Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Հայաստանը անդամակցում ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին

Ապրիլ 08,2016 11:58

Ղարաբաղյան պատերազմի վերսկսումից (կամ, ինչպես ասում են 4-օրյա պատերազմից) հետո Հայաստանում բազում հարցերի վերաբերյալ մարդկանց աշխարհընկալումը էականորեն փոխվեց: Արցախի ուղղությամբ հարձակվող ռուսական արտադրության նորագույն տանկերից, հետևակին կենդանի այրող «Սոլնցեպյոկներից» ու Դուբլինյան կոնվենցիայով արգելված «Սմերչերից» հետո մարդիկ սկսեցին բարձրաձայնել մի շարք հարցերի մասին, որոնք նախկինում կարծես թե «տաբուի» տակ էին: Մասնավորապես, խոսքը հայ-ռուսական հարաբերությունների, ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի մասին է:

ԵԱՏՄ-ի վերջին փաստարկը

Վերջին տարիներին արդեն պարզ դարձավ, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումն ավելի շատ տնտեսական վնաս է բերում, քան օգուտ… Թեև, դեռևս 2013 թվականին հայկական կողմը մի քանի անգամ նշել է, որ այդ միությանն անդամակցումը ավելի շուտ ՀՀ անվտանգության համար էր, քան տնտեսության: Սակայն Արցախյան 4-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ն որևէ անվտանգության հարց չի լուծում:

Նախ հիշեցնենք, որ ԵԱՏՄ երկու անդամներ Բելառուսն ու Ղազախստանը բացահայտ հակահայկական դիրքորոշում ունեին այս հարցում ու սատարում էին Բաքվին: Ավելին՝ ՀՀ արտգործնախարարությունն, անգամ, հրավիրեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանին, որպեսզի բացատրություն պահանջի Արցախյան հակամարտության սրացման վերաբերյալ Մինսկի հայտարարության համար: Մինչդեռ Ղազախստանը հայտարարեց, որ պատերազմի պատճառով Հայաստանում ԵԱՏՄ վարչապետների մակարդակով հանդիպումը անցանկանալի է, և ճիշտ կլիներ այն Մոսկվա տեղափոխել՝ որ հանդիպումը չդիտարկվի որպես կոնֆլիկտի կողմերից մեկին սատարում: Այսինքն, սա պարզապես դիվանագիտական քայլ էր՝ ցույց տալու, որ Ղազախստանի վարչապետը Հայաստան ոտք չի դնի այն պահին, երբ ռազմական գործողություններ են ընթանում իր բարեկամ Ադրբեջանի հետ:

ՀԱՊԿ-ի «վերջը»

Ըստ երևույթի, Ղազախստանի վարչապետը մոռացել է, որ իր երկիրը անդամակցում է ՀԱԿՊ-ին և եթե համարում է, որ Հայաստանը ռազմական հակամարտությանի կողմ է, ապա Ղազախստանը պարտավոր է ամեն կերպ սատարել Հայաստանին:

Սակայն, քանի դեռ Հայաստանի դե-յուրե ռազմական դաշնակիցը համարվող Ղազախստանի վարչապետը որոշեց կոնֆլիկտի պատճառով չգալ Երևան, ոչ պակաս տգեղ վարվեց Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարվող Ռուսաստանի վարչապետը:

Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, որոշեց Հայաստան կատարելիք իր երկօրյա այցը կրճատել և երկրորդ օրը Երևանի փոխարեն անցկացնել Բաքվում: Դիվանագիտական էթիկետին էականորեն հակասող այս քայլը բավականին վիրավորական պետք է լիներ ՀՀ իշխանությունների համար՝ անգամ, եթե Ռուսաստանը չհամարվեր Հայաստանի դաշնակիցը:

Բայց այս դեպքում, գործ ունենք ոչ միայն դիվանագիտական անհարգալից վերաբերմունքի, այլ փաստացի դաշնակցի կողմից դավաճանության հետ, քանի որ ակնհայտ է, որ Մեդվեդևը Բաքվի այցի օգտին կրճատում է իր Երևանյան այցը նույն պատճառով, որով Ղազախստանի վարչապետը որոշեց ոտք չդնել Հայաստան, այն է՝ Ադրբեջանին «չնեղացնելը»:

Այլ կերպ ասած, Ռուսաստանի վարչապետը որոշեց, խախտելով դիվանագիտական էթիկետը, իր այցը փոխել այնպես, որ հանկարծ չդիտարկվի որպես որևէ սատարում Հայաստանին… Ինչպե՞ս է Ձեր համար: Մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը անում է ամենը, որ անգամ քաղաքականապես չաջակցի մեզ:

Հ.Գ. Այսքանից հետո միմիայն մի հարց է առաջանում. Ինչու՞ Հայաստանը պետք է շարունակի անդամակցել ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին:

Դանիել Իոաննիսյան, Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930