մեկնեց Լեռնային Ղարաբաղ, ռազմի դաշտ՝ քաջ գիտակցելով, որ առաջին հերթին նրանց է օգնություն, թեւ ու թիկունք անհրաժեշտ: Հրամանատարը գտնում է, որ իրենց փորձը առաջնագծի տղաներին փոխանցելը շատ կարեւոր է:

«Հայ ժողովրդի հոգին հաղթեց: Հերոս երեխաներ ունենք: Անկախ նրանից, որքան էլ վերազինված լինենք, միեւնույն է՝ հաղթողը ոգին է: Նա, ով կյանքը դնում է հայրենիքի համար, հաղթում է, իսկ նա, ով կռվելու համար է կռվում, երբեք չի հաղթի»,- ասաց հրամանատար Հովսեփյանը՝ վստահեցնելով, որ «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպությունը 577 կամավորականների ցուցակ է ներկայացրել պաշտպանության նախարարություն եւ սպասում է նախարար Սեյրան Օհանյանի հրահանգին: Ըստ նրա՝ եւս 600 ազատամարտիկ էլ սպասում են պատասխանի: Սամվել Հովսեփյանը նաեւ ասաց, որ այս օրերին Հայաստան են վերադարձել իրենց բազմաթիվ մարտական ընկերները. «Պատերազմի լուրը լսելուն պես՝ մեր մարտական ընկերները եկան Վրաստանից, Աբխազիայից, Գերմանիայից: Չեք պատկերացնի՝ ինչքան մարդ է եկել»:
Համեմատելով Արցախյան առաջին եւ վերջին պատերազմները՝ հրամանատար Հովսեփյանն ասաց, որ այս անգամ մարտավարությունը միանգամայն փոխվել էր. «Պատերազմն ավելի շատ նեղ մասնագիտական է դարձել: Շատ կարեւոր են հրետանին, հրթիռահրետանային, հակաօդային համակարգերը, ավիացիան, իսկ հայ զինվորն իր գործը կանի, նրանք բավականին լավ են պատրաստված»:

Sargis_Xalafyan_3
Այդուհանդեձ, գնդապետ Հովսեփյանը կարծում է, որ այս մի քանի օրվա պատերազմից հետո բավականին շատ անելիքներ ունենք, որպեսզի էլ ավելի բարձրացնենք մեր բանակի մարտունակությունը: Նրա խոսքերով՝ հերոսներն էլ պետք է այսուհետ ըստ արժանվույն գնահատվեն:

Ի դեպ, Սարգիս Խալաֆյանը բազմազավակ հայր է, սակայն 4 երեխա եւ բանակում որդի ունեցող ազատամարտիկի ընտանիքը բնակվում է սոցիալապես ծանր պայմաններում՝ վարձով:

Հարազատները ցավով են նշում, որ մեր հերոսները նման վերաբերմունքի ու ապրուստի են արժանանում:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930