Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդակագործ. «Լոպազ-լոպազ խոսում ենք: Իսկ ո՞ւր էր մեր հետախուզությունը»

Ապրիլ 08,2016 12:32

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Քաղաքակրթությունների երկխոսություն ազգային կենտրոն ՀԿ ղեկավար Արամ Սարգսյանի կարծիքով, եթե Հայաստանը չճանաչի ԼՂՀ անկախությունը Ադրբեջանից, մենք չենք կարող բանակցություններում հաջողության հասնել:

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Սարգսյանը վստահեցրեց, թե անհրաժեշտ է նոր սկզբունքներ ձևավորել`մի կողմ դնելով մադրիդյան սկզբունքները. «Անհրաժեշտ է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: Այս հարցը պետք է ի վերջո դուրս գա այս անհասկանալի Մինսկի խմբի փակուղուց: Եղել է ագրեսիա, պայմանավորվածությունների խախտում, բանակցային գործընթացը խաթարվել է, ուստի անհրաժեշտ են նոր պայմաններ»:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հավաստմամբ`տեղի է ունենում բեկումնային անցում բոլորովին նոր տիպի միջազգային հարաբերություններում. «21-րդ դարում տեղի է ունենում միջազգային իրավունքի աղաղակող խախտում ավելի կանոնակարգված, քան 1915 թվականին, և հանդես է գալիս մի ուժ, որը վտանգ է ներկայացնում ոչ միայն ՀՀ-ին և տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին»:

Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը խոսեց մեր թույլ տված սխալներից. «Լիարժեք չենք աշխատում միջազգային հանրության հետ: Մեզ մոտ ընդունված է այն տեսակետը, որ առաջին դեմքերը, ԱԳ նախարարներն իրար հետ ինչ պայմանավորվեն, դա բավարար է, մնացածը թող չխառնվեն: Ըստ այդ մոտեցման`հանրային դիվանագիտությունը միայն խանգարում է»:

Որպես համեմատություն` տիկին Դանիելյանը նշեց, թե ինչպես են աշխատում Թուրքիան ու Ադրբեջանը գրեթե բոլոր հնարավոր մակարդակներում. օրինակ` որպեսզի ՄԱԿ-ում կանխեն հայկական ՀԿ-ի առաջխաղացումը, դեսպան են հատուկ գործուղել Նյու-Յորք: Ի տարբերություն նրանց` տիկին Դանիելյանը նշեց, թե ՄԱԿ-ի միջոցառումներին մեր պատվիրակությունները գնում են, բայց լիարժեք չեն մասնակցում. «Այնպես որ, պետք չէ ասել, թե միջազգային հանրությունը սխալ է, այլ ընդունել, որ շատ բան մեր սխալ աշխատանքի արդյունքում է լինում»:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը դժգոհություն հայտնեց, թե հաճախ մենք «լոպազ-լոպազ» խոսում ենք ու նշեց. «Ի՞նչ տարբերություն` անգլիակա՞ն, թե՞ ռուսական զենք է, երբ տգետն է հարձակվում մեզ վրա: Աշխարհում կա մի հաստատված բան. տգետին վախն է բերում հարգանք: Մենք միշտ բարձրաձայն ասում ենք` հաղթեցինք, հետ շպրտեցինք. ինձ չի հետաքրքրում ինչքան զոհ են նրանք տվել, այլ թե ինչքան ենք մենք զոհ տվել: Եկել կուտակվել են ու հետո հարձակվել, ո՞ւր էր մեր հետախուզությունը: Նստել միջազգային հարաբերություններն ենք քննարկում, բայց մենք ի՞նչ ենք. երեխաները հենց առաջին գիշերն են զոհվել միամիտ քնած: Մեծ-մեծ խոսում ենք, Բաքու հասնում: Շնորհակալ լինենք ռուսական կայսրին, որ միջամտեց: Խոնարհվենք մեր ժողովրդի առաջ»:

Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը շեշտեց, որ պետք է ճանաչել Արցախի անկախությունը: Այնուհետև հիշեցրեց, որ 2015-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնչեցրել էր այն փաստը, որ Ադրբեջանի տարածքն օգտագործվել է Չեչնիայում ռազմական գործողություններին պատրաստվելու համար. «Փաստորեն, ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանն օգտագործվել է որպես մի տարածք, որտեղով լուծվել են բազում աշխարհաքաղաքական խնդիրներ` ահաբեկիչների միջոցով: Այսօր Ադրբեջանը կապ ունի ահաբեկչական կազմակերպությունների հետ: Ուստի մեր ԱԳՆ-ն պետք է պահանջի աշխարհի տարբեր երկրներից դատապարտել Թուրքիային և Ադրբեջանին, իսկ մենք փորձենք վերանայել ռազմական հարաբերությունները Ռուսաստանի հետ` հօգուտ մեզ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան Տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Հրադադարի իսկական նշանակությունը․ադրբեջանի կողմից ժամանակ շահելն է նոր ուժեր ու զենքեր բերելու համար;Պատրաստ եղեք․ որ չխաբվեք

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930