Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը խոսում խաղաղապահներից

Ապրիլ 08,2016 12:17

«Մենք երբեք դեմ չենք եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, սակայն կարծում եմ, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի»,- գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօր, խորհրդարանական ճեպազրույցներում Aravot.am-ի դիտարկմանը`որքան տեղյակ ենք, 1994-ին, հրադադարի համաձայնագրի ստորագրման ժամանակ հենց հայկական կողմի ջանքերով է, որ հակամարտության գոտում խաղաղապահներ չեն տեղակայվել ու առհասարակ, ԼՂՀ հարցի կարգավորման բանակցային փուլում պաշտոնական Երեւանն այդ հարցի վերաբերյալ երբեք էլ հստակ պատրաստակամություն չի հայտնել, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե միջազգային կառույցները պնդում են խաղաղապահների ներկայությունը, մենք դեմ չենք: Բայց որեւէ մեկ անգամ մենք խնդրանքով հանդես չենք եկել, որպեսզի տեղակայվեն խաղաղապահներ»:

«Ազատություն» ռադիոկայանի ճշտող հարցին ի պատասխան`միջազգային գործընկերները պնդո՞ւմ են, որ խաղաղապահներ տեղակայվեն, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Նման խոսակցություններ կան, առաջարկություններ կան, բայց պնդումներ չկան: Սկսվել են բանակցությունները…»: Թե ո՞ր կողմն է պնդում`ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Մինսկի խումբը, Վահրամ Բաղդասարյանը հստակեցրեց. «Պնդումներ չկան, կան առաջարկություններ`անհրաժեշտության դեպքում կարող են տեղակայվել խաղաղապահ ուժեր: Համենայնդեպս, նման որոշում կայացված չէ: Խոսում ենք չեղած բաների մասին: Մեր հույսը պետք է դնենք մեր վրա, մեր ժողովրդի վրա»:

Խոսելով նոր առաջարկների մասին, ինչի մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դրանք Կազանում ձեռք բերված պայմանավորվածություններն են, որի «շուրջ բռնապետ Ալիեւը համաձայնություն տվեց, ապա չպահեց այն»: Այս իրավիճակում, հայկական կողմը պնդում է`ԼՂՀ-ն պետք է բանակցային լիիրավ կողմ դառնա:

Լայնամասշտաբ պատերազմի հնարավորության մասին էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Մեր թշնամին անկանխատեսելի է, ես որեւէ հրադադարի չեմ հավատում, քանի որ միջազգային կառույցների հետ չկան կոնկրետ համաձայնություններ»: Քանի որ Թուրքիան է Ադրբեջանին սատարում այս գործընթացում, ՀՀԿ-ական պատգամավորը չի բացառում ծավալուն պատերազմական գործողությունները տարածաշրջանում, որոնց մասնակից կլինեն միայն ՌԴ-ի եւ Թուրքիայի ներգրավվածությամբ:

Aravot.am-ի մյուս հարցին`Գերմանիայում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց նաեւ, որ մենք հովանավորներ չունենք. դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը կվերանայի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Բնականաբար, մենք չենք կարող ասել, որ հովանավորներ ունենք եւ այդ հովանավորների կարիքը կարծես թե չենք էլ զգում: Մենք մեր հույսը դնում ենք մեր վրա: Իսկ ՀԱՊԿ-ի հետ կապված որոշ երկրների վերաբերմունքը հեղինակազրկում են նաեւ մեր կառույցի`ՀԱՊԿ-ի հեղինակությունը: Դուք տեսաք այս խնդրի հետ կապված ՀԱՊԿ մի քանի անդամ երկրների վերաբերմունքը եւ բնականաբար, այն սպասելիքները, որոնք մենք ունեինք, չիրականացվեցին: Այս պայմաններում մենք չենք կարող նրանց հովանավոր անվանակոչել: Նորից հորդորում ենք ՀԱՊԿ անդամ երկրներին`եթե կա կառույց, այն միասնական պետք է լինի: Հակառակ դեպքում, լուրջ վտանգի տակ `այդ կառույցը եւ նրա հեղինակությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930