Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն իր համար «Վիրտուալ Կարաբախ» է ստեղծել (Տեսանյութ)

Ապրիլ 08,2016 12:48

«Ադրբեջանի ներսում իրականացվող քարոզչությունն ակտիվ ներկայացնում է, թե իրենք հաղթանակ են տարել: Այս ամենը ներկայացվում է որպես «երկրորդ» Ղարաբաղյան պատերազմ, որն Ադրբեջանն արդեն «հաղթել» է: Մի շարք բնակավայրերում անգամ տոնակատարություններ են»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` խոսելով այս օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող քարոզչության մասին:

Նա փաստեց, որ ադրբեջանական մամուլն ապատեղեկատվություն է տարածում, թե վերջին օրերին Ադրբեջանի բանակը կարողացել է մի շարք բնակավայրեր գրավել. «Իրենք նման փորձ ունեն. մի շարք գյուղեր «պոստմոդեռնիստական» ոճով վերջին երկու տարում «ազատագրել» են: Անգամ լրագրողներին տանում են իրենց որոշ բնակավայրեր ու ասում, թե «ազատագրված տարածքներ» են: Անգամ մի կայք ունեն` «Վիրտուալ Կարաբախ»-ը, որում ներկայացվում են այն բնակավայրեր, որոնք իրենց կողմից իբր վերահսկվում են»:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ադրբեջանական մամուլում կեղծ տեղեկություններ են շրջանառվում, թե հայկական կողմին մեծ կորուստներ են հասցվել, թե ոչնչացվել է գրեթե ողջ հրամանատարական կազմը. «Այսինքն, փորձում են իրենց ներսում «էյֆորիայի» վիճակը պահել` օգտվելով նրանից, որ մամուլն ամբողջությամբ վերահսկվում է, ժողովուրդն էլ արտասահմանյան լրատվամիջոցներից չի օգտվում: Ֆաշիստական քարոզչություն է անցկացվում: Երիտասարդությանը հանում են փողոց, որոնք էլ պատերազմ են պահանջում: Քաղաքակիրթ աշխարհում դժվար թե մի տեղ գտնեք, որտեղ պատերազմ են պահանջում»:

Փորձագետի բնորոշմամբ` «էյֆորիայի» մեջ գտնվող ադրբեջանցիներին դժվար է հակազդել. «Երկար ժամանակ այս վիճակը նրանց մոտ կպահպանվի: Այդ վիճակից դուրս գալը բարդ է, հո անընդհատ չե՞ն կարող նոր «գրավված» գյուղեր հորինել: Ինչ-որ պահից նրանց ինքնագրգռվածությունը ոչ մի փաստերով չի բավարարվելու: Սա ներսից էլ Ադրբեջանի համար խնդիրներ է առաջացնելու»:

Բանախոսը հիշեցրեց, որ նախահարձակ լինելուց 2 ամիս առաջ Ադրբեջանի մարզերում խռովություններ էին սկսվել, մարդիկ դժգոհում էին տնտեսական իրավիճակից: Դրան հավելվում է Ալիեւի ընտանիքի շուրջ ստեղծված օֆշորային սկանդալը, այդ պատճառով էլ Ադրբեջանը չհայտարարված պատերազմի միջոցով փորձեց շեղել սեփական եւ միջազգային հանրության ուշադրությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930