Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաղթանակի գուսանը շարունակում է բարձր պահել պայքարի ոգին

Ապրիլ 08,2016 14:00

Հայ երգարվեստում ծավալուն բաժին են կազմում 1860-ականներից ստեղծված մարտաշունչ, հայրենասիրական երգերը, որոնք իսկապես մեծ դերակատարում են ունեցել եւ ունեն մեր ժողովրդի ազգային գիտակցության ձեւավորման գործում: Նոր ժամանակներում ֆիդայական շարժումից, Արցախյան պատերազմից, վերջին օրերին էլ մեր սահմանին թշնամու կողմից պատերազմական գործողություններն աշխարհին ցույց տվեցին հայ ժողովրդի համախմբվածությունը, միասնությունը: Այստեղ անկասկած իրենց դերակատարումն ունեն հայրենասիրական երգերը, որոնցով «ողողված» է մերօրյա գուսան Հայկազունի երգապնակը: Եթե ոչ բոլորը (շուրջ 100 երգ), ապա գուսանի երգերի մեծ մասը, այդ թվում՝ «Հայեր, միացեք», «Գետաշեն», «Հպարտ գնացեք», «Պիտի գնանք վաղ թե ուշ», հայտնի են ոչ միայն մեզ, այլեւ աշխարհասփյուռ հայությանը:

Գուսան Հայկազունը Արտաշատի երկրապահ ջոկատում մասնակցել է Արցախյան պատերազմին, մարտական գործողությունները սկսել է Երասխ գյուղից, ապա Գետաշեն, Կապան, Գորիս, Բերդաձոր:

«Առավոտի» հետ զրույցում գուսանը հիշեց 1990թ., երբ 20-25 զինված տղաներից բաղկացած կամավորական ջոկատը ժամանել էր Երեւան՝ Գետաշեն մեկնելու եւ այն պաշտպանելու նպատակով: «Հրամանատարը Լաերտ Սաղաթելյանն էր: Ինձ տեսնելուն պես նա արգելեց մեկնել, ասելով՝ մի պատահական գնդակ քեզ որ կպնի, ի՞նչ ենք անելու: Ես փորձեցի թաքուն ինքնաթիռ մտնել, սակայն հրամանատարը նկատեց ու հորդորեց՝ դե հիմա իջիր, ես քեզ չասացի՞, որ չես մեկնելու, էս ո՞ւր ես թռչում, ավելի լավ է մնաս այստեղ ու մի երգ գրես Գետաշենի մասին…»,- պատմեց մեր զրուցակիցը: Մինչ «Գետաշեն» երգը, ֆիդայական շարժման առաջին օրերից հայտնի էր գուսանի «Հայեր, միացեք»-ը, որն արդեն 27 տարի ոգեւորում է մեզ ու իր տեղն ունի նաեւ սփյուռքահայ արվեստագետների երգացանկում: Ռեպլիկին՝ տա Աստված, որ «Հայեր, միացեք»-ը կորցնի իր արդիականությունը, գուսան Հայկազունը պատասխանեց. «Տա Աստված, իհարկե՝ այո: Բայց պիտի ասեմ, որ վերջին օրերի՝ հայաստանցիների, արցախցիների, սփյուռքահայերի միասնությունը, ինչը զարմացրել է աշխարհին, արդյունք է նման երգերի: Վերջինների շնորհիվ է, որ մեր ժողովրդի մոտ վերականգնվեց գուցե դարերով կորցրած պետականության զգացողությունը»:

Հետո էլ հիշեցրեց Պապ թագավորին, որը 16-17 տարեկանում բանակ էր առաջնորդում՝ ահուսարսափի մատնելով երկու հսկա տերությունների: «Այսօրվա 16-17 տարեկան մեր պատանիները, էլ չեմ խոսում 13-14 տարեկան երեխաների հայրենասիրական ոգու մասին, իսկապես հերոսներ են: Յուրաքանչյուր զոհ իրականում հասուն տղամարդ է իր գիտակցությամբ…»,- նշեց ստեղծագործողը: Հետո էլ հավելեց. «Ցավոք, ի տարբերություն հզոր պետությունների, որոնք պետականության կորստի վախ չունեն, մեզ վիճակված է անընդհատ պայքարել հայրենիքի պետականությունն ու անկախությունը պահելու համար: Փառք Աստծո, ունենք նման սերունդ, հզոր բանակ… Եվ եթե հզոր կամ գերհզոր պետություններում հայրենասիրական երգերի կարիք կարծես թե այդքան էլ չկա, մեզ մոտ դա պարզապես անհրաժեշտ է: Ավելին, մշակույթի տարբեր ոլորտի մարդիկ պետք է իրենց արվեստով սերնդեսերունդ փոխանցեն մերօրյա առյուծ տղերքի ոգին»:
Հայրենասիրական երգերի վեցհատորյակ հրատարակած գուսանը իր «Հայկազունք» գուսանական խմբով համերգներ է ունեցել ոչ միայն Հայաստանում, Արցախում (այդ թվում՝ նաեւ զորամասերում), այլեւ Ռուսաստանի, Եվրոպայի տարբեր քաղաքներում, Սիրիայում, Լիբանանում եւ այլուր: Այս տարի աշնանն էլ կմեկնեն ԱՄՆ: Իսկ այսօր գուսանն իր խմբով պատրաստվում է ապրիլի 20-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայանալիք համերգին:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930